Գրքեր
Հակոբը որքա՞ն մնաց Լաբանի մոտ:

Քսան տարի: Սակայն Լաբանի մոտ գնալու ժամանակից մի ամիս անց Լաբանը Հակոբին առաջարկեց, որ ձրի ծառա չլինելու համար իրեն հասանելիք վարձի չափը ասի: Քանի որ Հակոբը Խառանում պիտի ամուսնանար (ինչպես որ պատվիրել էին նրա հայրն ու մայրը) դրա համար էլ պատասխանում է, թե. «Փոքր աղջկադ՝ Ռաքելի համար յոթը տարի կծառայեմ քեզ, նրան ինձ տուր»: Լաբանը այս պայմանին հավանություն է տալիս, ուստի Հակոբը սիրով յոթը տարի ծառայելուց հետո, Ռաքելին է պահանջում, սակայն Լաբանը խոստացած պայմանը դրժելով՝ նրա մեծ քրոջը՝ Լիային է տալիս, որի աչքերը հիվանդ էին: Զեղբա անունով մի աղախին ևս, որպես օժիտ, տալիս է Լիային:

Հակոբի հարցին, թե ինչո՞ւ ինձ խաբեցիր, Լաբանը պատասխանում է, թե մեր սովորության մեջ չկա մեծից առաջ փոքրին ամուսնացնելը, եթե յոթը տարի ևս ինձ ծառայես՝ նրան էլ քեզ կտամ: Արդ, քանի որ Հակոբը Ռաքելին շատ էր սիրում՝ խոստանում է յոթը տարի ևս ծառայել նրան և ստանում է, այսինքն Ռաքելի հետ նույնպես ամուսնանում է: Լաբանը Բալլա անունով մի աղախին էլ Ռաքելին է օժիտ տալիս:

Դու այստեղ Աստծո դատաստանը տե՛ս, քանի որ Լիայի աչքը հիվանդ է և մանավանդ Հակոբը Ռաքելին առավել էր սիրում, քան Լիային, սակայն Ռաքելը երկար ժամանակ զավակ չունեցավ, մինչդեռ Լիան չորս արու զավակ է ունենում՝ Ռուբենը, Շմավոնը, Ղևին և Հուդան: Ռաքելը տեսնում է, որ Աստված իրեն զավակ չտվեց և իր աղախնուն Հակոբին է տալիս, որ գոնե նրանից ծնված զավակին որդեգրի: Ռաքելի աղախնուց ծնվում են Դանը և Նեփթաղիմը:

Նմանապես Լիան, Ռաքելից օրինակ վերցնելով, իր աղախնին տալիս է Հակոբին, որ նրանից նույնպես զավակ ունենա: Լիայի աղախնուց  ծնվում են Գադը և Ասրը, ապա Լիան նորից ծննդաբերում է երկու արու և մեկ աղջիկ զավակ՝ Իսաքարին, Զաբուղոնին և Դինային:

Լա՛վ նայիր, ինչպես որ աշխարհում անհնար է միշտ անտրտում և անվիշտ լինել, նմանապես անհնար է միշտ ուրախ և երջանիկ լինել, այս պատճառով, երբ մեկը ինչ-ինչ պարագաների մեջ վշտի և տրտմության ներքո հեծեծում է, Աստված նրան մեկ այլ պարագաներով մխիթարում է, որպեսզի Աստծո ողորմությունից հույսը չկտրի: Դարձյալ, երբ մարդը ինչ որ պատճառով ուրախություն ունի, Աստված նրա ուրախությունը մեկ այլ առիթով տրտմության է փոխում, որ նա Աստծո երկյուղը սրտից չհանի և միշտ իր չափը ճանաչի:

Քանի որ աշխարհիկ կամ մարմնավոր գործերում, երբ մարդն իր ամեն ցանկացածին հասնում է, այդ ժամանակ չափը մոռանալով, շատ անգամներ հպարտանում և մեղանչում է: Օրինակի համար ահա՛ Լիան, որի աչքերը հիվանդ լինելու համար Աստված զավակներ է պարգևում նրան, որ չտխրի և մխիթարվի և Ռաքելին էլ զավակ չի տալիս, որ իր գեղեցկությամբ չհպարտանա: Արդարև սրա պատճառով Ռաքելը մեծապես տխրեց, սակայն չհուսահատվելով Աստծուն աղաչելուց, Աստված նրա աղաչանքները ընդունելով՝ նրան մի զավակ պարգևեց, որն էլ Հովսեփն էր (Ծննդ. 30:22):

