Գրքեր

Ծննդոց 18:1-19:30

18:1 Աստուած Աբրահամին երեւաց Մամբրէի կաղնու մօտ, երբ սա կէսօրին դեռ նստած էր իր վրանի դռան մօտ: 2 Աբրահամը բարձրացրեց աչքերը եւ իր դիմաց տեսաւ երեք տղամարդկանց: Տեսնելով նրանց՝ նա իր վրանի դռան մօտից ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց նրանց. 3 «Տէ՛ր, եթէ շնորհ գտայ քո առաջ, քո ծառային անտես մի՛ արա, 4 թող մի քիչ ջուր բերեն, լուան ձեր ոտքերը, ապա հովացէ՛ք ծառի տակ: 5 Հաց բերեմ, կերէ՛ք եւ ապա գնացէ՛ք ձեր ճանապարհով, որովհետեւ ձեր ծառայի մօտ գալու համար շեղեցիք ձեր ճանապարհը»: Նրանք պատասխանեցին. «Արա՛ այնպէս, ինչպէս ասացիր»: 6 Աբրահամն շտապեց դէպի վրանը՝ Սառայի մօտ, եւ ասաց նրան. «Շտապի՛ր, երեք գրիւ ընտիր ալիւր հունցի՛ր ու նկանակ պատրաստի՛ր»: 7 Աբրահամը գնաց դէպի նախիր, վերցրեց մի մատղաշ, լաւ հորթ, տուեց ծառային ու շտապեցրեց, որ կերակուր պատրաստի: 8 Նա վերցրեց կարագ, կաթ ու հորթի մսից պատրաստուած կերակուրը եւ դրեց նրանց առաջ: Նրանք կերան, իսկ ինքը կանգնած մնաց նրանց առաջ, ծառի տակ: 9 Նրանք հարցրին. «Ու՞ր է քո կին Սառան»: Նա պատասխանեց. «Վրանում է»: 10 Նրանցից մէկն ասաց. «Ես եկող տարի նոյն այս օրերին կը գամ քեզ մօտ եւ քո կին Սառան որդի կ՚ունենայ»: Սառան ականջ էր դնում վրանի դռանը՝ նրա ետեւում կանգնած: 11 Աբրահամն ու Սառան ծերացել էին, նրանց տարիքն առաջացել էր, եւ Սառան կորցրել էր ծննդաբերելու յատկութիւնը: 12 Ծիծաղեց Սառան իր մտքում եւ ասաց. «Այն, ինչ մինչեւ այժմ չկարողացայ անել, հիմա՞ պիտի կարողանամ: Իսկ իմ ամուսինն էլ ծերացել է»: 13 Տէրն ասաց Աբրահամին. «Այդ ինչո՞ւ է ծիծաղում Սառան իր մտքում եւ ասում, թէ՝ “Իրօ՞ք կը ծնեմ, չէ՞ որ ես պառաւել եմ”: 14 Մի՞թէ Աստծու համար անկարելի բան կայ: Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին ես կը վերադառնամ քեզ մօտ, եւ Սառան որդի կ՚ունենայ»: 15 Ժխտեց Սառան՝ ասելով. «Ես չծիծաղեցի»: Նա վախեցել էր: Տէրը ասաց. «Ո՛չ, այդպէս չէ, ծիծաղեցիր»: 16 Նրանք այդտեղից վեր կենալով ճանապարհ ընկան դէպի Սոդոմացւոց ու Գոմորացւոց երկիրը, իսկ Աբրահամը գնաց նրանց ճանապարհելու: 17 Տէրն ասաց. «Մի՞թէ ես իմ ծառայ Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ: 18 Աբրահամը, հաստատապէս, մեծ եւ բազմանդամ ազգի նախահայր է լինելու, եւ նրա միջոցով պիտի օրհնուեն երկրի բոլոր ազգերը. 19 որովհետեւ ես գիտէի, որ նա իր որդիներին ու իր յետնորդներին կը պատուիրի, որ նրանք Տիրոջ ճանապարհով ընթանան՝ պահպանելով արդարութիւնն ու իրաւունքը: Տէր Աստուած կը կատարի այն ամէնը, ինչ խոստացել է Աբրահամին»: 20 Այնուհետեւ Տէրն ասաց. «Սոդոմացիների ու գոմորացիների աղաղակը ահագնացել, հասել է ինձ. նրանց մեղքերը խիստ շատացել են: 21 Արդ, իջնեմ տեսնեմ, թէ ինձ. հասած նրանց աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թէ՞ ոչ: Այդ եմ ուզում գիտենալ»: 22 Այնտեղից շրջուելով՝ այդ մարդիկ եկան Սոդոմ: Աբրահամը կանգնած էր Տիրոջ դիմաց: 23 Աբրահամը մօտեցաւ Տիրոջն ու ասաց. «Մի՞թէ դու արդարին ամբարշտի հետ կ՚ոչնչացնես, եւ արդարը նոյն բանին