Գրքեր

Ա Կորնթացիներ 12:8-27

8 Մէկին Հոգուց տրուած է իմաստութեան խօսք, միւսին՝ գիտութեան խօսք՝ նոյն Հոգուց, 9 միւսին՝ հաւատ՝ նոյն Հոգով, միւսին՝ բժշկումների շնորհ՝ նոյն Հոգով, 10 միւսին՝ զօրաւոր գործերի կարողութիւններ, միւսին՝ մարգարէութիւն, միւսին՝ հոգիները զանազանելու շնորհ, միւսին՝ տեսակ-տեսակ լեզուներով խօսելու շնորհ, միւսին՝ լեզուների թարգմանութեան շնորհ: 11 Բայց այս ամէնը միեւնոյն Հոգին է առաջացնում եւ բաժանում իւրաքանչիւրին՝ ինչպէս որ կամենում է:12 Ինչպէս մէկ է մարմինը եւ ունի բազում անդամներ, եւ մարմնի այդ բազում անդամները բոլորը մէկ մարմին են, այնպէս էլ՝ Քրիստոս. 13 քանզի մէ՛կ Հոգով մէ՛կ մարմին լինելու համար մկրտուեցինք մենք ամէնքս՝ թէ՛ հրեաներ, թէ՛ հեթանոսներ, թէ՛ ծառաներ, թէ՛ ազատներ. եւ բոլորս էլ այդ մէ՛կ Հոգին խմեցինք: 14 Այսպէս, մարմինը մէկ անդամ չէ, այլ՝ բազում: 15 Եթէ ոտքն ասի՝ քանի որ ձեռք չեմ, այդ մարմնից չե՛մ, դրանով չի դադարում նոյն մարմնից լինելուց: 16 Եւ եթէ ականջն ասի՝ քանի որ աչք չեմ, այդ մարմնից չե՛մ, դրանով չի դադարում նոյն մարմնից լինելուց. 17 եթէ ամբողջ մարմինը աչք լինէր, ո՞ւր կը մնար ականջը. եւ եթէ ամբողջ մարմինը ականջ լինէր, ո՞ւր կը մնար հոտոտելիքը: 18 Բայց արդ, Աստուած դրեց անդամները, նրանցից ամէն մէկը՝ մարմնի մէջ, ինչպէս որ կամեցաւ: 19 Իսկ եթէ ամբողջը մէկ անդամ լինէր, ո՞ւր կը մնար մարմինը: 20 Բայց արդ, բազում անդամներ կան, սակայն՝ մէկ մարմին: 21 Աչքը չի կարող ասել ձեռքին, թէ՝ ինձ պէտք չես. եւ կամ նոյն ձեւով գլուխը՝ ոտքերին, թէ՝ ինձ պէտք չէք: 22 Եւս առաւել, մարմնի այն անդամները, որ թւում է, թէ աւելի տկար են, կարեւորնե՛րն են. 23 եւ նրանք, որ թւում է, թէ մարմնի համար աւելի անարգ են, առաւելագո՛յն պատիւ ենք անում նրանց. եւ մեր ամօթոյքները առաւել եւս անհրաժեշտ է պարկեշտութեամբ ծածկել: 24 Բայց մեր պարկեշտ անդամները այդ չեն պահանջում: Որովհետեւ Աստուած կազմեց մարմինը եւ նուազ պատուաւորին առաւել պատիւ տուեց, 25 որպէսզի մարմնի մէջ բաժանումներ չլինեն, այլ որպէսզի այդ անդամները նոյն հոգը տանեն միմեանց նկատմամբ: 26 Եւ եթէ մի որեւէ անդամ ցաւ է զգում, նրա հետ ցաւ են զգում բոլոր անդամները. եւ եթէ մի անդամը փառաւորւում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները: 27 Արդ, դուք մարմինն էք Քրիստոսի եւ անդամներ՝ նրա անդամներից:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․