Գրքեր

Երգ երգոց 1.1-2.3

1:1 Հարսն ասում է. Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով: 2 Քո ստինքներն աւելի լաւ են գինուց, եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից: Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ, 3 եւ դէպի իրենց ձգեցին քեզ: Մենք կը գանք քո օծման իւղերի հոտի յետեւից»: Հարսն օրիորդներին պատմում է, թէ Փեսան ինչ է շնորհել իրեն. «Արքան ինձ իր սենեակը տարաւ»: Հարսը պատմում է օրիորդներին, եւ նրանք ասում են. «Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով, եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի»: Օրիորդները Հարսին յայտնում են Փեսայի անունը. «Արժանին սիրեց քեզ»: Հարսն ասում է. 4 «Ես սեւ եմ եւ գեղեցիկ, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, Կեդարի վրանների պէս եւ Սողոմոնի խորանի նման: 5 Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել, քանզի խէթ նայեց արեգակն ինձ: Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրին, բայց ես իմ այգին չպահպանեցի»: Հարսն ասում է Փեսային. 6 «Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ու՞ր ես քո հօտը հովուում, ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»: Փեսան ասում է հարսին. 7 «Եթէ չգիտես, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, թէ որտեղ կը գտնես ինձ, գնա՛ հօտերի ոտնահետքերով եւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ: 8 Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին»: Օրիորդներն ասում են Հարսին. 9 «Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման, եւ գեղեցիկ է քո պարանոցը, ասես մանեակներով զարդարուած լինի: 10 Մենք քեզ կը զուգենք ոսկէ զարդի պէս, որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով, 11 մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի»: Հարսն ասում է իր եւ Փեսայի մասին. 12 «Իմ նարդոսը իր հոտը բուրեց. ստաշխի փունջ է իմ սիրեցեալն ինձ համար, որ պիտի հանգստանայ իմ ստինքների միջեւ: 13 Նոճու ողկոյզ է իմ սիրեցեալն ինձ համար՝ Ենգադդի այգիների մէջ»: Փեսան ասում է Հարսին. 14 «Ահաւասիկ, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների»: Հարսն ասում է Փեսային. 15 «Ի՜նչ բարետես ես, ահա, ո՛վ իմ սիրեցեալ, եւ որքա՜ն գեղեցիկ ես գահաւորակի վրայ՝ հովանու ներքոյ: 16 Մեր տան գերանները մայրիներ են, եւ նոճիներ են մեր առաստաղները»:

2:1 Փեսան ասում է իր եւ Հարսի մասին. «Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան: 2 Ինչպէս շուշանն է փշերի մէջ, այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ»: Հարսն ասում է Փեսային. 3 «Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ: Ցանկացայ նստել նրա հովանու տակ եւ նստեցի. եւ քաղցր է նրա պտուղն իմ կոկորդում»: Հարսն ասում է օրիորդներին.

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․