Գրքեր

Եբրայեցիներ 6.9-7.10

6.9 Սիրելինե՛ր, թէպէտ եւ այսպէս եմ խօսում, բայց վստահ եմ ձեզ վրայ, որ լաւագոյն ուղու վրայ էք, մանաւանդ որ այն առաջնորդում է փրկութեան: 10 Անարդար չէ Աստուած, որ մոռանայ ձեր գործերը եւ սէրը, որ ցոյց տուեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին եւ ծառայում էք մինչեւ այժմ: 11 Եւ մենք ցանկանում ենք, որ ձեզնից իւրաքանչիւրը նոյն փութաջանութիւնը ցուցաբերի, որպէսզի հաստատ մնայ ձեր յոյսը մինչեւ վերջ: 12 Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ՝ նմանուէք նրանց, որ հաւատով եւ համբերութեամբ ժառանգեցին խոստումները: 13 Երբ Աստուած Աբրահամին իր խոստումը տուեց – քանի որ չկար աւելի մեծ մէկը, որ նրանով երդուէր – 14 նա ինքն իր վրայ երդուեց եւ ասաց. «Այո՛, օրհնելով պիտի օրհնեմ քեզ եւ բազմացնելով պիտի բազմացնեմ քեզ»: 15 Եւ այսպէս, համբերատար լինելով, Աբրահամը հասաւ խոստմանը: 16 Արդարեւ, մարդիկ երդւում են նրանով, ով մեծ է իրենցից. եւ նրանց մէջ եղած ամէն հակառակութեան վերջնական վճիռը երդումն է: 17 Ահա թէ ինչու Աստուած, կամենալով առաւել եւս ցոյց տալ իր նպատակի անփոփոխ լինելը խոստման ժառանգորդներին, օգտագործեց երդումը, 18 որպէսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցոյց են տալիս, թէ անհնար է, որ Աստուած սուտ խօսած լինի, մենք հաստատուն մխիթարութիւն ունենանք. մենք, որ ապաստան գտանք՝ կառչելու հանդերձեալ յոյսից, 19 որը հաստատուն եւ անշարժ խարիսխ է մեզ համար. յոյս, որ թափանցում է վարագոյրից այն կողմ, 20 ուր մեր Նախակարապետը՝ Յիսուս, մտաւ մեզ համար՝ լինելով յաւիտենական Քահանայապետ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի:

7.1 Քանզի այս Մելքիսեդեկը թագաւոր էր Սաղէմի, բարձրեալ Աստծոյ քահանայ, որ Աբրահամին ընդառաջ ելաւ, երբ նա վերադառնում էր թագաւորների կոտորածից, եւ օրհնեց նրան. 2 եւ Աբրահամը ամէն ինչից տասանորդներ տուեց նրան. «Մելքիսեդեկ» նախ թարգմանւում է «արդարութեան թագաւոր», ապա՝ «թագաւոր Սաղէմի», այսինքն՝ թագաւոր խաղաղութեան: 3 Նա անհայր, անմայր էր, առանց ազգատոհմի. ո՛չ օրերի սկիզբ ունէր եւ ո՛չ կեանքի վախճան. նմանուելով Աստծոյ Որդուն՝ նա կայ ու մնում է մշտնջենապէս քահանայ: 4 Արդ, տեսէ՛ք, թէ ինչպիսի՜ մէկն էր սա, որին Աբրահամ նահապետն էլ տասանորդներ տուեց աւարից: 5 Եւ Ղեւիի զաւակներից նրանք, որ քահանայութիւն են ստանում, իրաւունք ունեն, ըստ օրէնքի, տասանորդ վերցնել ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թէկուզ եւ վերջիններս Աբրահամի զաւակներ լինեն: 6 Իսկ նրանց ազգատոհմից չհամարուածը տասանորդ վերցրեց Աբրահամից եւ օրհնեց նրան, ով ընդունել էր խոստումը: 7 Արդ, ամէն հակաճառութիւնից վեր է այն, որ օրհնողն աւելի բարձր է, քան օրհնուողը: 8 Եւ այստեղ մահկանացու մարդիկ են տասանորդներ առնում, բայց այնտեղ՝ նա, ով վկայում է, թէ կենդանի է: 9 Եւ ինչպէս խօսքի կարգ է ասել, Ղեւին իսկ, որ տասանորդներ էր առնում, Աբրահամի միջոցով տասանորդ տալու ենթարկուեց, 10 որովհետեւ նա դեռ իր հօր կողում էր, երբ Մելքիսեդեկը նրան ընդառաջ ելաւ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․