Գրքեր
Աստված ամենակարող է և լինելու բաները նախապես հայտնում է, ինչո՞ւ իր խոստումը այնքան ժամանակ հապաղեց գործադրել:

«Ինչո՞ւ է Աստված այսպես անում» ասելը պարզապես հանցանք է: Քանի որ Աստված առանց պատճառի բան չի անում: Ս. Գիրքը հետո կատարվելիք բաների մասին նախապես հայտնելով՝ Աստծո կարողությունը, իմաստությունը և խոստումի մեջ հավատարիմ լինելն է հայտնում, որպեսզի մարդիկ Աստծուն հավատալով՝ նրան երախտապարտ լինելը հասկանան և Նրա հրամաններին հնազանդվեն: Քանի որ հզոր լինելով Իր ամեն մի կամեցածը գործի է դնում. իմաստուն և նախագետ լինելով՝ հետագայում կատարվելիք բաները որպես ներկա գիտի և տեսնում է. հավատարիմ լինելով կատարում է խոստումը, սակայն մարդու միտքը Աստծո խորհուրդներին և գաղտնիքներին հասու և գիտակ չլինելով, երբ իր խնդրանքը իսկույն չի գործադրվում, հուսահատությամբ ինքն իրեն տանջում է:

Արդ, դու ժամանակի երկարությանը մի նայիր, այլ գործի աստինճան առ աստիճան առաջ գնալուն ուշադրություն դարձրու, որովհետև այս անգամ խոստացված վայրերը և այնտեղ բնակվող ազգերը անուն առ անուն հիշատակվում են (Ծննդ. 15:18-21): Մանավանդ այս ընթացքում Սարան (համարվում է, թե Աստուց ներշնչված) իր Ագար աղախնին Աբրահամին է տալիս, որպեսզի նրանից զավակ ունենա, սակայն Ագարը հղիանալուն պես հպարտանալով այլևս չցանկացավ հնազանդվել Սարային: Այս ըմբոստությունը Սարային խիստ դժվար և ծանր թվաց, և գանգատի ձևով խնդիրը Աբրահամին հայտնեց՝ դատաստանը Աստծուն թողնելով: Աբրահամը պատասխանում է, թե աղախինը քո ձեռքում է, քեզ ինչ հաճելի է թվում՝ արա:

Հիշյալը սույն լիազորված արտոնությունը ստանալուց հետո սկսեց նեղել Ագարին, որն էլ փախավ Աբրահամի տնից, սակայն Սուր կոչվող վայրի ճանապարհին Աստծո հրեշտակը նրան երևալով հրամայում է, որ ետ դառնա և հնազանդվի իր տիկնոջը, հայտնելով, որ իրենից ծնվող զավակը Իսմայել պիտի կոչվի, որ շատ ուժեղ և վայրագ պիտի լինի ու պիտի աճի և բազմանա: Ագարը Աստծուց շնորհակալ լինելով վերադառնում է Սարայի մոտ և մանուկը ծնվելով՝ Իսմայել անունն է ստանում Աբրահամից, ով այդ ժամանակ ճիշտ ութսունվեց տարեկան էր:

Արդարև այս դիպվածն էլ որպես Աբրահամին տրված Աստծո խոստման առհավատչյան կամ վավերացումը կարելի է դիտարկել, որովհետև Աբրահամը՝ սինագոգի, իսկ Սարան եկեղեցու օրինակը լինելով, նախ Ագարից որդի ծնվեց Աբրահամի համար, ապա՝ Սառայից: Ինչպես որ Աստված նախ Իսրայելին Իր սեփական ժողովուրդը համարեց, հետո՝ քրիստոնյաներին:

Աբրահամի 99 տարեկան լինելու ժամանակ Աստված նորից երևաց նրան, անվան վրա մի տառ ավելացրեց, քանի որ նախկինում Աբրամ էր կոչվում, իսկ հետո Աբրահամ անվանվեց, որը «բազում ազգերի հայր» է նշանակում (Ծննդ. 15:5): Նույնպես Սարայի անվան վրա մի տառ ավելացնելով՝ Սարան փոխվեց Սարրայի, որը «բազում ազգերի մայր» է նշանակում:

Սրանից բացի Աբրահամի ցեղը կռապաշտներից զատելու համար հրաման եղավ, որ Աբրահամը և նրա հպատակներն ու ցեղը թլփատվեն: Այս պատվերը Հիսուսը փոխեց մկրտության, հետևաբար թլփատությունը ընդհատվեց, քանի որ մկրտությունը հոգևոր թլփատություն լինելով՝ մարմնավորը մի կողմ մնաց, ինչպես որ արեգակի ծագելուն պես գիշերային մթությունը փարատվում է (Գործք 15:28): Մինչ այդ Սարան տակավին զավակ չէր ծնել, որի համար էլ Աբրահամին ավետիս է տրվում, որ Սարան զավակ պիտի ունենա, և անունն էլ Իսահակ պիտի դնի, որով էլ Աստծո խոստումը պիտի կատարվի, այլ ոչ թե Իսմայելով (Ծննդ 17:19, Հռոմ. 9:7):

Հիրավի, մարդկային տեսակետով այնպես է թվում, որ Աբրահամին տրված Աստծո խոստումի կատարումը օր օրի ուշանում է, սակայն Աստծո տեսակետով արդեն կատարված էր: Քանի որ մարդու համար անհնար է անփոփոխ մնալ, ուստի Աստծո ողորմությունը մարդու վիճակին համեմատ է շնորհվում նրան, որպեսզի Աստծուն՝ փառք, իսկ մարդուն օգուտ լինի: Ինչպես որ վերը նշվածներից հայտնի դարձավ, որ ինչքան էլ Աբրահամի զավակ ունենալու խոստումը և ավետիսը տրվեց, սակայն ժամանակը հայտնված չէր: Ահա այս անգամ մարդկային կերպարանքով երեք հրեշտակներ նրա վրանը գալով, մանկան ծնվելու ժամանակն էլ հայտնում են (Ծննդ. 15:14), սակայն Սարան իր ծերությանը նայելով և մտքում այդ բանը անկարելի համարելով՝ հանդիմանության է արժանանում: Ճշմարիտ է, որ մարդկայնորեն անհնար էր, սակայն Աստծո համար՝ հնարավոր (Ծննդ. 18:14):

Աբրահամի հյուրասիրությունից պետք է օրինակ վերցնել (Եբր. 13:2), քանի որ հատկապես վրանի դռան մոտ սպասում էր, որ անցորդ ճամփորդներին պատվի, ինչպես որ երեք հրեշտակներին հյուրասիրելով արեց: Թեև հրեշտակները, որպես հոգեղեն էակներ, մարմնական կերակուրի կարիքը չունեն, սակայն մարդկային կերպարանքով երևալու պատճառով, որպես մարդ կերակուր ուտելու կարողությունն է ցույց տալիս վայելչորեն:

 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․