Գրքեր

Հոբ 9:1-10:2

9:1 Յոբը խօսեց ու ասաց. 2 «Ճշմարտապէս գիտեմ, որ այդ այդպէս կը լինի. ինչպէ՞ս կարող է մարդ արդար լինել Աստծու առաջ: 3 Եթէ Աստուած ուզի դատ տեսնել իր հետ՝ նրան չի լսելու, որովհետեւ հազար խօսքին մի խօսքով իսկ պատասխան չի տալու: 4 Աստուած մտքով իմաստուն է, զօրաւոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դէմ յամառել ու յաջողութիւն գտել: 5 Չեն իմանում, թէ Նա, որ մաշեցնում է լեռները, բարկութեամբ կը տապալի էլ դրանք: 6 Նա է, որ երկնքի ներքոյ շարժում է գետինը հիմքերից, եւ նրա սիւները դողում են: 7 Նա է, որ հրամայում է արեգակին, ու սա չի ծագում, փակում է աստղերի դէմը: 8 Նա է, որ մենակը տարածել է երկինքը եւ ծովի վրայ այնպէս է շրջում, ինչպէս ցամաքի վրայ: 9 Նա է, որ ստեղծել է Բազմաստղն ու Գիշերաստղը610, Սայլն ու Մազարոթը: 10 Նա է, որ արարում է մեծամեծ ու անքննելի, փառաւոր ու հրաշակերտ բաները, որոնց թիւ ու համար չկայ: 11 Եթէ ինձանից վեր բարձրանայ՝ չեմ տեսնի, իսկ եթէ կողքովս անցնի՝ այդպէս էլ չեմ իմանայ: 12 Եթէ ոչնչացնի՝ ո՞վ յետ կը պահի նրան, կամ ո՞վ նրան կ՚ասի՝ ի՞նչ արեցիր: 13 Ետ դարձաւ նա բարկութիւնից, եւ նրանից սարսեցին կէտերը, որ երկնքի ներքոյ են: 14 Երանի՜ թէ լսի ինձ եւ իրաւացի համարի իմ խօսքերը: 15 Եթէ արդար լինեմ, ու ինձ չլսի՝ նրա դատաստանն եմ աղերսելու: 16 Իսկ եթէ աղաղակեմ իրեն, ու լսի՝ հաւատալս էլ չի գալու, որ հէնց լսել է ինձ: 17 Փոթորիկով չի ոչնչացնելու ինձ: Բազում են հարուածները, որ ինձ զուր տեղը հասցրել է. ինձ հանգիստ էլ չի տալիս: 18 Դառնութեամբ է լցրել ինձ. 19 քանի որ հզօր է՝ բռնանում է: Եւ հիմա այն ո՞վ է, որ նրա դատաստանին հակառակ կը կանգնի: 20 Եթէ արդար լինեմ, բերանս ինձ ամբարիշտ կը դարձնի, անարատ լինեմ՝ կամակոր կը դառնամ: 21 Իսկ եթէ հոգով մեղանչել եմ՝ չգիտեմ. գիտեմ միայն, որ կեանքս խլում են ինձանից: 22 Դրա համար եմ ասել. “Բարկութիւնը կործանում է մեծին ու հզօրին”: 23 Չարերը սաստիկ մահով են կորչելու. արդարներն էլ ծաղրի են ենթարկւում, քանի որ մատնւում են ամբարշտի ձեռքը: 24 Նա դատաւորների երեսն է ծածկում. եթէ նա չէ ծածկողը, ապա ո՞վ է: 25 Սակայն սուրհանդակից էլ արագ անցաւ իմ կեանքը. փախաւ այն ու չերեւաց: 26 Կը գտնուի՞ նաւերի ճանապարհի կամ թռչող, կեր փնտռող արծուի հետքը: 27 Եթէ ասեմ, թէ մոռանալու եմ գանգատուելը, երեսս գետին խոնարհելով՝ հեծեծեմ, 28 դողը կը պատի իմ բոլոր անդամները, քանզի գիտեմ, որ ինձ անմեղ չես համարելու: 29 Եթէ ամբարշտութիւն էի անում՝ ինչո՞ւ չմեռայ: 30 Եթէ ձիւնով իսկ լուացուէի ու ձեռքերս էլ օշնանով մաքրէի, 31 դարձեալ սաստիկ աղտեղութեամբ կը ներկէիր ինձ՝ պատմուճանս իմ աչքերին զազրելի դարձնելով. 32 քանզի դու մարդ չես ինձ նման, որի հետ դատ անէի ես, եւ որպէս հաւասար դատաստանի գայինք: 33 Ո՜ւր է թէ մի միջնորդ լինէր, դիմացս գար ու դատ անէր երկուսիս միջեւ: 34 Նա անպայման կը հեռացնէր ինձանից խարազանը, եւ դրա ահն ինձ չէր սարսափեցնի. 35 էլ չէի վախենայ, այլ կը խօսէի. բայց գիտեմ, որ այդպէս չէ. որ ինքս մենակ եմ տանջւում»:

10:1 «Հծծիւնով կը հասցնեմ նրան իմ խօսքերը. կը խօսեմ թախծոտած իմ հոգու դառնութեամբ: 2 Ու կ՚ասեմ. “Տէ՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ լինեմ ամբարիշտ”. եւ ինչո՞ւ դատեցիր այսպէս ինձ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․