Գրքեր

Ավ. ըստ Ղուկասի 17:20-18:14

17:20 Երբ փարիսեցիների կողմից հարց տրուեց, թէ ե՞րբ պիտի գայ Աստծու արքայութիւնը, նա պատասխանեց եւ ասաց. «Աստծու արքայութիւնը դրսից տեսանելի կերպով չի գալիս, 21 եւ չեն ասի, թէ՝ ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետեւ ահա Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է»: 22 Իսկ իր աշակերտներին ասաց. «Կը գան օրեր, երբ դուք կ՚ուզենաք մարդու Որդու օրերից մէկը տեսնել, եւ չէք տեսնի: 23 Եւ եթէ ձեզ ասեն, թէ՝ “Ահաւասիկ այստեղ է կամ այնտեղ”, մի՛ շտապէք գնալու, 24 որովհետեւ, ինչպէս որ փայլակը երկնքի ներքեւից փայլատակելով՝ երկնքի երեսը լուսաւորում է, այնպէս էլ կը լինի մարդու Որդին՝ իր օրում: 25 Բայց նախ նա պէտք է շատ չարչարուի եւ մերժուի այս սերնդից: 26 Եւ ինչպէս եղաւ Նոյի օրով, այնպէս կը լինի եւ մարդու Որդու օրով: 27 Ուտում էին, խմում, կին էին առնում եւ մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապան մտաւ, եւ ջրհեղեղը եկաւ ու բոլորին կորստեան մատնեց: 28 Նոյնպէս, ինչպէս Ղովտի օրով էլ եղաւ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում: 29 Եւ այն օրը, երբ Ղովտը Սոդոմից դուրս ելաւ, երկնքից կրակ եւ ծծումբ տեղաց ու բոլորին կորստեան մատնեց: 30 Նոյն ձեւով է լինելու այն օրն էլ, երբ մարդու Որդին է յայտնուելու: 31 Այն օրը, ով որ տանիքում է, եւ իր կարասին՝ տանը, թող չիջնի առնելու այն. եւ ով որ հանդում է, նոյնպէս թող յետ չդառնայ: 32 Յիշեցէ՛ք Ղովտի կնոջը: 33 Ով որ ուզի իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով որ կորցնի իր անձը, պիտի փրկի այն: 34 Ասում եմ ձեզ, այն գիշերը, եթէ երկու հոգի լինեն մի մահճի մէջ, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի: 35 Եւ եթէ երկու կին միասին աղալիս լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի: Եւ եթէ հանդում երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, իսկ միւսը՝ թողնուի»: 36 Պատասխան տուին եւ ասացին նրան. «Որտե՞ղ, Տէ՛ր»: 37 Եւ նա ասաց նրանց. «Ուր որ մարմինն է, այնտեղ էլ կը հաւաքուեն արծիւները»:

18:1 Մի առակ էլ ասաց նրանց այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն ու չձանձրանան: 2 Ասաց. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: 3 Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. “Իմ ոսոխի դէմ իմ դատը տես”: 4 Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. “Թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, 5 բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի”»: 6 Եւ Տէրն ասաց. «Լսեցէ՛ք, թէ ինչ էր ասում անիրաւ դատաւորը: 7 Իսկ Աստուած արդարութիւն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը լինի: 8 Այո՛, ասում եմ ձեզ, նրանց իսկոյն արդարութիւն կ՚անի. իսկ երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞»: 9 Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թէ արդար են, եւ արհամարհում էին ուրիշ շատերին: 10 «Երկու մարդ տաճար ելան աղօթքի կանգնելու. մէկը՝ փարիսեցի, միւսը՝ մաքսաւոր: 11 Փարիսեցին կանգնած էր մեկուսի եւ, ինքն իրեն, այս աղօթքն էր ասում. “Աստուած իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպէս՝ յափշտակողները, անիրաւներն ու շնացողները, եւ կամ ինչպէս այս մաքսաւորը. 12 այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում եւ տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”: 13 Իսկ մաքսաւորը կանգնած էր մեկուսի եւ չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը եւ ասում. “Աստուա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղաւորիս”: 14 Ասում եմ ձեզ, սա՛ իջաւ իր տունը արդարացած, ոչ թէ միւսը. որովհետեւ, ով որ բարձրացնում է իր անձը, կը խոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․