Գրքեր
Ինչո՞ւ է երեք հրեշտակ գալիս Աբրահամի մոտ, մեկը բավական չէ՞ր:

Բավական էր, սակայն ոչ թե միայն Աբրահամի զավակ ունենալը ավետելու եկան, այլ մանավանդ Սոդոմն ու Գոմորը կործանելու և Ղովտին մեծ վտանգից ազատելու համար, այդ պատճառով երեք հրեշտակներ ուղարկվեցին, որոնցից մեկը Աբրահամի մոտ մնաց և նրան զրուցակից եղավ, իսկ երկուսը Սոդոմ քաղաքը գնացին: Աբրահամը երեք հրեշտակներին մասնավորապես հոգևոր իմաստով որպես Սուրբ Երրորդության օրինակ ընդունելով՝ երեքին մեկ անգամ է երկրպագում և որպես մեկ հոգու է դիմում (Ծննդ. 18:3) ինչպես նաև հրեշտակներից միայն մեկն է պատասխանում (Ծննդ. 18:13):

Այս պարագայում Աստված իր ողորմությունն ու արդարությունն է հայտնապես ցույց տալիս, որպեսզի օրինապահ և հնազանդ մարդիկ ուրախանան, իսկ չարագործներն ու պարտազանցները վախենալով ապաշխարեն: Քանի որ, ինչպես օրինակ, Սոդոմ Գոմորի ժողովուրդը՝ որպես անբարիշտ և անօրեն, պատժելու համար հրեշտակ հատկացվեց, նույնպես էլ առաքինի և աստվածավախ Ղովտին ազատելու համար էլ հրեշտակ հատկացվեց: Բացի այդ, Աբրահամի արդարությունն ու հավատարմությունը հայտնի դարձնելու համար, Աստված «իր ծառա» Է անվանում նրան, որպեսզի մարդիկ նրա սիրտը լավ ճանաչելով, հավատարմությամբ ծառայեն Աստծուն և այսպիսով ամեն վտանգից զերծ մնան. քանի որ ինչպես Աբրահամը Աստծուն հավատարիմ էր, նույնպես էլ իր որդիներին պիտի պատվիրեր, որ նրանք նույնպես հավատարմությամբ ծառայեն և հնազանդվեն Աստծուն (Ծննդ. 18:17):

Դու ևս օրինակ վերցրու, ո՛վ ընթերցող, մարդու համար «Աստծո ծառա» կոչվելուց առավել մեծ պատիվ չի լինում (Եսայի 49:6): Շատերը մարմնավոր պատիվ և փառք կորցնելով թշվառ դարձան, սակայն Աստծո հավատարիմ ծառան երկու աշխարհների մեջ պատվի և փառքի արժանացավ: Լավ մտապահիր չար և բարի մարդկանց տարբերությունը, քանի որ Աբրահամի առաքինությունը արևի նման պայծառ երևում է: Իսկ Սոդոմի և Գոմորի ժողովրդի չարությունը և նրանց հանդեպ աղաղակները մեծանալով, խիստ մեծ մեղքերի մեջ անդառնալի կործանված լինելու ցավալի վիճակը հայտնելուց բացի, հրեշտակը հայտնում է նաև, որ չարաչար պիտի պատժվեն, որպեսզի բոլոր մարդկանց համար ուղղության օրինակ լինեն: Այդ ամբարիշտ ժողովուրդը ոչ թե մի փոքր ժամանակ էր չարացել, այլ վաղուց չար լինելով, օր օրի ավելի ու ավելի բազմապատկեցին իրենց անզգամությունը, քանի որ սրանց մեղավորության մասին Ս. Գիրքը նախապես գրել էր և հիշատակել (Ծննդ. 13:13):