կ՚ենթարկուի, ինչ որ ամբարիշտը: 24 Եթէ քաղաքում յիսուն արդար լինի, կ՚ոչնչացնե՞ս նրանց, չե՞ս խնայի ամբողջ քաղաքը յանուն այնտեղ գտնուող յիսուն արդարների: 25 Քա՛ւ լիցի, չանես այդ բանը՝ արդարին սպանես ամբարշտի հետ, եւ արդարը ենթարկուի նոյն բանին, ինչ որ ամբարիշտը: Ո՛չ, դու, որ դատում ես ամբողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»: 26 Տէրն ասաց. «Եթէ Սոդոմում՝ այդ քաղաքում գտնուի յիսուն արդար, յանուն նրանց ես կը խնայեմ ամբողջ քաղաքը»: 27 Պատասխան տուեց Աբրահամն ու ասաց. «Հիմա համարձակւում եմ խօսել Տիրոջ հետ, թէեւ ես հող եմ ու մոխիր: 28 Իսկ եթէ յիսուն արդարները պակասեն հինգ հոգով, այդ հնգի պատճառով դարձեա՞լ կը կործանես ողջ քաղաքը»: Տէրն ասաց. «Չեմ կործանի, եթէ այնտեղ գտնուի քառասունհինգ արդար»: 29 Աբրահամը շարունակեց խօսել նրա հետ ու ասաց. «Իսկ եթէ այնտեղ գտնուի քառասո՞ւն»: Նա ասաց. «Չեմ կործանի յանուն այդ քառասունի»: 30 Աբրահամն ասաց. «Տէ՛ր, ինձ որեւէ բան կը պատահի՞, եթէ շարունակեմ խօսել. իսկ եթէ այնտեղ գտնուի երեսո՞ւն»: Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի, եթէ այնտեղ գտնուի երեսուն»: 31 Աբրահամն ասաց. «Քանի սկսել եմ խօսել Տիրոջ հետ, ասեմ. իսկ եթէ այնտեղ գտնուի քսա՞ն»: Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի յանուն այդ քսանի»: 32 Աբրահամն ասաց. «Տէ՛ր, ինձ որեւէ բան կը պատահի՞, եթէ դարձեալ խօսեմ. իսկ եթէ այնտեղ գտնուի տա՞սը»: Տէրը պատասխանեց. «Չեմ կործանի յանուն տասի»: 33 Եւ Տէրը, վերջացնելով Աբրահամի հետ խօսակցութիւնը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձաւ իր բնակատեղին:

19:1 Երկու հրեշտակները երեկոյեան եկան Սոդոմ: Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մօտ: Երբ Ղովտը տեսաւ նրանց, ընդառաջ գնաց, գլուխը խոնարհեց մինչեւ գետին ու ասաց. 2 «Համեցէ՛ք, տիա՛րք, եկէք մտէ՛ք ձեր ծառայի տունը եւ գիշերեցէ՛ք այստեղ: Ես կը լուամ ձեր ոտքերը, եւ դուք վաղ առաւօտեան կը շարունակէք ձեր ճանապարհը»: Նրանք ասացին. «Ո՛չ, մենք այստեղ՝ քաղաքի հրապարակում կը գիշերենք»: 3 Ղովտը նրանց շատ ստիպեց, եւ նրանք դարձան նրա կողմը ու մտան նրա տունը: Ղովտը ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց եփեց նրանց համար, եւ նրանք կերան: 4 Երբ դեռ նրանք քուն չէին մտել, սոդոմացիների քաղաքի տղամարդիկ՝ երիտասարդից մինչեւ ծերը, ամբողջ ժողովուրդը միասին պաշարեցին տունը, 5 Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մօտ եկան: Նրանց բե՛ր մեզ մօտ, որ կենակցենք նրանց հետ»: 6 Ղովտը դռնից դուրս՝ նրանց մօտ եկաւ եւ դուռը փակեց իր ետեւից: 7 Նա նրանց ասաց. «Քա՛ւ լիցի, եղբայրնե՛ր, մի՛ գործէք այդ չարիքը: 8 Ես երկու դուստր ունեմ, որոնց տղամարդ չի մօտեցել: Բերեմ նրանց ձեզ մօտ, եւ նրանց հետ արէք այն, ինչ հաճոյ է ձեզ, միայն թէ այդ մարդկանց նկատմամբ որեւէ մեղք մի՛ գործէք, որովհետեւ նրանք մտել են իմ յարկի տակ»: 9 Նրանք ասացին. «Հեռո՛ւ կաց: Դու մեր երկիրը մտար իբրեւ պանդուխտ բնակուելու. միթէ դատաստա՞ն էլ ես ուզում տեսնել: Հիմա քեզ աւելի շատ կը