20 Մարտ, Դշ, Մեծ Պահքի ԺԷ օր

Գրքեր

Հոբ 9.1-10.2

9.1 Յոբը խօսեց ու ասաց. 2 «Ճշմարտապէս գիտեմ, որ այդ այդպէս կլինի. ինչպէ՞ս կարող է մարդ արդար լինել Աստծոյ առաջ: 3 Եթէ Աստուած ուզի դատ տեսնել իր հետ, նրան չի լսելու, որովհետեւ հազար խօսքին մի խօսքով իսկ պատասխան չի տալու: 4 Աստուած մտքով իմաստուն է, զօրաւոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դէմ յամառել ու յաջողութիւն գտել: 5 Չեն իմանում, թէ նա, որ մաշում է լեռները, բարկութեամբ կտապալի էլ դրանք: 6 Նա է, որ երկնքի ներքոյ շարժում է գետինը հիմքերից, եւ նրա սիւները դողում են: 7 Նա է, որ հրամայում է արեգակին, ու սա չի ծագում, փակում է աստղերի դէմը: 8 Նա է, որ միայնակ տարածել է երկինքը եւ ծովի վրայ այնպէս է շրջում, ինչպէս ցամաքի վրայ: 9 Նա է, որ ստեղծել է Բազմաստղն ու Գիշերաստղը, Սայլն ու Մազարոթը: 10 Նա է, որ արարում է մեծամեծ ու անքննելի, փառաւոր ու հրաշակերտ բաները, որոնց թիւ ու համար չկայ: 11 Եթէ ինձնից վեր բարձրանայ, չեմ տեսնի, իսկ եթէ կողքովս անցնի, այդպէս էլ չեմ իմանայ: 12 Եթէ ոչնչացնի, ո՞վ յետ կպահի նրան կամ ո՞վ նրան կասի՝ ի՞նչ արեցիր: 13 Ետ դարձաւ նա բարկութիւնից, եւ նրանից սարսեցին կէտերը, որ երկնքի ներքոյ են: 14 Երանի՜ թէ լսի ինձ եւ իրաւացի համարի իմ խօսքերը: 15 Եթէ արդար լինեմ, ու ինձ չլսի, նրա դատաստանն եմ աղերսելու: 16 Իսկ եթէ աղաղակեմ իրեն, ու լսի, հաւատալս էլ չի գալու, որ հէնց լսել է ինձ: 17 Փոթորիկով չի ոչնչացնելու ինձ: Բազում են հարուածները, որ ինձ զուր տեղը հասցրել է. ինձ հանգիստ էլ չի տալիս: 18 Դառնութեամբ է լցրել ինձ. 19 քանի որ հզօր է, բռնանում է: Եւ հիմա այն ո՞վ է, որ նրա դատաստանին հակառակ կկանգնի: 20 Եթէ արդար լինեմ, բերանս ինձ ամբարիշտ կդարձնի, անարատ լինեմ՝ կամակոր կդառնամ: 21 Իսկ եթէ հոգով մեղանչել եմ, չգիտեմ. գիտեմ միայն, որ կեանքս խլում են ինձնից: 22 Դրա համար եմ ասել. “Բարկութիւնը կործանում է մեծին ու հզօրին”: 23 Չարերը սաստիկ մահով են կորչելու. արդարներն էլ ծաղրի են ենթարկւում, քանի որ մատնւում են ամբարշտի ձեռքը: 24 Նա դատաւորների երեսն է ծածկում. եթէ նա չէ ծածկողը, ապա ո՞վ է: 25 Սակայն սուրհանդակից էլ արագ անցաւ իմ կեանքը. փախաւ այն ու չերեւաց: 26 Կգտնուի՞ նաւերի ճանապարհի կամ թռչող, կեր փնտրող արծուի հետքը: 27 Եթէ ասեմ, թէ մոռանալու եմ գանգատուելը, երեսս գետնին խոնարհելով՝ հեծեծեմ, 28 դողը կպատի իմ բոլոր անդամները, քանզի գիտեմ, որ ինձ անմեղ չես համարելու: 29 Եթէ ամբարշտութիւն էի անում, ինչո՞ւ չմեռայ: 30 Եթէ ձիւնով իսկ լուացուէի ու ձեռքերս էլ օշնանով մաքրէի, 31 դարձեալ սաստիկ աղտեղութեամբ կներկէիր ինձ՝ պատմուճանս իմ աչքերին զազրելի դարձնելով. 32 քանզի դու մարդ չես ինձ նման, որի հետ դատ անէի ես, եւ որպէս հաւասար դատաստանի գայինք: 33 Ո՜ւր է թէ մի միջնորդ լինէր, դիմացս գար ու դատ անէր երկուսիս միջեւ: 34 Նա անպայման կհեռացնէր ինձնից խարազանը, եւ դրա ահն ինձ չէր սարսափեցնի. 35 էլ չէի վախենայ, այլ կխօսէի. բայց գիտեմ, որ այդպէս չէ. որ ինքս մենակ եմ տանջւում:

10.1 Հծծիւնով կհասցնեմ նրան իմ խօսքերը. կխօսեմ թախծոտած իմ հոգու դառնութեամբ: 2 Ու կասեմ. “Տէ՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ լինեմ ամբարիշտ”. եւ ինչո՞ւ դատեցիր այսպէս ինձ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․