20 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Եսայի 1.1-13

1 Ամոսի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին 2 «Լերան բարձունքին, սարահարթի վրայ դրօ՛շ կանգնեցրէք, ձեր ձայնը բարձրացրէ՛ք նրանց վրայ, մի՛ վախեցէք, ձեռքով նշա՛ն արէք, դո՛ւրս եկէք, իշխաննե՛ր, որ ես հրաման տամ: 3 Իմ նուիրեալներն են նրանք, որոնց ես եմ բերել. ելել գալիս են հսկաները, որպէսզի գոհացում տան իմ բարկութեանը. միահամուռ գալիս են խինդով ու նախատինք թափում: 4 Լեռների վրայ բազում ցեղերի ձայնն է հնչում, կարծես անհամար ժողովուրդներ լինեն. միահամուռ հաւաքուած թագաւորների ու ցեղերի ձայնն է հնչում»: Զօրութիւնների Տէրը հրաման է արձակել սպառազէն ազգերին, 5 որ գան հեռու երկրներից. երկնային հաստատութեան ծայրերից հասել է Տէրն իր սպառազէններով՝ բնաջնջելու ամբողջ աշխարհը: 6 Ողբացէ՛ք, քանզի մօտ է Տիրոջ օրը, եւ հասել է Աստծու պատուհասը: 7 Ահա թէ ինչու բոլորի ձեռքերը պիտի թուլանան, ամէն մարդու սիրտը պիտի դողայ: 8 Պատգամախօսները տագնապի մէջ պիտի ընկնեն, երկունքի ցաւը պիտի բռնի նրանց, ինչպէս ծննդաբերող կանանց: Տրտնջալով մէկը միւսին պիտի նայի, պիտի զայրանան, եւ զայրոյթից պիտի կարմրեն իրենց դէմքերը, 9 քանզի Տիրոջ օրն ահաւասիկ հասել է՝ լի անսահման բարկութեամբ, ոխակալութեամբ ու զայրոյթով, որպէսզի աշխարհն անապատ դարձնի եւ մեղաւորներին վերացնի այնտեղից: 10 Արդարեւ, երկնքի աստղերը, Հայկի համաստեղութեան եւ երկնային բոլոր լուսատուների հետ միասին, լոյս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խաւարի, լուսինը նոյնպէս իր լոյսը չպիտի տայ»: 11 Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրաւների հպարտութիւնը, ամբարտաւանների մեծամտութիւնը պիտի խոնարհեցնեմ: 12 Իսկ մնացածներն աւելի յարգի պիտի լինեն, քան մաքուր ոսկին, մարդն աւելի յարգանքի պիտի արժանանայ, քան սոփերական թանկագին քարերը»: 13 Այն օրը, երբ Զօրութիւնների Տիրոջ բարկութիւնը վրայ հասնի, նրա զայրոյթից ու ցասումից երկինքը պիտի մոլեգնի, եւ երկիրն իր հիմքերից պիտի սասանուի:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․