Այս դեպքի համար դու մի՛ ասա, թե Հակոբը ինչո՞ւ է երկու կին առնում և երկու աղախիններին նույնպես, քանի որ այն ժամանակ հին օրենքով այդպիսի սովորությունը արգելված չէր: Հիսուս Քրիստոս, աշխարհ գալով, դադարեցրեց այսպիսի անվայելուչ սովորությունները և ինչպես որ նախապես մարդուն ստեղծելիս մեկ այր և մեկ կին ստեղծեց, նույն հրամանը վերահաստատեց: Արդ, Քրիստոսից հետո միաժամանակ երկու կին, կամ աղախին ունենալը մեծ մեղք է, քանի որ Ս. Ավետարանին հակառակ է (Մատթ. 19:6):

Հետո, երբ Հակոբը իր հայրենի երկիրը վերադառնալու ցանկություն հայտնեց, Լաբանը հասկանալով, որ նրա գալստյամբ օրհնվեց իր տունը (Ծննդ. 30:27) նրա վերադարձը խոչընդոտելու համար, հայտարարում է, թե ինչ վարձ էլ, որ ցանկանա պատրաստ է և խոստանում է տալ: Քանի որ Աստծո հովանավորությունն ու խնամքը Հակոբի հետ լինելով՝ Լաբանի ունեցվածքը բազմապատկվում էր: Հակոբը հանձն է առնում նորից մնալ նրա մոտ, սակայն մի պայմանով, որ «գույնզգույն բոլոր ոչխարներն ու այծերը, որոնք այսուհետև քո հոտի մեջ ծնվեն, իմ վարձը լինեն, որոնք եղածներից զատվելով, որպես սեփականություն ինձ պիտի հանձնվեն»:

Լաբանը ընդունելով սույն պայմանը, իր հոտում որքան բազմագույն ոչխար կամ այծ կար առանձնացրեց և իր որդիներին հանձնեց, իսկ միագույները հանձնեց Հակոբին և նրանց երեք օրվա անցնելիք ճանապարհի չափ իրարից հեռու տեղեր ուղարկեց: Արդ, Հակոբը մի այսպիսի հնարք է գործում: Վերցրեց ընկույզի և սոսի ծառերի դալար ոստեր, որոնք տեղ-տեղ կեղևազատելով գույնզգուն հորինվածքով տաշեց՝ մի տեղ կանաչ, մի տեղ սպիտակ թողնելով, և դրանք դրեց ավազանների մեջ, այնպես որ ոչխարներն ու այծերը ջուր խմելու ժամանակ դրանց նայելով գույնզգույն էին ծննդաբերում:

Արդարև այս հնարքն ու կարգադրությունը համաձայն է բնության օրենքին, սակայն դրա գործադրությունը և հաջողությունը Աստծո զորությամբ է, որ կատարվեց: Լաբանը, որ մի ագահ մարդ էր, Հակոբի իրավունքը միշտ կողոպտելու ցանկություն ուներ, սակայն Հակոբը Լաբանին այն աստիճան հավատարմությամբ էր ծառայում, որ ցերեկը տապից և գիշերը ցրտից հիվանդանալով, անգամ քունն էր աչքերից հեռացել (Ծննդ. 31:40):

Որպեսզի արդարությունը հաղթանակի, Աստծո հրամանով ոչ միայն Հակոբի արածեցրած ոչխարներն ու այծերը, այլ նաև Լաբանի որդիներին հանձնված միագույները նույնպես սկսեցին խայտաբղետ կամ բազմագույն ծնել, և Լաբանը տեսնում է, որ այդ տարի գույնզգույնները խիստ շատացան, ուստի հաջորդ տարի խորամանկությամբ պայմանը և դաշինքը փոխելով, միագույն ծնված ոչխարներն ու այծերը Հակոբին, իսկ գույզգույնները իրեն է հատկացնում, բայց զարմանալի բան, այս տարի էլ միագույներն են բազմանում (Ծննդ. 31:8):

Խրա՛տ վերցրու. ոչխարները դալար ոստերին նայելով գույնզգույն ծնելու նման, մարդիկ էլ տեսակ-տեսակ բարի խրատներին անսալով, մանավանդ Սուրգ Գրքի խրատները մտապահելով, միշտ դրանց շուրջ խոկալով, Աստծո ողորմությամբ հեշտությամբ են կարողանում նախ առաքինի մտքեր հղանալ, և ապա իրենց կյանքի ընթացքում գործնականորեն գործի դնել դրանք: Քանի որ ինչպես աչքը ուր նայում է, միտքն էլ է այնտեղ նայում, նույնպես մարդը մտքում ինչ որոշի, կամքն էլ դեպի այն է հակվում: Ուրեմն բարի գործերի շուրջ խորհիր, որ բարեգործ լինես:

Հոգևոր առումով վերոհիշյալ ոստերը կամ գավազանները սուրբ խաչի, ավազանը՝ Սուրբ Ավազանի և Հակոբի հոտը քրիստոնյաների օրինակն են:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․