1 Աստծու պատգամը, ուղղուած Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթոթում ապրող քահանաներից էր: 2 Տէրը նրա հետ խօսեց Հրէաստանի արքայ Ամոնի որդի Օսիայի օրօք, վերջինիս թագաւորութեան տասներեքերորդ տարում, 3 նաեւ Հրէաստանի արքայ Օսիայի որդի Յովակիմի օրօք, մինչեւ Յուդայի երկրի արքայ Օսիայի որդի Սեդեկիայի տասնմէկերորդ տարուայ վերջը, մինչեւ Երուսաղէմի բնակչութեան գերութիւնը, որ տեղի ունեցաւ նոյն տարուայ հինգերորդ ամսին: 4 Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. 5 «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի»: 6 Իսկ ես ասացի. «Տէ՛ր, ո՛վ դու Տէր, ահա ես նոյնիսկ խօսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»: 7 Տէրն ինձ ասաց. «Մի՛ ասա, թէ՝ “Մանուկ եմ ես”. ում մօտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մօտ էլ պիտի գնաս, ու այն ամէնը, ինչ որ պատուիրեմ քեզ, պիտի խօսես: 8 Չվախենաս նրանցից, - ասում է Տէրը, - քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»: 9 Եւ Տէրը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խօսքը քո բերանը դրեցի: 10 Ահա քեզ այսօր իշխանութիւն տուի ազգերի ու թագաւորութիւնների վրայ, որպէսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու աւերես, կառուցես ու հաստատես»: