Գրքեր

Գործք 2.22-41

22 Ո՛վ իսրայէլացիներ, լսեցէ՛ք այս խօսքերը. Յիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստուած ձեզ ներկայացրեց զօրութեամբ, նշաններով ու զարմանալի գործերով, որ Աստուած նրա միջոցով արեց ձեր մէջ, ինչպէս դուք իսկ գիտէք այդ, 23 Աստծոյ սահմանած խորհրդով եւ կանխագիտութեամբ անօրէնների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրայ գամեցիք եւ սպանեցիք. 24 նրան Աստուած յարութիւն տուեց՝ քանդելով մահուան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահը իշխէր նրան: 25 Ինքը Դաւիթը Յիսուսի մասին ասում է. “Նախապէս Տիրոջը ամէն ժամ տեսնում էի իմ առաջ, որովհետեւ նա իմ աջում է, որպէսզի չսասանուեմ. 26 դրա համար իմ սիրտը ուրախ եղաւ, եւ իմ լեզուն ցնծաց, եւ իմ մարմինն էլ պիտի ապրի յոյսով, 27 որովհետեւ իմ անձը գերեզմանում չես թողնելու եւ ոչ էլ թոյլ ես տալու, որ քո Սրբի մարմինը ապականուի. 28 ինձ ցոյց տուեցիր կեանքի ճանապարհները, քաղցրօրէն լցրիր ինձ քո ներկայութեան ուրախութեամբ”: 29 Ո՛վ եղբայրներ, պէտք է վստահութեամբ ասել Դաւիթ նահապետի մասին, որ ե՛ւ մեռաւ, ե՛ւ թաղուեց, ու նրա գերեզմանը կայ մեր մէջ մինչեւ այսօր. 30 բայց որովհետեւ նա մարգարէ էր եւ գիտէր, որ Աստուած նրան երդուելով խոստացաւ նրա որովայնի պտղից մէկին նստեցնել իր գահի վրայ, 31 ուստի կանխօրօք գիտենալով՝ խօսեց Քրիստոսի յարութեան մասին, թէ՝ “Նրա անձը գերեզմանում չթողնուեց, եւ ոչ էլ նրա մարմինը ապականութիւն տեսաւ”: 32 Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց, որին մենք ամէնքս վկայ ենք. 33 Աստծոյ աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումն ընդունելով Հօրից՝ սփռեց այս, որ դուք այժմ տեսնում էք ու լսում. 34 որովհետեւ Դաւիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է. “Տէրն ասաց իմ Տիրոջը. "Նստի՛ր իմ աջ կողմը, 35 մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ տակ իբրեւ պատուանդան դնեմ"”: 36 Արդ, Իսրայէլի ամբողջ տունը վստահօրէն թող իմանայ, որ Աստուած նրան ե՛ւ Տէր, ե՛ւ Օծեալ արեց՝ այն Յիսուսին, որին դուք խաչեցիք»: 37 Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին ու միւս առաքեալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»: 38 Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցէ՛ք, եւ ձեզնից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողութեան համար, եւ պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգեւը. 39 որովհետեւ խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռաւորների համար, որոնց կկանչի մեր Տէր Աստուածը»: 40 Եւ Պետրոսը ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից»: 41 Ոմանք, յօժարութեամբ ընդունելով նրա խօսքը, մկրտուեցին. եւ այն օրը նրանք մօտ երեք հազար հոգով աւելացան:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․