Գրքեր

Ավ. ըստ Հովհաննեսի 18:2-19:16

18:2 Յուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտէր այն տեղը, որովհետեւ Յիսուս ու իր աշակերտները շատ անգամ այնտեղ հաւաքուել էին: 3 Եւ Յուդան իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ՝ ուղարկուած քահանայապետներից ու փարիսեցիներից, այնտեղ եկաւ ջահերով, լապտերներով ու զէնքերով: 4 Իսկ Յիսուս իր վրայ եկող այս ամէնը տեսնելով՝ դուրս ելաւ ու նրանց ասաց. «Ո՞ւմ էք փնտռում»: 5 Նրան պատասխանեցին՝ Յիսուս Նազովրեցուն: Յիսուս նրանց ասաց՝ ես եմ: Նրանց հետ էր եւ Յուդան, որ մատնում էր նրան: 6 Երբ Յիսուս ասաց՝ ես եմ, յետ-յետ գնացին եւ գետին ընկան: 7 Դարձեալ նրանց հարցրեց՝ ո՞ւմ էք փնտռում: Նրանք ասացին՝ Յիսուս Նազովրեցուն: 8 Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, թէ՝ ես եմ. արդ, եթէ ինձ էք փնտռում, նրանց թո՛յլ տուէք գնալ». 9 որպէսզի կատարուի խօսքը, որ ասել էր, թէ՝ նրանց, որոնց ինձ տուեցիր, նրանցից եւ ոչ մէկին չկորցրի: 10 Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետեւ սուր ունէր, քաշեց այն եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա աջ ականջը կտրեց: Եւ այն ծառայի անունը Մաղքոս էր: 11 Յիսուս Պետրոսին ասաց. «Այդ սուրդ նորից իր պատեանի մէջ դիր. այն բաժակը, որ Հայրն է ինձ տուել, չպիտի՞ խմեմ»: 12 Իսկ գունդը, հազարապետը եւ հրեաների պահակները բռնեցին Յիսուսին եւ կապեցին: 13 Եւ նախ նրան տարան Աննայի մօտ, որը Կայիափայի՝ այդ տարուայ քահանայապետի աներն էր: 14 Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խրատ տուեց, թէ աւելի լաւ է, որ ժողովրդի համար մէկ մարդ մեռնի: 15 Եւ Յիսուսի յետեւից գնում էին Սիմոն Պետրոսը եւ միւս աշակերտը: Եւ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանօթ էր, Յիսուսի հետ մտաւ քահանայապետի տան գաւիթը: 16 Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մօտ, դուրսը: Միւս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելաւ, դռնապանին ասաց եւ Պետրոսին ներս մտցրեց: 17 Այն աղջիկը, որ դռնապանն էր, Պետրոսին ասաց. «Մի՞թէ դու էլ այդ մարդու աշակերտներից ես»: Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ: 18 Այնտեղ կային ծառաներ եւ պահակներ, որոնք խարոյկ էին արել եւ տաքանում էին, քանի որ ցուրտ էր: Պետրոսն էլ նրանց հետ կանգնել էր ու տաքանում էր: 19 Իսկ քահանայապետը հարց տուեց Յիսուսին նրա աշակերտների եւ վարդապետութեան մասին: 20 Յիսուս նրան պատասխանեց. «Ես բացայայտ ասացի բոլորին. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում եւ տաճարի մէջ, ուր հաւաքւում էին բոլոր հրեաները. եւ ծածուկ ոչինչ չեմ խօսել: 21 Ինձ ինչո՞ւ ես հարցուփորձ անում. հարցուփորձ արա նրանց, ովքեր լսել են, թէ ես նրանց հետ ինչ եմ խօսել. ահա՛, նրանք գիտեն, թէ ինչ եմ ասել»: 22 Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մէկը մի ապտակ տուեց Յիսուսին ու ասաց. «Այդպէ՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»: 23 Եւ Յիսուս նրան ասաց. «Եթէ վատ խօսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթէ լաւ՝ ինձ ինչո՞ւ ես խփում»: 24 Եւ Աննան նրան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մօտ: 25 Եւ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր ու տաքանում էր. նրան ասացին. «Մի՞թէ դու էլ նրա աշակերտներից ես»: Նա ուրացաւ եւ ասաց՝ ո՛չ, չեմ: 26 Եւ քահանայապետի ծառաներից մէկը՝ նրա՛ ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս տեսայ քեզ նրա հետ պարտէզում»: 27 Պետրոսը դարձեալ ուրացաւ. եւ իսկոյն մի աքաղաղ կանչեց:  28 Կայիափայի տնից Յիսուսին տարան կուսակալի ապարանքը: Այգաբաց էր: Բայց նրանք ապարանք չմտան, որպէսզի չպղծուեն եւ որպէսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել: 29 Ուստի Պիղատոսն ինքը դուրս ելաւ նրանց մօտ եւ ասաց. «Այս մարդու մասին ի՞նչ ամբաստանութիւն էք ներկայացնում»: 30 Նրան պատասխանեցին եւ ասացին. «Եթէ այս մարդը չարագործ չլինէր, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի»: 31 Պիղատոսը նրանց ասաց. «Դուք վերցրէ՛ք նրան եւ ձեր օրէնքի համաձայն նրան դատեցէ՛ք»: Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որեւէ մէկին սպանել օրինաւոր չէ» 32 (որպէսզի կատարուի Յիսուսի այն խօսքը, որ նա ասաց՝ նշելով, թէ ինչ մահով էր ինքը մեռնելու): 33 Պիղատոսը դարձեալ ապարանք մտաւ, կանչեց Յիսուսին եւ ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»: 34 Յիսուս պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես այդ ասում, թէ ուրիշներ իմ մասին քեզ ասացին»: 35 Պիղատոսը պատասխանեց. «Միթէ ես էլ հրեա՞յ եմ. քո ազգը եւ քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը. դու ի՞նչ ես արել»: 36 Յիսուս պատասխանեց. «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ. եթէ իմ թագաւորութիւնը այս աշխարհից լինէր, իմ հետեւորդները կը մարտնչէին արդէն, որպէսզի հրեաների ձեռքը չմատնուեմ. բայց, արդ, իմ թագաւորութիւնը այստեղից չէ»: 37 Պիղատոսը նրան ասաց. «Թէ որ այդպէս է, ուրեմն դու թագաւո՞ր ես»: Յիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագաւոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնուել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ: Ամէն մարդ, որ ճշմարտութիւնից է, իմ ձայնը լսում է»: 38 Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտութիւնը»: Երբ այս ասաց, դարձեալ դուրս ելաւ, հրեաների մօտ, ու ասաց նրանց. «Ես նրա մէջ ոչ մի յանցանք չեմ գտնում: 39 Բայց դուք սովորութիւն ունէք, որ զատկին ձեզ համար մի բանտարկեալ արձակեմ. արդ, ուզո՞ւմ էք, որ ձեզ համար արձակեմ հրեաների թագաւորին»: 40 Բոլորը աղաղակեցին եւ ասացին՝ ո՛չ դրան, այլ՝ Բարաբբային: Եւ այն Բարաբբան աւազակ էր:

