Գրքեր

Բ Կորնթացիներ 6:1-7:1

6:1 Ուստի, Աստծուն գործակից լինելով՝ աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհն ի զուր ընդունած չլինէք. 2 որովհետեւ ասում է. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ եւ փրկութեան օրում օգնեցի քեզ»: Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկութեան օրը: 3 Եւ ոչ մի առիթով պատճառ մի՛ եղէք, որ մեր պաշտօնը չարատաւորուի. 4 այլ, բոլոր դէպքերում, դուք ձեզ ներկայացրէ՛ք իբրեւ Աստծու պաշտօնեաներ՝ ցոյց տալով մեծ համբերութիւն նեղութիւնների մէջ, վշտերի մէջ, չարչարանքների մէջ, 5 հարուածների տակ, բանտերում, խռովութիւնների մէջ, տքնութիւնների մէջ, հսկումների մէջ, ծոմապահութեան մէջ, 6 սրբութեամբ, գիտութեամբ, համբերութեամբ, քաղցրութեամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, 7 ճշմարտութեան խօսքով, Աստծու զօրութեամբ, արդարութեան զէնքով՝ յարձակուելու եւ պաշտպանուելու համար, 8 փառքով եւ անարգութեամբ, գովութեամբ եւ պարսաւանքով, իբրեւ թէ մոլորեցնողներ, բայց ճշմարտութիւնից չշեղուածներ, 9 իբրեւ թէ անծանօթներ, բայց բոլորից ճանաչուածներ, իբրեւ թէ մահամերձներ, բայց եւ ահաւասիկ կենդանի ենք, իբրեւ թէ պատժուածներ, բայց ոչ մահապարտներ, 10 իբրեւ թէ տրտմածներ, բայց եւ շարունակ ուրախ ենք, իբրեւ թէ տնանկներ, բայց եւ շատերին ենք հարստացնում, իբրեւ թէ ոչինչ չունենք, բայց՝ ունենք ամէն ինչ: 11 Կորնթացինե՛ր, մեր բերանները բաց են պատգամելու համար ձեզ, եւ մեր սրտերը՝ լայն: 12 Մենք չէ, որ նեղում ենք ձեզ, այլ դուք ձեր սրտերում էք նեղւում: 13 Արդ, դուք էլ նոյն հատուցումն անելով, - որդիների տեղ եմ դնում ձեզ, - լայնօրէն բա՛ց արէք ձեր սրտերը:14 Անհաւատներին լծակից մի՛ եղէք, որովհետեւ ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ կամ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ. 15 եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. 16 կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ: Արդարեւ, կենդանի Աստծու տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: 17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք, - ասում է Տէրը, - եւ մի՛ դիպէք պիղծ բաներին. 18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր», - ասում է Ամենակալ Տէրը:

7:1 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․