20 Մարտ, Դշ, Մեծ Պահքի ԺԷ օր

Գրքեր

Բ Օրենք 7.11-8.1

7.11 Պէտք է պահես քեզ հաղորդած իմ պատուիրանները, օրէնքներն ու կանոնները: 12 «Եթէ ենթարկուես այս բոլոր օրէնքներին եւ պահես ու գործադրես դրանք, ապա քո Տէր Աստուածը կկատարի իր արած ուխտն ու ողորմածութիւնը, ինչպէս որ երդուել է մեր հայրերին: 13 Նա կսիրի, կօրհնի ու կբազմացնի քեզ: Նա կօրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու իւղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հօտերը այն երկրում, որ երդուեց Տէրը տալ քո հայրերին: 14 Օրհնեալ կլինես դու, քան բոլոր ազգերը: Դու եւ քո անասունները ամուլ ու ստերջ չէք լինի: 15 Տէրը քեզնից կվերացնի բոլոր հիւանդութիւնները: Եգիպտացիների բոլոր սոսկալի ցաւերը, որոնք դու տեսար եւ իմացար, Տէրը քեզ վրայ չի բերի, այլ դրանք կտայ քո թշնամիներին եւ բոլոր քեզ ատողներին: 16 Դու կսպառես աւարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնել քո Տէր Աստուածը: Քո աչքը թող չխնայի նրանց, եւ չպաշտես նրանց կուռքերը, որովհետեւ նրանք քեզ համար որոգայթ են: 17 Եթէ քո մտքում ասես, թէ՝ “Այդ ազգի մարդիկ մեզնից շատ են. ես ինչպէ՞ս կարող եմ կոտորել նրանց”, 18 ապա մի՛ վախեցիր նրանցից: Լաւ յիշի՛ր, թէ քո Տէր Աստուածը ինչ բերեց փարաւոնի, նրա ծառաների ու բոլոր եգիպտացիների գլխին. 19 ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործութիւններ, որ նա արեց ամուր ձեռքով եւ հզօր բազկով: Ինչպէս որ քո Տէր Աստուածը քեզ դուրս բերեց այնտեղից, նոյնը կանի քո Տէր Աստուածը այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու: 20 Քո Տէր Աստուածը նրանց վրայ իշամեղուներ կուղարկի, մինչեւ որ կոտորուեն վերապրողները եւ նրանք, որ թաքնուել են քեզնից: 21 Մի՛ վախեցիր նրանց ներկայութիւնից, որովհետեւ քո մեծ ու հզօր Տէր Աստուածը քո մէջ է: 22 Քո Տէր Աստուածը այդ ազգերին քո ներկայութիւնից կվերացնի սակաւ առ սակաւ: Դու չես կարող նրանց միանգամից կոտորել, որպէսզի երկիրն ամայի չդառնայ, եւ անապատի գազանները չբազմանան քո շուրջը: 23 Քո Տէր Աստուածը նրանց կյանձնի քո ձեռքը եւ նրանց կկոտորի մեծ պատուհասների մատնելով, մինչեւ որ մէջտեղից վերացնի նրանց: 24 Նա նրանց թագաւորներին կյանձնի քո ձեռքը, եւ դու նրանց անունները կջնջես երկրի երեսից: Ոչ ոք չի կանգնի քո դէմ, մինչեւ որ բնաջնջես նրանց: 25 Նրանց կռածոյ աստուածները կայրես հրով: Դրանց վրայ եղած արծաթի ու ոսկու վրայ աչք չունենաս, չվերցնես դրանք, որպէսզի դրանով մեղք գործած չլինես. դա քո Տէր Աստծոյ համար գարշելի է: 26 Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպէսզի դու էլ դրա նման նզովուած չլինես: Դու պէտք է բոլորովին զզուես եւ պիղծ համարես դա, որովհետեւ դա նզովուած է:

8.1 Տեսէ՛ք, որ կատարուեն ձեզ հաղորդած իմ բոլոր պատուիրանները, որպէսզի ապրէք, բազմապատկուէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․