19:1 Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Յիսուսին վերցնել եւ նրան գանակոծել: 2 Իսկ զինուորները փշէ պսակ շինելով՝ դրեցին նրա գլխին ու նրան ծիրանի զգեստ հագցրին: 3 Եւ գալիս էին նրա մօտ ու ասում՝ ողջո՛յն, հրեաների՛ արքայ: Եւ նրան ապտակում էին: 4 Պիղատոսը դարձեալ դուրս ելաւ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս, ձեզ մօտ եմ բերում, որպէսզի իմանաք, թէ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»: 5 Յիսուս դուրս ելաւ. եւ փշէ պսակ ունէր եւ ծիրանի զգեստ: Եւ նրանց ասաց. «Ահա ձեր մարդը՝ ձեզ»: 6 Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին եւ ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք առէք նրան ձեր մէջ եւ ինքնե՛րդ խաչը հանեցէք, քանի որ ես դրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»: 7 Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրէնք ունենք, եւ ըստ մեր օրէնքի պէտք է նա մեռնի, որովհետեւ իրեն Աստծու Որդի դարձրեց»: 8 Երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, աւելի եւս վախեցաւ: 9 Դարձեալ, մի անգամ եւս մտաւ ապարանքը եւ Յիսուսին ասաց՝ որտեղի՞ց ես դու: Եւ Յիսուս նրան պատասխան չտուեց: 10 Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խօսում, չգիտե՞ս, որ իշխանութիւն ունեմ քեզ խաչը հանելու. եւ իշխանութիւն ունեմ քեզ ազատ արձակելու»: 11 Յիսուս պատասխանեց. «Դու իմ վրայ ոչ մի իշխանութիւն էլ չէիր ունենայ, եթէ քեզ ի վերուստ տրուած չլինէր. դրա համար էլ, ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը աւելի մեծ է»: 12 Սրանից յետոյ Պիղատոսը ուզում էր նրան ազատ արձակել: Իսկ հրեաները աղաղակում էին ու ասում. «Եթէ դրան արձակես, կայսրին բարեկամ չես: Ամենայն ոք, որ ինքն իրեն թագաւոր է կոչում, հակառակ է կայսեր»: 13 Իսկ երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, Յիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրայ, այն տեղը, որ Քարայատակ էր կոչւում, իսկ եբրայերէն՝ Կապպաթա: 14 Զատկի նախօրէն էր, եւ կէսօրուայ մօտ էր: Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագաւորը՝ ձեզ»: 15 Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ մեր միջից, վերացրո՛ւ մեր միջից եւ խա՛չը հանիր նրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր թագաւորին խա՞չը հանեմ»: Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագաւոր, բացի կայսրից»: 16 Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչը հանուի:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․