Գրքեր

Գործք 24:1-26

1 Եւ հինգ օր յետոյ Անանիա քահանայապետը մի քանի ծերերի եւ Տերտիւղոս անունով մի ճարտասան մարդու հետ իջաւ եկաւ: Սրանք Պօղոսի մասին կուսակալին ներկայացրին իրենց ամբաստանութիւնը: 2 Եւ երբ նրան կանչեցին, Տերտիւղոսն սկսեց ամբաստանել ու ասել. «Այս ազգը բազում խաղաղութիւն է գտել քո շնորհիւ եւ գործերի կարգաւորութիւն՝ քո խնամքի պատճառով: 3 Ամէն բանի համար եւ ամենուրեք քեզնից շնորհակալ ենք, ո՛վ գերազանցդ Ֆելիքս, եւ մեծապես գոհ: 4 Բայց որպէսզի աւելորդ յոգնութիւն չպատճառեմ քեզ, աղաչում եմ, որ քո ներողամտութեամբ մեզ կարճիկարճոյ լսես: 5 Մենք գտանք, որ այս մարդը ամբողջ աշխարհում գտնուող բոլոր հրեաների ապականողն ու խռովեցնողն է եւ նազովրեցիների հերձուածի առաջնորդը: 6 Սա տաճարն իսկ փորձեց պղծել. նրան բռնեցինք եւ ըստ մեր օրէնքի ուզեցինք դատել: 7 Եկաւ Լիւսիաս հազարապետը ու մեծ բռնութեամբ մեր ձեռքից յափշտակեց 8 եւ հրամայեց, որ նրան ամբաստանողներն էլ քեզ մօտ գան: Նրան դու ինքդ կրկին դատելով կը կարողանաս վերահասու լինել այն ամենին, ինչի համար մենք նրան ամբաստանում ենք»: 9 Հրեաներն էլ համաձայն գտնուեցին ու ասացին՝ այդպէս է: 10 Երբ կուսակալը նրան գլխով արեց, որ խօսի, Պօղոսը պատասխանեց. «Գիտեմ, որ շատ տարիներից ի վեր դու այս ազգի կուսակալն ես, ուստի իմ խնդրի մասին յօժարութեամբ պատասխան եմ տալիս. 11 ինչպէս որ կարող ես գիտենալ, տասներկու օրից աւելի չէ, ինչ ես Երուսաղէմ եմ բարձրացել երկրպագութիւն անելու համար: 12 Ինձ ո՛չ տաճարում են որեւէ մէկի հետ գտել խօսելիս եւ կամ շուրջս բազմութիւն հաւաքելիս, ո՛չ ժողովարաններում եւ ո՛չ էլ քաղաքում. 13 ո՛չ էլ կարող են քեզ այժմ ապացուցել այն, ինչի համար ինձ ամբաստանում են: 14 Բայց այս խոստովանում եմ քեզ, թէ համաձայն այն ճանապարհի, որը ասում են՝ հերձուած է, այնպէ՜ս եմ պաշտում իմ հայրենի Աստծուն՝ հաւատալով այն ամենին, որ գրուած է Օրէնքում եւ մարգարէների մէջ: 15 Յոյս ունեմ առ Աստուած, որ, ինչպէս դրանք էլ են ակնկալում, յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների: 16 Դրա համար ինքս էլ ճիգ եմ անում, որ Աստծու եւ մարդկանց առաջ միշտ մաքուր խղճմտանք ունենամ: 17 Բազում տարիներից յետոյ եկայ օգնութիւն անելու իմ ազգին եւ զոհեր մատուցեցի, 18 որոնցով սրբուած էի, երբ ինձ գտան տաճարում, որտեղ ո՛չ բազմութեան հետ էի եւ ո՛չ էլ խռովարար ամբոխի: 19 Այդ ասիացի հրեաներից ոմանք իրե՛նք պէտք է գային քո առաջ եւ ամբաստանէին ինձ, եթէ իմ դէմ մի բան ունենային. 20 եւ կամ հէնց սրանք թող ասեն, թէ ի՛նչ անիրաւութիւն են գտել իմ մէջ, մինչ ատեանի առաջ էի կանգնած, 21 բացի միայն գուցէ իմ այն խօսքից, որ ասացի բարձրաձայն, երբ նրանց մէջ կանգնել էի. “Մեռելների յարութեան համար է, որ ես այսօր ձեզնից դատւում եմ”»: 22 Ֆելիքսը նրանց գործը յետաձգեց, քանի որ աւելի ստոյգ գիտէր այդ ճանապարհի մասին, եւ ասաց. «Մինչեւ Լիւսիաս հազարապետը այստեղ իջնի, ձեր գործը կը յետաձգեմ»: 23 Եւ հարիւրապետին հրամայեց նրան պահել, բայց որոշ չափով ազատ. եւ նրա իւրայիններից ոչ ոքի չարգելել, որ նրան ծառայեն: 24 Մի քանի օր յետոյ Ֆելիքսը եկաւ իր կնոջ՝ Դրուսիղայի հետ, որը հրեայ էր. կանչեց Պօղոսին եւ նրանից լսեց ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի մասին: 25 Եւ մինչ Պօղոսը խօսում էր արդարութեան, ժուժկալութեան եւ գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը, զարհուրած, ասաց. «Դու առայժմ գնա՛. երբ ժամանակ ունենամ, քեզ կը կանչեմ»: 26 Միաժամանակ ակնկալում էր, որ Պօղոսից իրեն դրամ կը տրուի. դրա համար յաճախ կանչելով նրան՝ խօսում էր նրա հետ: 27 Երկու տարին լրանալուց յետոյ Ֆելիքսի փոխարէն Փեստոս Պորկիոսը եկաւ: Ֆելիքսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պօղոսին կալանքի տակ թողեց:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․