Գրքեր

Գործք 4.13-31

13 Պետրոսի եւ Յովհաննէսի համարձակութեանն ի տես եւ վերահասու լինելով, որ նրանք տգէտ եւ անուս մարդիկ են, զարմացան, որովհետեւ ճանաչում էին նրանց, որ Յիսուսի հետ էին. 14 եւ տեսնում էին նաեւ բժշկուած մարդուն, որ կանգնած էր նրանց հետ, եւ չէին կարողանում որեւէ պատասխան տալ: 15 Եւ նրանց հրամայելով, որ ատեանից դուրս ելնեն, խորհրդակցեցին միմեանց հետ ու ասացին. 16 «Ի՞նչ պիտի անենք այս մարդկանց հետ, քանի որ նրանց միջոցով աչքի ընկնող նշան կատարուեց. Երուսաղէմի բոլոր բնակիչներին արդէն յայտնի է, եւ մենք չենք կարող ուրանալ: 17 Բայց որպէսզի ժողովրդի մէջ առաւել չտարածուի, սպառնանք նրանց, որ ոչ մի մարդու այդ անունով այլեւս չխօսեն»: 18 Եւ նրանց կանչելով՝ պատուիրեցին Յիսուսի անունով ամենեւին չխօսել եւ չուսուցանել: 19 Իսկ Պետրոսն ու Յովհաննէսը պատասխանեցին եւ ասացին նրանց. «Եթէ Աստծոյ առաջ արդար է առաւել ձեզ լսել, քան Աստծուն, ինքնե՛րդ որոշեցէք: 20 Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք եւ լսել»: 21 Նրանք սպառնալով արձակեցին նրանց՝ ոչ մի միջոց չգտնելով, թէ ինչպէս պատժեն նրանց՝ ժողովրդի պատճառով. որովհետեւ բոլորը փառաւորում էին Աստծուն կատարուած բաների համար, 22 քանի որ այն մարդը, որի վրայ բժշկութեան այս նշանը կատարուեց, աւելի քան քառասուն տարեկան էր: 23 Եւ այնտեղից ազատ արձակուելով՝ առաքեալները եկան իւրայինների մօտ ու պատմեցին, թէ իրենց ինչ բաներ ասացին քահանայապետներն ու երէցները: 24 Եւ նրանք լսելով՝ իրենց ձայնը բարձրացրին առ Աստուած ու ասացին. «Դու, Տէ՛ր Աստուած, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ ծովը եւ այն ամէնը, ինչ նրանց մէջ կայ, 25 Սուրբ Հոգու միջոցով մեր հօր՝ Դաւթի՝ քո ծառայի բերանով ասացիր. “Ինչո՞ւ խռովուեցին հեթանոսները, եւ ժողովուրդները սին բաների մասին խորհեցին. 26 երկրի թագաւորները իրար մօտ եկան, եւ ժողովրդի իշխանները միասին հաւաքուեցին Տիրոջ եւ նրա Օծեալի դէմ”: 27 Արդարեւ, քո սուրբ Որդու՝ Յիսուսի դէմ, որին դու օծեցիր, այս քաղաքում հաւաքուեցին Հերովդէսը եւ Պոնտիոս Պիղատոսը՝ հեթանոսների եւ Իսրայէլի ժողովուրդների հետ՝ 28 անելու այնչափ, որչափ քո ձեռքը եւ քո կամքը նախապէս սահմանել էին, որ լինի: 29 Եւ արդ, Տէ՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին եւ քո ծառաներին ամենայն համարձակութեամբ քո խօ՛սքը խօսել տուր. 30 եւ երբ քո ձեռքը մեկնես բժշկութեան համար, նաեւ նշաններ եւ զարմանալի գործեր թող լինեն քո սուրբ Որդու՝ Յիսուսի անունով»: 31 Եւ մինչ նրանք աղօթքի մէջ էին, շարժուեց այն տեղը, ուր նրանք հաւաքուած էին: Ամէնքը լցուեցին Սուրբ Հոգով. եւ համարձակութեամբ Աստծոյ խօսքն էին խօսում:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․