Գրքեր

Գործք 11.27-12.24

11.27 Այն օրերին Երուսաղէմից մարգարէներ իջան Անտիոք: 28 Նրանցից մէկը, որի անունը Ագաբոս էր, վեր կենալով, Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը եւ եղաւ Կղօդէոս կայսեր օրով: 29 Եւ Անտիոքի աշակերտները որոշեցին, որ աշակերտների կողմից, այնքան, որքան նրանցից իւրաքանչիւրը կարող է, նպաստ ուղարկեն Հրէաստանում բնակուող եղբայրների համար, 30 ինչ որ արդարեւ արեցին՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երէցներին:

12.1 Այդ ժամանակներում Հերովդէս թագաւորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին 2 եւ Յովհաննէսի եղբօրը՝ Յակոբոսին, սրով սպանեց: 3 Երբ տեսաւ, որ այդ հաճելի է հրեաներին, աւելի առաջ գնաց եւ Պետրոսին էլ բռնեց: Բաղարջակերաց օրերն էին. 4 երբ նրան բռնեց, բանտ դրեց եւ իւրաքանչիւրը չորս զինուորից բաղկացած չորս խմբի յանձնեց, որ նրան պահեն. եւ ուզում էր Զատկից յետոյ նրան դուրս հանել՝ դատելու ժողովրդի առջեւ: 5 Պետրոսը բանտում մնում էր հսկողութեան ներքոյ. իսկ եկեղեցում նրա համար անդադար աղօթքներ էին արւում առ Աստուած: 6 Եւ երբ Հերովդէսն ուզեց նրան դուրս բերել, այն գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապուած, երկու զինուորների միջեւ քնած էր. իսկ պահապանները դռան առաջ բանտը պահպանում էին: 7 Եւ ահա Տիրոջ հրեշտակը եկաւ կանգնեց մօտը, եւ մի լոյս ծագեց այդ տեղի վրայ: Ապա բոթեց Պետրոսի կողերը, նրան վեր կացրեց՝ ասելով. «Իսկոյն վե՛ր կաց»: Եւ շղթաներն ընկան նրա ձեռքից: 8 Եւ հրեշտակը նրան ասաց. «Գօտիդ կապի՛ր եւ հողաթափերը ոտքե՛րդ գցիր»: Եւ նա այդպէս արեց: Ապա նրան ասաց. «Զգեստներդ վրա՛դ գցիր եւ արի՛ իմ յետեւից»: 9 Եւ նա ելնելով գնում էր նրա յետեւից ու չէր իմանում, որ հրեշտակի միջոցով պատահածը իրական է, որովհետեւ կարծում էր, թէ տեսիլք է տեսնում: 10 Եւ երբ նրանք անցան առաջին պահականոցից եւ ապա երկրորդից, եկան մինչեւ երկաթեայ դուռը, որը հանում էր քաղաք: Դուռն իրեն-իրեն բացուեց նրանց առջեւ. ու մի փողոց մտնելով՝ անցան նրա միջով. ապա հրեշտակն իսկոյն նրանից հեռացաւ: 11 Երբ Պետրոսն ուշքի եկաւ, ասաց. «Այժմ ճշմարտապէս գիտեմ, որ Տէրն ուղարկեց իր հրեշտակին եւ ինձ փրկեց Հերովդէսի ձեռքից եւ հրեայ ժողովրդի ամէն ակնկալութիւնից»: 12 Եւ ուշքի եկած լինելով՝ եկաւ Մարիամի՝ Մարկոս կոչուած Յովհաննէսի մօր տունը. այնտեղ հաւաքուել էին շատերը եւ աղօթք էին անում: 13 Տան դուռը բախելիս Ռոդէ անունով մի աղախին մօտեցաւ եւ ականջ էր դնում: 14 Եւ ճանաչելով Պետրոսի ձայնը՝ ուրախութիւնից դուռը չբացեց, այլ ներս վազելով՝ պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է: 15 Նրանք ասացին նրան՝ գժուել ես: Իսկ աղախինն առաւել եւս պնդում էր, թէ այդպէս է: Ապա նրանք ասացին՝ նրա հրեշտակն է: 16 Իսկ Պետրոսը շարունակում էր թակել դուռը: Երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան: 17 Եւ նա ձեռքով նրանց նշան էր անում, որ լռեն. եւ պատմեց, թէ ինչպէս Տէրը իրեն հանեց բանտից: Ապա ասաց. «Այս բաները պատմեցէք Յակոբոսին եւ եղբայրներին»: Եւ ինքը ելաւ գնաց այլ տեղ: 18 Եւ երբ առաւօտ եղաւ, զինուորների մէջ մեծ խռովութիւն ընկաւ, թէ արդեօք Պետրոսն ինչ եղաւ: 19 Իսկ Հերովդէսը, երբ նրան փնտրեց ու չգտաւ, պահակներին հարցաքննելուց յետոյ հրամայեց սպանել նրանց: Ապա Պետրոսը Հրէաստանից Կեսարիա իջաւ եւ այնտեղ էր մնում: 20 Եւ Հերովդէսը ցասումով էր լցուած տիւրոսցիների եւ սիդոնացիների դէմ: Նրանք միաբանուած՝ եկան նրա մօտ եւ համոզելով Բղաստոսին՝ թագաւորի սենեկապետին, խաղաղութիւն խնդրեցին, քանի որ իրենց երկիրը նրա երկրից էր կերակրւում: 21 Եւ որոշուած օրը Հերովդէսը թագաւորական զգեստ էր հագել եւ ատեան էր նստել ու հրապարակաւ խօսում էր նրանց հետ: 22 Իսկ ամբոխն աղաղակում էր. «Աստուած է, որ խօսում է, եւ ոչ թէ՝ մարդ»: 23 Եւ անմիջապէս հրեշտակը հարուածեց նրան, որովհետեւ Աստծուն փառք չտուեց. եւ որդերի կեր դառնալով՝ մեռաւ: 24 Իսկ Աստծոյ խօսքը աճում եւ բազմանում էր:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․