Գրքեր

Առակներ 9:1-10:6

9:1 Իմաստութիւնը շինեց իր տունը եւ կանգնեցրեց եօթը սիւներ, 2 մորթեց իր անասունները, խառնեց պատրաստեց գինին, պատրաստեց նաեւ իր սեղանը: 3 Նա ուղարկեց իր ծառաներին, որ բարձր ձայնով հրաւիրեն իր հացկերոյթին, եւ ասաց. 4 «Ով անզգամ է, թող գայ ինձ մօտ»: 5 Իսկ պակասամիտներին ասաց. «Եկէք կերէ՛ք իմ հացից եւ խմեցէ՛ք իմ գինուց, որ պատրաստել եմ ձեզ համար: 6 Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը»: 7 Ով խրատ է տալիս չարերին, նա անարգանք է ստանում, եւ ով յանդիմանում է ամբարիշտներին, նա ատելութիւն է վաստակում: 8 Մի՛ յանդիմանիր չարերին, որ քեզ չատեն, յանդիմանի՛ր իմաստունին, եւ նա կը սիրի քեզ, խրատի՛ր յիմարին, եւ նա աւելի շատ կ՚ատի քեզ: 9 Իմաստունին բացատրի՛ր պատճառը, եւ նա աւելի՛ իմաստուն կը լինի, սովորեցրո՛ւ արդարին, եւ նա կ՚աւելացնի իր ընկալումը: 10 Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, արդարների խորհուրդը՝ խոհեմութիւն, օրէնքի իմացութիւնը մտքի հարստութիւն է: 11 Օրինա՛կ առ սրանք, եւ դու կ՚ապրես երկար, ու կ՚աւելանան քո կեանքի տարիները: 12 Որդեա՛կ, եթէ իմաստուն լինես, պիտի լինես քե՛զ համար եւ քո ընկերների. եթէ անզգամ լինես, միայն դո՛ւ չարիք պիտի գտնես: Ով հաստատւում է ստի վրայ, նոյնն է, թէ հողմեր է արածեցնում կամ հալածում է թեւաւոր թռչուններ. քանզի այդպիսին իր այգու ճանապարհը թողած՝ մոլոր թափառում է իր հանդի շաւիղներում, անջրդի դաշտ ու անապատ է գնում եւ իր ձեռքով ոչ մի պտուղ չի հաւաքում ծարաւակէզ հողից: 13 Անզգամ եւ յանդուգն կինը հացի կարօտ պիտի մնայ, նոյնպէս եւ նա, ով ամօթ չի զգում: 14 Իր տան դռանը նստած աթոռին, որ երեւում է փողոցից, 15 նա դիմում է անցորդներին, որոնք գնում են իրենց ուղիղ ճամփով. 16 «Ով ձեր մէջ առաւել յիմար է, թող գայ ինձ մօտ, 17 իսկ պակասամիտներին հրամայում եմ ու ասում. “Թաքցրած հացը համով է ուտւում, եւ քաղցր է խմւում գողացուած ջուրը”»: 18 Եւ նա չգիտէ, թէ երկրածինները պիտի կորչեն իր մօտ, եւ պիտի հասնեն խորքերը դժոխքի: Բայց դու հեռո՛ւ թռիր եւ մի՛ դանդաղիր այդտեղ, հայեացքդ մի՛ յառիր նրան, որպէսզի այդպէս անցնես օտար ջրից, անցնես օտար գետից, հեռու մնաս օտար ջրից եւ ջուր չխմես օտար աղբիւրից. որպէսզի դու երկար ապրես, եւ աւելանան քո կեանքի տարիները:

10:1 Իմաստուն որդին ուրախացնում է հօրը, անմիտ որդին տրտմութիւն է մօր համար: 2 Գանձերը չեն օգնի անօրէններին, մինչդեռ արդարութիւնը փրկում է մահից: 3 Տէրը սովամահ չի անում արդարին, բայց ամբարիշտների կեանքը պիտի կործանի: 4 Աղքատութիւնը խեղճացնում է մարդուն, ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան: 5 Խրատուած որդին իմաստուն կը լինի, իսկ անմիտը ծառայ կը դառնայ: Իմաստուն որդին ազատւում է խորշակից, անօրէն որդին խորշակահար է լինում ամռանը: 6 Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․