Գրքեր

Հռոմեացիներ 12.1-13.10

12.1 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ողորմութեամբ Աստծոյ, որ պատրաստէք ձեր մարմինները որպէս զոհ կենդանի, սուրբ, աստուածահաճոյ. այդ է ձեր բանական պաշտամունքը: 2 Եւ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի դուք քննէք լաւը, եւ թէ ինչ է Աստծոյ կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը: 3 Աստծոյ՝ ինձ տուած շնորհով այս եմ ասում ձեզնից իւրաքանչիւրին. դուք ձեզ աւելի մի՛ գնահատէք, քան ինչ որ է ձեր արժանիքը. այլ իւրաքանչիւրդ ձեր մասին խորհեցէք զգաստութեամբ՝ այն հաւատի չափով, որ Աստուած բաժանեց: 4 Ինչպէս մի մարմնի մէջ բազում անդամներ ունենք, եւ բոլոր անդամները նոյն գործը չեն անում, 5 այդպէս եւ մենք, թուով շատ, մի մարմին ենք Քրիստոսով, բայց իւրաքանչիւրս միմեանց անդամ ենք: 6 Բայց մենք ունենք տեսակ-տեսակ պարգեւներ՝ ըստ այն շնորհների, որ տրուած են մեզ. եթէ մարգարէութեան շնորհ է՝ ըստ հաւատի չափի. 7 եթէ ծառայութեան՝ թող ծառայի. եթէ մէկն ուսուցանում է, թող ուսուցանի. 8 եթէ յորդորում է, թող յորդորի. ով առատաձեռն է, թող անի զուարթութեամբ. ով վերակացու է՝ փութաջանութեամբ. ով ողորմում է՝ խնդութեամբ: 9 Սէր առանց կեղծիքի. ատելով չարը՝ ընթանալ բարու յետեւից. 10 եղբայրասիրութեան մէջ միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ միմեանց գերազանցել. 11 ջանասիրութեան մէջ չլինել թուլասիրտ. հոգով եռացէք. Տիրոջը ծառայեցէք. 12 յոյսով ուրախացէք. նեղութեան համբերեցէք, յաճախակի աղօթեցէք. 13 հաղորդակից եղէք սրբերի կարիքներին. հետամուտ եղէք հիւրասիրութեան: 14 Օրհնեցէք ձեզ հալածողներին. օրհնեցէք եւ մի՛ անիծէք. 15 ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լալ. 16 համերաշխ եղէք միմեանց հետ. մի՛ մեծամտացէք, այլ խոնարհ եղէք խոնարհների հանդէպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրէք. 17 մէկի չարի փոխարէն չար մի՛ հատուցէք. խորհեցէք բարին բոլոր մարդկանց առաջ. 18 ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէք. 19 ինքներդ վրէժխնդիր մի՛ եղէք, սիրելինե՛ր, այլ թոյլ տուէք, որ Աստծոյ բարկութիւնը կատարի այն. որովհետեւ գրուած է. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կհատուցեմ»,– ասում է Տէրը. 20 այլեւ՝ «Եթէ քաղցած է քո թշնամին, հաց տուր նրան, եւ եթէ ծարաւ՝ ջուր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին»: 21 Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիով յաղթիր չարին:

13.1 Ամէն մարդ, որ իշխանութեան տակ է, թող հպատակուի նրան. քանզի չկայ իշխանութիւն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանութիւնները Աստծուց են կարգուած: 2 Հետեւաբար, ով հակառակւում է իշխանութեանը, Աստծոյ հրամանին է հակառակւում. եւ նրանք, որ հակառակւում են, իրենց դատաստանն են ընդունում. 3 քանի որ իշխանաւորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ՝ չար գործերի: Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանութիւնից. բարին գործիր եւ նրանից գովասանք կստանաս, 4 որովհետեւ նա Աստծոյ պաշտօնեայ է քեզ՝ բարի գործերի համար. իսկ եթէ չար գործես, վախեցիր, քանի որ սուրը մէջքին զուր չէ կապուած. Աստծոյ սպասաւոր է նա՝ վրէժխնդիր բարկութեան համար նրա դէմ, ով չարն է գործում. 5 դրա համար պէտք է հնազանդուել ոչ միայն բարկութեան համար, այլ նաեւ խղճմտանքի պատճառով. 6 ահա թէ ինչու հարկեր էք վճարում, որովհետեւ նրանք Աստծոյ սպասաւորներ են՝ այդ բանին կանխապէս նշանակուած: 7 Արդ, հատուցեցէք իւրաքանչիւրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկիւղ՝ երկիւղը, որին պատիւ՝ պատիւը: 8 Եւ ոչ ոքի պարտապան մի՛ մնացէք, բացի միմեանց սիրելուց, քանի որ ով սիրում է ընկերոջը, կատարում է օրէնքը: 9 «Մի՛ շնացիր»-ը, «մի՛ սպանիր»-ը, «մի՛ գողացիր»-ը, «սուտ մի՛ վկայիր»-ը, «մի՛ ցանկացիր»-ը եւ ուրիշ ինչ պատուիրան էլ որ կայ, այս խօսքի մէջ է բովանդակւում, թէ՝ «Սիրիր քո ընկերոջը, ինչպէս քո անձը». 10 սէրն իր ընկերոջը չար բան չի անի. սէրն է օրէնքի լրումը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․