Գրքեր

Եսայի 62:1-11

Չեմ լռի յանուն Սիոնի եւ չեմ ների յանուն Երուսաղէմի, մինչեւ չծագի նրա արդարութիւնը՝ ինչպէս լոյս, եւ չբոցավառուի նրա փրկութիւնը՝ ինչպէս փայլակ։ 2Հեթանոսները պիտի տեսնեն քո արդարութիւնը, թագաւորները՝ քո փառքը, եւ դու նոր անունով ես կոչուելու, որ Տէրն է անուանելու։ 3Տիրոջ ձեռքին վայելչութեան պսակ պիտի դառնաս եւ քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։ 4Այլեւս չես կոչուելու Լքեալ, ոչ էլ քո երկիրն է կոչուելու Աւերակ։ Քեզ պիտի կոչեն՝ Իմ կամքը, իսկ քո երկիրը՝ Շէն բնակութիւն, որովհետեւ Տէրը սէր է տածում քո նկատմամբ, եւ քո երկիրը բնակութեամբ պիտի լցուի։5Ինչպէս որ երիտասարդն է ամուսնանում կոյսի հետ, այնպէս էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ, եւ ինչպէս որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպէս էլ Տէրն է ուրախ լինելու քեզ համար։ 6Քո պարիսպների վրայ, ո՛վ Երուսաղէմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչեւ վերջ չդադարեն յիշել Տիրոջը։ 7Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի եւ Երուսաղէմը դարձնի պարծանք երկրի վրայ։ 8Տէրը երդուեց իր փառքով եւ իր բազկի զօրութեամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տայ քո թշնամիների ձեռքը, եւ օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու ջանք թափեցիր, 9այլ ովքեր այդ ամբարեցին՝ նրա՛նք պիտի ուտեն եւ օրհնեն Տիրոջը, եւ ովքեր այդ հաւաքեցին՝ նրա՛նք պիտի խմեն իմ սրբարանի սրահներում։ 10Գնացէք նե՛րս մտէք իմ դռներով, պատրաստեցէ՛ք ճանապարհները,շտկեցէ՛ք շաւիղները, ճամփա՛յ բացէք իմ ժողովրդի համար, հեռացրէ՛ք քարերը ճանապարհից եւ դրօշա՛կ բարձրացրէք հեթանոսների համար։ 11Ահա թէ ինչ ազդարարեց Տէրը մինչեւ երկրի ծագերը. «Ասացէ՛ք Սիոնի դստերը. ահաւասիկ գալիս է քո Փրկիչը, եւ իր վարձն իր հետ է, գործը՝ իր աչքի առաջ»։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․