Գրքեր

Ավ. ըստ Ղուկասի 16:1-31

1 Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը: 2 Տէրը կանչեց նրան եւ ասաց. “Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող”: 3 Տնտեսը իր մտքում ասաց. “Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: 4 Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի, երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընդունեն ինձ իրենց տները”: 5 Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով՝ առաջինին ասում է՝ “Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես”: 6 Եւ սա ասում է՝ “Հարիւր տակառիկ ձէթ”. եւ տնտեսը նրան ասում է՝ “Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու անմիջապէս գրի՛ր՝ յիսուն”: 7 Ապա դարձեալ միւսին ասում է՝ “Դու ինչքա՞ն պարտք ունես”. եւ սա ասաց՝ “Հինգ հարիւր պարկ ցորեն”: Տնտեսը նրան ասաց՝ “Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարիւր”: 8 Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետեւ հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիները իրենց սերնդի մէջ»: 9 «Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ: 10 Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է: 11 Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կը վստահի ճշմարիտը: 12 Եւ եթէ օտարինը եղող բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կը տայ ձեզ: 13 Ոչ մի ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետեւ, եթէ մէկին ատի, միւսին կը սիրի. կամ եթէ մէկին մեծարի, միւսին էլ կ՚արհամարհի: Չէք կարող ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ մամոնային»: 14 Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, նրան պախարակում էին, քանի որ արծաթասէր էին: 15 Եւ նրանց ասաց. «Դուք էք, որ մարդկանց առաջ ձեզ արդար էք ձեւացնում, սակայն Աստուած ձեր սրտերը գիտէ. որովհետեւ այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է: 16 Օրէնքն ու մարգարէները մինչեւ Յովհաննէսն էին. այնուհետեւ աւետարանւում է Աստծու արքայութիւնը, եւ ամէն ոք բռնի է ուզում ձեռք բերել այն: 17 Աւելի հեշտ է, որ երկինք ու երկիր անցնեն, քան թէ օրէնքից մէկ նշանախեց ընկնի: 18 Ով որ իր կնոջն արձակում է եւ մի ուրիշին առնում, շնանում է. իսկ ով որ արձակուածին է առնում, շնանում է»: 19 «Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում եւ ամէն օր առատապէս ուրախութիւն էր անում: 20 Եւ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վէրքերով ծածկուած: 21 Եւ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափւում էին մեծահարուստի սեղանից: Եւ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վէրքերը: 22 Երբ աղքատը մեռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռաւ եւ թաղուեց: 23 Եւ դժոխքում, մինչ սա տանջանքների մէջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռուից տեսաւ Աբրահամին եւ Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած: 24 Եւ նա աղաղակեց ու ասաց. “Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ եւ ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով եւ զովացնի լեզուս, որովհետեւ այս տապից պապակում եմ”: 25 Եւ Աբրահամը նրան ասաց. “Որդեա՛կ, յիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, քո կեանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարւում է, իսկ դու այդտեղ պապակում ես: 26 Եւ այս բոլորից բացի, մեծ վիհ կայ մեր եւ ձեր միջեւ. եթէ ուզենան այստեղից ձեզ մօտ անցնել, չեն կարողանայ. ոչ էլ այդտեղից մէկը կարող է մեզ մօտ անցնել”: 27 Մեծահարուստն ասաց. “Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հօր տունը, - 28 որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, - որպէսզի նրանց վկայութիւն տայ, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը”: 29 Եւ Աբրահամն ասաց. “Նրանք ունեն Մովսէս եւ մարգարէներ, թող նրա՛նց լսեն”: 30 Եւ նա ասաց. “Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթէ մեռելներից մէկը նրանց մօտ գնայ, նրանք կ՚ապաշխարեն”: 31 Եւ Աբրահամը նրան ասաց. “Եթէ Մովսէսին եւ մարգարէներին չեն լսում, մեռելներից մէկն էլ եթէ յարութիւն առնի, չպիտի համոզուեն”»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․