Գրքեր

Ավ. ըստ Մատթեոսի 7:1-8:17

7:1 «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. 2 որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար: 3 Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում. 4 կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կայ: 5 Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար: 6 Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն: 7 Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. 8 որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի: 9 Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա՞ր կը տայ նրան. 10 եւ կամ եթէ ձուկ ուզի, միթէ օ՞ձ կը տայ նրան: 11 Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ նրանից ուզում են»: 12 «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»: 13 «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: 14 Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն»: 15 «Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են: 16 Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղե՞ն: 17 Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս: 18 Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լաւ պտուղ տալ: 19 Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում: 20 Ուրեմն՝ իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց»: 21 «Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է: 22 Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»: 23 Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»: 24 Ով որ լսում է իմ այս խօսքերը եւ կատարում է դրանք, կը նմանուի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրայ. 25 անձրեւները թափուեցին, եւ գետերը յորդեցին, հողմերը փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատուած: 26 Իսկ ով որ լսում է իմ այս խօսքերը եւ դրանք չի կատարում, կը նմանուի մի յիմար մարդու, որ իր տունը շինեց աւազի վրայ. 27 անձրեւները թափուեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին եւ զարկեցին տանը, եւ նա ընկաւ. եւ նրա կործանումը շատ մեծ եղաւ»: 28 Երբ Յիսուս այս բոլոր խօսքերն աւարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետութեան վրայ. 29 որովհետեւ ուսուցանում էր ինչպէս մէկը, որ հեղինակութիւն ունի եւ ոչ թէ՝ ինչպէս օրէնսգէտները:

8:1 Երբ Յիսուս իջաւ լեռից, նրա յետեւից շատ ժողովուրդ գնաց: 2 Եւ ահա մի բորոտ մօտենալով՝ նրան երկրպագում էր ու ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»: 3 Յիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց: 4 Եւ Յիսուս նրան ասաց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛ դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ մատուցի՛ր Մովսէսի հրամայած ընծան՝ նրանց իբրեւ վկայութիւն»: 5 Կափառնայում մտնելիս նրան մօտեցաւ մի հարիւրապետ. աղաչում էր նրան 6 եւ ասում. «Տէ՛ր, ծառաս տանը անդամալոյծ ընկած է եւ չարաչար տանջւում է»: 7 Յիսուս նրան ասաց. «Ես կը գամ եւ կը բժշկեմ նրան»: 8 Հարիւրապետը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ յարկի տակ մտնես. այլ խօսքո՛վ ասա, եւ իմ ծառան կը բժշկուի. 9 քանի որ ես էլ իշխանութեան տակ եղող մարդ եմ, ինձ ենթակայ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, եւ մի ուրիշին, թէ՝ ե՛կ, եւ գալիս է. եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս, եւ անում է»: 10 Երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ եւ իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք: 11 Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից եւ արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ. 12 իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»: 13 Եւ Յիսուս հարիւրապետին ասաց. «Գնա՛, եւ ինչպէս հաւատացիր, այնպէս թող լինի քեզ»: Եւ այդ նոյն ժամին նրա ծառան առողջացաւ: 14 Յիսուս Պետրոսի տունը գալով՝ տեսաւ, որ նրա զոքանչը տաքութեան մէջ պառկած էր: 15 Բռնեց նրա ձեռքից, եւ ջերմութիւնը նրան թողեց. ոտքի կանգնեց եւ ծառայում էր նրանց: 16 Երբ երեկոյ եղաւ, նրա մօտ բազում դիւահարներ բերեցին, եւ նա խօսքով դեւերին հանեց ու բոլոր հիւանդներին բժշկեց, 17 որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Նա մեր հիւանդութիւնները իր վրայ վերցրեց եւ մեր ցաւերը կրեց»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․