Գրքեր
Ի՞նչ էր Սոդոմին և Գոմորին տրված պատիժը:

Հուր և ծծումբ (Ծննդ. 17:24), սակայն այս հուրը ոչ թե բնական ուժերի համաձայն երկրի ընդերքից առաջ եկավ, այլ հատկապես Աստծո կողմից տրված պատիժ էր:

Դու նայիր այս խեղճ մեղավորների թշվառ վիճակին, որովհետև Ղովտի Սեգոր մտնելուն պես, արևը սովորականի պես երկնքի սև քողը պատռելով, իր լուսեղեն կերպարանքն է ցույց տալիս մահկանացուներին՝ աշխարհը խնդությամբ և բերկրանքով լցնելու համար, երբ հանկարծ, Աստված ողորմի, մի գարշահոտ կրակ՝ սևաթույր ծխով, որպես անձրև սկսեց տեղալ այդ ամբարիշտների վրա: Ուրիշ տեղեր առավոտյան ցողը իջնելով կենդանություն է պարգևում, իսկ Սոդոմ Գոմորի վրա կրակ է տեղում. այլուր առավոտյան զովագույն զեփյուռը փչելով աշխարհին ուրախություն է պատճառում, իսկ սրանց վրա ծծմբախառն բոց փչելով ամենքին էլ այրում և ածխացնում է (Ղուկ. 17:29):

Ո՜հ, ուրեմն այժմ ո՞ւր են ամեն առավոտ իրենց զվարճություններին անձնատուր եղողները: Ո՞ւր են նրանք, ովքեր օր օրի տարբեր տեսակի հաճույքներ անցկացնելու համար այգիներում և պարտեզներում ուտում և խմում էին, ո՞ւր են նրանք, ովքեր Ղովտի տունը շրջապատելով, բռնությամբ ցանկանում էին հյուրերին ստանալ, ո՞ւր են Ղովտի փեսաները՝ Ղովտին հիմար կարծող ծիծաղողները, արդյոք հիմա որքա՜ն լաց ու կոծով ողբում և արտասվում են: Բայց կրակի բնությունը հայտնի է, այն լացելու ժամանակ չի թողնում և փախուստի ճանապարհ չի տալիս:

Քանի որ Աստծո հրամանով և տրված վճռի համաձայն արդարության համար սահմանված զորքը՝ կրակը, թշնամու բանակը շրջապատելու պես Սոդոմ Գոմոր երկիրը իսկույն պատելով՝ ազատվելու ոչ մի հնարավորություն չի տալիս: Փրկության հնարավորությունը կորցնողը պատժի ժամանակ չի կարող փրկվել: Աստծո բարերարությունը չիմացողը գթության և ողորմության չի կարող արժանանալ: Խորհի՛ր, թե կրակ տեղալ սկսելու ժամանակ այդ անիրավների մտքով արդյոք ի՞նչ էր անցնում, արդյո՞ք որևէ տեղից օգնություն խնդրեցին, արդյո՞ք իրենց մեղքի պատճառով Աստծուց պատիժ կրելու գիտակցությունը ունենալով՝ աղոթեցին և աղաչեցին, քավ լիցի, քանի որ ամեն մարդ դեռևս իր տանը մահճում էր, ո՞վ կարող էր աչք բացել, ո՞վ կհամարձակվեր տեղից շարժվել, կրակը վերևից սաստկությամբ իջնում էր և ընկած տեղը բռնկվելով՝ երկրի երեսը հրե սալահատակով էր ծածկում, ուստի բոլորն էլ իրենց կրակ դարձած բնակարաններում այրվում են:

Ինչպես որ չորացած տերևները հնոց նետվելիս որքա՞ն արագ են այրվում, նույնպես էլ այս երկրի լեռներն ու քարերը կրակ դարձած՝ թփի պես սոդոմացիներին այրելով մոխիր դարձրին: Կրակի բնությունն է բոցը միշտ դեպի վեր ուղղել, սակայն այս անգամ բնությանը հակառակ դեպի ներքև դարձրեց իր երեսը, որպեսզի բնության օրենքներին հակառակ գործողներին այրի:

Պետք չէ առարկել՝ ասելով, թե անասունների և մանուկների մեղքը ո՞րն էր, որ մեղավորների հետ պատժվեցին. արդյո՞ք անասունները նրանց վաստակը չէին, կամ երեխաները մեծանալով իրենց ծնողներից վատթար չպիտի լինեին: Նախկինում մեղքի համար շատ անգամներ էր պատիժներ տրվել, սակայն շատերի հետքը անհետանալով, միայն գրքերի մեջ է մնացել նրանց պատմությունը: Իսկ Սոդոմ Գոմորի սոսկալի պատահարի պատմությունը Ս. Գրքում գրվելուց բացի, ապացույցները մինչ այժմ հայտնապես երևում են:

Որովհետև մինչ այդ, երկիրը նախկինում շատ բարեբեր և այգիներով ու պարտեզներով լի էր (Ծննդ. 13:10), դիպվածից հետո հրդեհված ավերակ դարձավ: Մինչ այսօր հրդեհի ծխի պես ծխում է և այդտեղի պտուղը ընդհանրապես չի ուտվում, այո՛, ծառի վրա եղած ժամանակ ուտելու պտուղ ես այն համարում, սակայն մեջը բոլորովին փոշի և մոխիր է: Նույնպես Ղովտի կնոջ աղի արձանը մինչ այսօր առանց լուծվելու մնում է (Իմաստ. 10:6):

Իմացիր, եթե բնական օրենքի ներքո գտնվող մարդիկ այսպիսի խիստ պատժի արժանացան, այժմ Քրիստոս Փրկչի շնորհական օրենքի տակ այդպես մեղանչող մարդիկ արդյոք որքա՞ն առավել սաստիկ պատժի պիտի արժանանան (Բ Պետրոս 2:9):

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․