Գրքեր

Առակներ 3:11-4:14

3:11 Որդեա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր նրա յանդիմանութիւնից, 12 քանզի Տէրը ում սիրում՝ նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպէս որդի: 13 Երանի այն մարդուն, որ իմաստութիւն կը գտնի, եւ այն մահկանացուին, որ հանճար կը ստանայ, 14 քանզի իմաստութիւնն աւելի թանկ արժէ, քան ոսկու եւ արծաթի գանձերը: 15 Այն առաւել յարգի է, քան անգին քարերը, եւ չկայ ոչ մի չար բան, որ հակառակ կանգնի նրան: Իւրաքանչիւրին, ով մերձեցել է իմաստութեանը, յայտնի է, որ այն ամէնը, ինչ յարգի է համարւում, չունի դրա արժէքը. 16 քանզի նրա աջ ձեռքում երկար օրեր ու կեանքի տարիներ, նրա ձախ ձեռքում փառք եւ հարստութիւն կայ: Նրա բերանից բխում է արդարութիւն, իսկ իր լեզուի վրայ նա կրում է օրէնք ու ողորմութիւն 17 Նրա ճանապարհները բարու ճանապարհներ են, եւ նրա բոլոր շաւիղները՝ խաղաղութեան: 18 Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապաւինում են նրան եւ վստահութեամբ յենւում նրա վրայ, ինչպէս Տիրոջ վրայ: 19 Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը, 20 իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին: 21 Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛ր իմ խորհուրդներն ու իմաստութիւնը, 22 որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման: 23 Եւ դու ապահով կը գնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի: 24 Եթէ նստես, աներկիւղ կը լինես, եթէ քնես, քունդ անուշ կը լինի, 25 եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից, 26 որովհետեւ Տէրը կը լինի քո բոլոր ճանապարհների վրայ եւ ոտքդ հաստատուն կը պահի, որ չսայթաքես: 27 Մի՛ յապաղիր կարօտեալին բարութիւն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան: 28 Չասես թէ՝ «Գնա՛, կը գաս՝ վաղը կը տամ», մինչդեռ կարող ես բարութիւնդ անել, քանի որ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ: 29 Չարիք մի՛ նիւթիր բարեկամիդ դէմ, որը քեզ վստահում է եւ յոյս է դրել քեզ վրայ: 30 Զուր տեղը մի՛ թշնամացիր մարդու հետ վիճելով, որ նա քեզ չարիք չպատճառի: 31 Զգուշացի՛ր չարագործ մարդկանց նախատինքներից եւ մի՛ նախանձիր նրանց ճանապարհներին, 32 քանզի անօրէնը պիղծ է Տիրոջ առջեւ եւ չի հաղորդակցում արդարների հետ: 33 Տիրոջ անէծքն ամբարիշտների տներում է, մինչդեռ արդարների տներն օրհնւում են: 34 Տէրը հակառակ է ամբարտաւաններին. նա շնորհ է տալիս խոնարհներին: Փառքը պիտի ժառանգեն իմաստունները, իսկ ամբարիշտները պիտի բազմացնեն իրենց անարգանքը:

4:1 Որդինե՛ր, լսեցէ՛ք ձեր հօր խրատը եւ անսացէ՛ք ճանաչելու իմաստութիւնը, 2 քանզի ձեզ բարի պարգեւներ պիտի տամ. մի՛ թողէք իմ պատուիրանները, 3 որովհետեւ ես եւս հնազանդ որդի էի հօրս համար եւ սիրելի էի մօրս աչքին: 4 Նրանք սովորեցնում էին ինձ եւ ասում. «Թող մեր խօսքը հաստատուի քո սրտում, պահի՛ր մեր պատուիրանները եւ ապրի՛ր, 5 իմաստութի՛ւն ձեռք բեր, խե՛լք ձեռք բեր եւ մի՛ մոռացիր: Մի՛ արհամարհիր իմ բերանի պատգամները եւ մի՛ շեղուիր իմ շուրթերի խօսքերից: 6 Մի՛ թող իմաստութիւնը, եւ նա կը պաշտպանի քեզ, սիրի՛ր այն, եւ նա կը պահպանի քեզ: 7 Իմաստութի՛ւն ձեռք բեր, - ահա զգօնութեան սկիզբը, - եւ խելացի՛ եղիր քո կեանքի բոլոր ճանապարհներին: 8 Պարփակուի՛ր իմաստութեամբ, եւ նա պիտի բարձրացնի քեզ, մեծարի՛ր այն, եւ նա քեզ կ՚առնի իր գիրկը: 9 Նա շնորհի պսակ կը դնի քո գլխին եւ փառքի պսակով կը պահպանի քեզ: 10 Լսիր՛, որդեա՛կ, եւ ընդունի՛ր իմ խօսքերը, եւ քո կեանքի տարիները պիտի շատանան, եւ պիտի աւելանան քո կեանքի ճանապարհները: 11 Ես իմաստութեան ուղիներն եմ ուսուցանում քեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շաւիղներով, 12 որպէսզի, եթէ գնաս, ընթացքդ չխափանուի, եթէ վազես, երբեք չյոգնես: 13 Ամո՛ւր բռնիր իմ խրատը եւ բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետեւ քո կեանքն է այն: 14 Մի՛ գնա ամբարիշտների ճանապարհով եւ մի՛ նախանձիր անօրէնների ճանապարհներին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․