Գրքեր

Ծննդոց 22:1-18

1 Այս դէպքերից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին: Նա ձայն տուեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Սա պատասխանեց. «Այստեղ եմ»: 2 Աստուած ասաց նրան. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ եւ այնտեղ՝ լեռան վրայ, որ ցոյց կտամ քեզ, ողջակիզի՛ր նրան»: 3 Աբրահամն առաւօտեան վեր կացաւ, համետը դրեց իր էշի վրայ, հետը վերցրեց երկու ստրուկ ծառաներ, իր որդի Իսահակին, ողջակիզութեան համար փայտ կոտրեց եւ ճանապարհ ընկաւ, եկաւ այն տեղը, որ Աստուած ասել էր նրան: 4 Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ հեռուից տեսաւ այդ տեղը: 5 Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստեցէ՛ք այստեղ՝ էշի մօտ, իսկ ես ու այս պատանին գնանք այնտեղ, երկրպագութիւն անենք ու վերադառնանք ձեզ մօտ»: 6 Աբրահամը վերցրեց ողջակիզութեան փայտը, դրեց այն իր որդի Իսահակի մէջքին, իր ձեռքն առաւ կրակն ու դանակը, եւ երկուսով գնացին: 7 Իսահակը դիմեց իր հօրը՝ Աբրահամին. «Հա՛յր»: Սա ասաց. «Ի՞նչ է, որդի՛ս»: Նա հարցրեց. «Ահա կրակը, եւ ահա փայտը, հապա ո՞ւր է ողջակիզելու ոչխարը»: 8 Սա պատասխանեց. «Աստուած կհոգայ իր ողջակիզելու ոչխարի մասին, որդեա՛կ»: Նրանք երկուսով գնացին 9 եւ հասան այն տեղը, որ նրան ցոյց էր տուել Աստուած: Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, վրան դրեց փայտը, իր որդի Իսահակին կապեց եւ դրեց զոհասեղանի փայտի վրայ: 10 Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակն ու մորթի իր որդուն: 11 Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տուեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Սա պատախանեց նրան. «Այստեղ եմ»: 12 Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն, նրան որեւէ վնաս մի՛ պատճառիր, որովհետեւ այժմ համոզուեցի, որ դու երկիւղ ունես Աստծոյ նկատմամբ եւ ինձ համար չես խնայի քո որդուն»: 13 Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ, որ մացառուտ թփի մէջ եղջիւրներից մի խոյ է կախուած: Աբրահամը գնաց, առաւ խոյն ու այն ողջակիզեց իր որդի Իսահակի փոխարէն: 14 Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տէրը տեսաւ», եւ մինչեւ այսօր էլ ասում են. «Այդ լեռան վրայ երեւաց Տէրը»: 15 Տիրոջ հրեշտակը, երկնքից երկրորդ անգամ ձայն տալով, ասաց Աբրահամին. 16 «Անձովս եմ երդւում,– ասում է Տէրը,– քանի որ դու արեցիր այդ բանը՝ ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն, 17 անչափ պիտի օրհնեմ քեզ եւ երկնքի աստղերի, ծովեզերքի աւազի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը: Քո սերունդը պիտի տիրանայ իր թշնամիների քաղաքներին, 18 քո սերնդի շնորհիւ պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․