Գրքեր

Դանիել 3:1-49

1 Իր թագաւորութեան երկրորդ տարում Նաբուքոդոնոսորը երազ տեսաւ։ Նրա հոգին խռովուեց, ու քունը փախաւ աչքերից։ 2Թագաւորն ասաց, որ կանչեն իմաստուններին, մոգերին, կախարդներին եւ աստղագուշակներին, որպէսզի թագաւորին յայտնեն նրա երազը։ Նրանք եկան, կանգնեցին թագաւորի առաջ, 3եւ թագաւորն ասաց նրանց. «Երազ տեսայ, եւ հոգիս խռովուեց՝ երազս հասկանալու համար»։ 4Աստղագուշակները ասորերէն լեզուով խօսեցին թագաւորի հետ եւ ասացին. «Արքա՛յ, թող քո կեանքը յաւիտեան լինի։ Դու երազդ ասա՛ քո ծառաներին, եւ մենք կը մեկնենք այն»։ 5Արքան պատասխանեց եւ ասաց աստղագուշակներին. «Իմ խօսքը վճռական է. արդ, եթէ ինձ չյայտնէք երազն ու նրա մեկնութիւնը, կորստի կը մատնուէք, եւ ձեր տները աւերակ կը դառնան, 6իսկ եթէ երազն ու նրա մեկնութիւնը յայտնէք ինձ, դուք պարգեւներ, բազում ընծաներ եւ մեծ պատիւ կը ստանաք ինձնից, միայն թէ յայտնեցէ՛ք ինձ երազն ու նրա մեկնութիւնը»։ 7Երկրորդ անգամ պատասխանեցին նրան եւ ասացին. «Թող արքան ասի երազը իր ծառաներին, եւ մենք կը յայտնենք նրա մեկնութիւնը»։ 8Արքան պատասխանեց եւ ասաց. «Հաստատ գիտեմ, որ դուք ուզում էք ժամավաճառ լինել, որովհետեւ տեսնում էք, որ իմ խօսքը վճռական է։ 9Եթէ դուք երազը չյայտնէք ինձ, ուրեմն համաձայնուել էք սուտ եւ անճիշտ բաներ ասել ինձ, մինչեւ որ ժամանակն անցնի։ Ասացէ՛ք ինձ իմ երազը, եւ կ՚իմանամ, որ նրա մեկնութիւնը նոյնպէս կը յայտնէք ինձ»։ 10Աստղագուշակները նորից պատասխանեցին թագաւորին եւ ասացին. «Երկրի վրայ չկայ մի մարդ, որ կարողանայ յայտնել թագաւորի ուզած բանը։ Ոչ մի թագաւոր եւ իշխան այդպիսի բան չի հարցնի իմաստունին, մոգին եւ աստղագուշակին, 11որովհետեւ այն բանը, որ թագաւորն է հարցնում, ծանր բան է, եւ բացի աստուածներից, որոնք մարմնաւորների մէջ չեն բնակւում, չկայ ոչ մէկը, որ այն յայտնի թագաւորի առաջ»։ 12Այն ժամանակ թագաւորը մեծ բարկութեամբ ու զայրոյթով հրամայեց կոտորել բաբելացի բոլոր իմաստուններին։ 13Հրաման արձակուեց, եւ իմաստունները կոտորւում էին։ Փնտռում էին Դանիէլին եւ նրա ընկերներին՝ սպանելու համար նրանց։ 14Այն ժամանակ Դանիէլը խոհեմ եւ իմաստուն կերպով խորհրդակցեց արքայի դահճապետի՝ թագաւորի իշխան Արիոքի հետ, որ ելել կոտորում էր բաբելացի իմաստուններին։ Դանիէլը հարցրեց նրան եւ ասաց. 15«Ինչո՞ւ արքայի կողմից արձակուեց այդ խիստ հրամանը»։ Եւ Արիոքը այդ բանը յայտնեց Դանիէլին։ 16Դանիէլը մտաւ արքայի մօտ եւ խնդրեց արքային, որ նրան ժամանակ տայ, եւ ինքը դրա մեկնութիւնը կը յայտնի թագաւորին։17Դանիէլը մտաւ իր տունը եւ բանը յայտնեց իր ընկերներին՝ Անանիային, Ազարիային եւ Միսայէլին։ 18Նրանք գթութիւն էին խնդրում երկնքի Աստծուց, որպէսզի նա Դանիէլին ու իր ընկերներին կորստի չմատնի բաբելացի այլ իմաստունների հետ։ 19Այն ժամանակ գաղտնիքը Դանիէլին յայտնուեց գիշերային տեսիլքում։ Դանիէլը օրհնեց երկնքի Աստծուն եւ ասաց. 20«Թող օրհնեալ լինի Տիրոջ անունը յաւիտեանս յաւիտենից, որովհետեւ նրանն է իմաստութիւնը, հանճարը եւ զօրութիւնը։ 21Նա է, որ փոփոխում է ժամերն ու ժամանակները։ Թագաւորներ է կարգում եւ փոփոխում, իմաստուններին իմաստութիւն է տալիս եւ խելամիտներին՝ իմացութիւն, բացայայտում է խորին եւ ծածուկ բաները, 22գիտի, թէ ինչ կայ խաւարում, եւ լոյսը նրա հետ է։23Գոհութիւն քեզ, մեր հայրերի՛ Աստուած, օրհնում եմ քեզ, որովհետեւ ուժ եւ իմաստութիւն տուեցիր ինձ եւ յայտնեցիր ինձ այն, ինչ որ մենք աղօթքներով խնդրեցինք քեզնից, եւ բացատրեցիր ինձ թագաւորի տեսիլքը»։ 24Դանիէլը մտաւ Արիոքի մօտ, որին թագաւորը նշանակել էր՝ կոտորելու Բաբելոնի իմաստուններին, եւ ասաց նրան. «Մի՛ կոտորիր Բաբելոնի իմաստուններին, այլ տա՛ր ինձ թագաւորի առաջ, եւ ես թագաւորին կը յայտնեմ երազի մեկնութիւնը»։ 25Այն ժամանակ Արիոքը Դանիէլին շտապ տարաւ թագաւորի առաջ եւ ասաց նրան. «Հրէաստանից գերի բերուածների մէջ գտայ մի մարդ, որ երազի մեկնութիւնը պիտի յայտնի արքային»։ 26Թագաւորը պատասխանեց Դանիէլին, որի անունն էր Բաղդասար, եւ ասաց. «Կարո՞ղ ես պատմել ինձ իմ տեսած երազն ու յայտնել նրա մեկնութիւնը»։ 27Դանիէլը պատասխանեց թագաւորին եւ ասաց. «Այդ գաղտնիքը, որի մասին հարցնում է արքան, իմաստունները, մոգերը, հմայողներն ու բախտագուշակները արքային պատմել չեն կարող, 28այլ երկնքում կայ Աստուած, որ յայտնում է գաղտնիքները։ Նա՛ ցոյց տուեց Նաբուքոդոնոսոր արքային, թէ ինչ պիտի լինի գալիք օրերում։ Քո երազն ու քո գլխում ծագած տեսիլքը, որ դու տեսել ես անկողնում, այս է, արքա՛յ. 29քո մտածումները, թէ ինչ պիտի լինի սրանից յետոյ, քեզ մտատանջում էին քո անկողնում, եւ գաղտնիքները բացայայտողը ցոյց տուեց քեզ, թէ ինչ պիտի լինի այսուհետեւ։ 30Գաղտնիքը յայտնուեց ինձ ոչ այն պատճառով, որ իմ մէջ աւելի իմաստութիւն կայ, քան բոլոր բանականների մէջ, այլ որպէսզի մեկնութիւնը ցոյց տրուի արքային, եւ դու իմանաս քո սրտի խորհուրդները։ 31Դու, արքա՛յ, ահա թէ ինչ էիր տեսնում. քո առաջ կանգնած էր մի արձան, մի վիթխարի արձան, եւ նրա կերպարանքն ու տեսքը ահաւոր էր։ Այդ արձանը շատ սարսափազդու էր։ 32Նրա գլուխը մաքուր ոսկուց էր, նրա ձեռքերը, կուրծքն ու բազուկները՝ արծաթից, նրա մէջքն ու ազդրերը՝ պղնձից,33սրունքները՝ երկաթից, ոտքերը՝ կէսը երկաթից եւ կէսը խեցուց։ 34Դու նայում էիր, երբ առանց ձեռք դիպչելու պոկուեց մի քար եւ հարուածեց արձանի երկաթեայ եւ խեցէ ոտքերին ու ամբողջովին փշրեց դրանք։35Միաժամանակ բոլորովին փշրուեցին խեցին ու երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին եւ դարձան ինչպէս ամառուայ կալի փոշի. սաստիկ քամին քշեց դրանք, ու տեղ չէր գտնւում դրանց համար։ Իսկ այն քարը, որ հարուածեց արձանին, դարձաւ մեծ լեռ ու լցրեց ամբողջ երկիրը։36Սա է երազը։ Իսկ այժմ թագաւորին ասենք երազի մեկնութիւնը։37Դո՛ւ, ո՛վ արքայ, արքայի՛ց արքայ, որին երկնքի Աստուածը հզօր եւ փառաւոր թագաւորութիւն տուեց։ 38Դո՛ւ, որի ձեռքը տուեց մարդու որդիներին, վայրի գազաններին, երկնքի թռչուններին ու ծովի ձկներին, որտեղ էլ որ ապրում են նրանք, եւ քեզ տէր կարգեց բոլորին։ 39Դու ես ոսկեայ գլուխը։ Քեզանից յետոյ ուրիշ թագաւորութիւն պիտի բարձրանայ, որ պիտի լինի քո թագաւորութիւնից ցածր։ Ապա երրորդ՝ պղնձեայ թագաւորութիւնը պիտի տիրի ամբողջ երկրին։ 40Իսկ չորրորդ թագաւորութիւնը, որ երկաթի պէս ամուր պիտի լինի, պիտի փշրի եւ տրորի ամէն ինչ, ինչպէս երկաթն է փշրում եւ տրորում ամէն բան։ 41Եւ քանի որ ոտքերի մատների կէսը երկաթեայ եւ կէսը խեցուց էիր տեսնում դու, ապա այդ թագաւորութիւնը պիտի բաժանուի, բայց եւ նրա մէջ երկաթեայ ուժ պիտի լինի, ինչպէս որ երկաթը խեցու հետ խառնուած էիր տեսնում։ 42Ոտքերի մատների մի մասը երկաթ էր եւ մի մասը՝ խեցի. ուրեմն թագաւորութեան մի մասը հզօր պիտի լինի, իսկ միւս մասը՝ դիւրաբեկ։ 43Իսկ այն, որ դու երկաթը խեցուն խառնուած էիր տեսնում, ապա այդպէս էլ խառն են լինելու մարդկային սերունդները, բայց չեն միաձուլուելու իրար, ինչպէս երկաթը չի զօդւում խեցուն։ 44Այդ թագաւորների ժամանակ երկնքի Աստուածը պիտի բարձրացնի մի թագաւորութիւն, որ յաւիտեանս չի կործանուելու, եւ այդ թագաւորութիւնը ուրիշ ազգի չի մնալու։ Այն պիտի փոշիացնի ու վերացնի բոլոր թագաւորութիւնները եւ ինքը պիտի մնայ յաւիտեան։45Իսկ այն, որ դու տեսնում էիր, թէ լեռից առանց ձեռք դիպչելու քար պոկուեց եւ մանրեց խեցին, երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին, ապա այդպէս էլ մեծն Աստուած ցոյց տուեց արքային, թէ ինչ պիտի լինի յետոյ։ Ճշմարիտ է երազը եւ ճշգրիտ՝ նրա մեկնութիւնը»։ 46Այն ժամանակ Նաբուքոդոնոսոր արքան երեսի վրայ ընկաւ եւ երկրպագեց Դանիէլին, հրամայեց զոհեր ու անուշահոտ խնկեր մատուցել նրան։47Թագաւորն ասաց Դանիէլին. «Արդարեւ, ձեր Աստուածը աստուածների Աստուածն է, տէրերի Տէրը եւ թագաւորների Թագաւորը, որ բացայայտում է գաղտնիքները, քանի որ դու կարողացար յայտնել այդ գաղտնիքը»։ 48Եւ թագաւորը մեծարեց Դանիէլին, մեծամեծ ու բազում պարգեւներ տուեց նրան, Բաբելոնի վրայ կառավարիչ նշանակեց նրան եւ նախարարների իշխան՝ Բաբելոնի բոլոր իմաստունների վրայ։ 49Դանիէլը արքային խնդրեց, եւ արքան Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին գործավարներ նշանակեց բաբելացիների երկրի վրայ։ Իսկ Դանիէլը մնաց արքայի պալատում։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․