Մարդ կա, որ թե՛ Աստծո և թե՛ մարդկանց համար հաճելի է, ինչպես Աբրահամը: Նույնպես մարդ կա, որ թե՛ Աստծո և թե՛ մարդկանց թշնամին է, ինչպես սոդոմացիները: Կան մարդիկ, որոնք Աստծո առջև մեղավոր են, սակայն մարդկանց աչքին արդար են երևում, և կան մարդիկ, որոնք թեև Աստծո աչքին հաճելի են, սակայն մարդիկ նրանց մասին չար են խոսում և բամբասում են: Որովհետև նրանք իրար սրտերը չիմանալով, շատ անգամ բարուն չար են ասում, իսկ չարին՝ բարի: Ուրեմն դու ջանք թափիր, որ թե՛ Աստծո և թե՛ մարդկանց աչքին բարի լինես, և եթե երկուսին էլ միաժամանակ չկարողանաս հաճելի լինել, Աստծուն հաճելի լինելը նախընտրիր և եթե մարդիկ քեզ պարսավեն, հոգ մի՛ արա, միայն թե դու ինքնին բամբասանքների առիթ մի՛ տուր:

Դարձյալ նայիր, որ մի բանի մասին լավ չտեղեկացած՝ վճիռ չարձակես, քանզի Սոդոմացիների մեղքը հայտնի լինելով հանդերձ, Աստված՝ մարդու նման, գործը քննելու երևույթ է ցույց տալիս (Ծննդ. 18:20):

Նայիր, որ Սուրբ գիրքը մեղքը նմանեցնում է աղաղակի և գանգատի, քանի որ արարածները մեղավոր մարդու մասին գանգատվելով, աղաղակ են բարձրացնում առ Աստված: Պետք է իմանալ, որ Աստված նրանց ծառայելու համար հանձնեց մարդուն, որպեսզի մարդն էլ Աստծուն ծառայի, արդ, երբ մարդը մեղանչում է, Աստծո ծառայությունից ետ կանգնելով՝ արարածին իր մեղքի գործիք դարձրած է լինում, ուստի արարածները աղաղակում և բողոքում են, որ կա՛մ մեղավորի ձեռքից ազատի իրենց և կա՛մ նրան իրավացիորեն պատժի: Ինչպես որ Եսայի մարգարեն երկնքին և երկրին հրավեր է կարդում, որ Իսրայելի ազգի հետ ունեցած Աստծո դատաստանին ունկնդիր լինեն, որպես թե վկայելու համար (Եսայի 1:1):

Հիրավի, մեծ մեղավորների դեմ բովանդակ տիեզերքն է դատախազ լինում, սակայն Աբրահամը Աստծո գթության վրա հույս դրած, մանավանդ Սոդոմացիների մեղքն իրեն հայտնելուց հետո համարձակություն ստացած, սկսում է աղաչել Աստծուն, որ եթե հինգ քաղաքներում՝ Սոդոմ, Գոմոր, Սեբոյիմ, Ադամա և Սեգոր, հիսուն անմեղ և արդար մարդիկ գտնվեն, ի սեր այս վերջինների՝ բոլորին մեղքերի ներում և թողություն շնորհի, թեև նրանք ներման և գթության անարժան են (Ծննդ. 18:24):

Բայց երբ Աստված հայտնում է, որ այդ քաղաքի բնակիչների մեջ հիսուն արդար մարդ չկա, Աբրահամը խոնարհությամբ իրեն հող և մոխիր կոչելով (Ծննդ. 18:27), կրկին ու կրկին աղաչում է և թախանձում, որ եթե 45, 40, 30, 20 և վերջապես 10 արդար գտնվի, խնայի այդ բազմությանը և պատասխան է ստանում, որ եթե տաս արդար գտնվի, դրանց պատճառով մնացյալին չի կործանի:

Սակայն ոչ թե տաս կամ հինգ, այլ նույնիսկ մեկ արդար էլ չգտնվեց: Այո՛, Ղովտը արդար է և Սոդոմ քաղաքում է բնակվում, սակայն նա Սոդոմացի չէ: Ուրեմն, ով մարդ թող Ղովտի ազատվելը և սոդոմացիների ահեղ պատուհասը քեզ ամբողջ կյանքիդ համար փրկարար խրատ լինի:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․