չարչարենք, քան նրանց»: Նրանք շատ էին բռնանում այդ մարդու՝ Ղովտի վրայ, եւ քիչ էր մնացել, որ ջարդէին դուռը: 10 Ներսի մարդիկ, իրենց ձեռքերը մեկնելով, Ղովտին իրենց մօտ՝ տուն քաշեցին եւ տան դռները փակեցին, 11 դռան մօտ գտնուող մարդկանց՝ փոքրից մինչեւ մեծը կուրացրին, եւ սրանք յոգնեցին դուռը փնտռելուց: 12 Այդ մարդիկ Ղովտին հարցրին. «Այս քաղաքում դու փեսայ, որդիներ, դուստրեր կամ ուրիշ որեւէ մէկն ունե՞ս: Հանի՛ր նրանց այս վայրից, 13 որովհետեւ մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ սրանց աղաղակը հասել է Տիրոջը, եւ Տէրը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»: 14 Ղովտը գնաց իր փեսացուների մօտ, որոնք առնելու էին իր դուստրերին, եւ ասաց նրանց. «Հեռացէ՛ք այստեղից, որովհետեւ Տէրը կործանելու է այս քաղաքը»: Փեսացուներին թուաց, թէ նա կատակ է անում: 15 Երբ լոյսը բացուեց, հրեշտակներն սկսեցին շտապեցնել Ղովտին՝ ասելով. «Ա՛ռ քո կնոջը, երկու դուստրերիդ եւ հեռացի՛ր այստեղից, որ դու էլ չկորչես այս քաղաքի անօրէնութեան մէջ»: 16 Նրանք իրար անցան. եւ քանի որ Տէրը խնայել էր Ղովտին, հրեշտակները բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու դուստրերի ձեռքերից եւ քաղաքից դուրս հանեցին: 17 Երբ նրանց դուրս հանեցին, հրեշտակներն ասացին. «Փրկի՛ր անձդ, ետ չնայես, կանգ չառնես այս երկրի որեւէ շրջանում: Փախի՛ր լեռը, որ միւսների հետ չտուժես»: 18 Ղովտն ասաց նրանց. «Աղաչում եմ, Տէ՛ր, 19 թէեւ իմ անձին փրկութիւն պարգեւելով դու ողորմեցիր քո ծառային եւ նրա հանդէպ ցուցաբերեցիր քո մեծ արդարութիւնը, բայց ես չեմ կարող փախչել լեռը, որովհետեւ գուցէ ինձ էլ հասնի փորձանքը, եւ ես մեռնեմ: 20 Ահա մօտակայքում գտնուող այս քաղաքում կարելի է ապաստանել, այն փոքր է, կարելի է այնտեղ փրկուել: Չէ՞ որ այն փոքր է: Քո շնորհիւ ես կը փրկուեմ»: 21 Տէրն ասաց նրան. «Ահա ես շնորհ եմ անում քեզ ու քո այդ ասածին անսալով՝ չեմ կործանի այն քաղաքը, որի մասին ասացիր: 22 Արդ, շտապ փախի՛ր այնտեղ, որովհետեւ ոչինչ անել չեմ կարող. մինչեւ որ դու այնտեղ հասնես»: Դրա համար էլ նա այդ քաղաքի անունը կոչեց Սեգոր: 23 Արեւ ծագեց երկրի վրայ, եւ Ղովտը մտաւ Սեգոր: 24 Տէրը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրայ, 25 կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականութիւնը: 26 Ղովտի կինը ետ նայեց ու դարձաւ աղէ արձան: 27 Աբրահամը վաղ առաւօտեան գնաց այնտեղ, ուր ինքը կանգնել էր Տիրոջ առաջ, 28 նայեց սոդոմացիների ու գոմորացիների կողմը, ամբողջ շրջակայքը եւ տեսաւ, թէ ինչպէս երկրի բոցը բարձրանում է հնոցի ծխի պէս: 29 Երբ Տէրը կործանեց այդ բոլոր քաղաքներն իրենց շրջակայ բնակավայրերով, յիշեց Աբրահամին եւ քաղաքից հանեց ու կորստից փրկեց Ղովտին, երբ կործանում էր այն քաղաքները, ուր Ղովտն էր բնակուել:  30 Ղովտը ելաւ Սեգորից եւ լեռը բարձրացաւ, որովհետեւ վախենում էր մնալ Սեգորում: Նրա հետ էին նաեւ իր երկու դուստրերը: Ինքն ու իր երկու դուստրերը միասին բնակուեցին այդ լերան մի քարայրում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․