Գրքեր

Ավ. ըստ Մարկոսի 11.27-12.17

11.27 Դարձեալ Երուսաղէմ եկան. եւ մինչ նա այնտեղ տաճարում շրջում էր, նրա մօտ եկան քահանայապետները, օրէնսգէտները եւ ծերերը 28 եւ ասացին նրան. «Ի՞նչ իշխանութեամբ ես դու այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»: 29 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, պատասխանեցէ՛ք ինձ, եւ ես ձեզ կասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում. 30 Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞ մարդկանցից. պատասխանեցէ՛ք ինձ»: 31 Նրանք իրար միջեւ խորհում էին ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կասի՝ իսկ ինչո՞ւ նրան չհաւատացիք. 32 իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից ենք վախենում». որովհետեւ բոլորը գիտէին, որ Յովհաննէսը մարգարէ էր: 33 Պատասխան տուեցին եւ Յիսուսին ասացին՝ չգիտենք. եւ Յիսուս նրանց պատասխանեց ու ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում»:

12.1 Եւ սկսեց նրանց հետ առակներով խօսել ու ասել. «Մի մարդ այգի տնկեց եւ նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց եւ աշտարակ շինեց. եւ այն յանձնեց մշակներին ու գնաց ուրիշ երկիր: 2 Երբ ժամանակը հասաւ, մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից: 3 Եւ մշակները, նրան բռնելով, ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին: 4 Դարձեալ նա մի ուրիշ ծառայ ուղարկեց, եւ նրա էլ գլխին հարուածեցին եւ անարգելով արձակեցին: 5 Եւ վերստին մէկ ուրիշին ուղարկեց. սրան էլ սպանեցին. եւ ուրիշ շատերին ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում: 6 Դեռեւս նա մի սիրելի որդի ունէր. վերջում նրան ուղարկեց նրանց մօտ՝ ասելով. «Թերեւս իմ այս որդուց ամաչեն»: 7 Իսկ մշակները, երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. «Ժառանգը սա է. եկէք սպանենք սրան, եւ ժառանգութիւնը մերը թող լինի»: 8 Եւ բռնելով նրան՝ սպանեցին ու հանեցին գցեցին այգուց դուրս: 9 Արդ, այգու տէրն ի՞նչ կանի. կգայ եւ կսպանի մշակներին ու այգին ուրիշների ձեռքը կյանձնի: 10 Դուք չէ՞ք կարդացել Գրքի այն խօսքը, թէ՝ «Այն քարը, որ կառուցողներն անարգեցին, նա եղաւ անկիւնաքար»: 11 Տիրոջ կողմից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է»: 12 Եւ նրանք միջոց էին փնտրում նրան ձերբակալելու, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, որ նա առակը իրենց մասին ասաց: Եւ թողեցին նրան ու գնացին: 13 Եւ նրա մօտ ուղարկեցին փարիսեցիներից եւ հերովդէսականներից ոմանց, որպէսզի նրան խօսքով որսան: 14 Եւ նրանք եկան ու նենգութեամբ հարց էին տալիս եւ ասում. «Վարդապե՛տ, գիտենք, որ դու ճշմարտասէր ես եւ չես քաշւում ոչ ոքից, որովհետեւ մարդկանց աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծոյ ճանապարհն ես ուսուցանում. արդ, ասա՛ մեզ. օրինաւո՞ր է հարկ տալ կայսրին, թէ՞ ոչ. տա՞նք, թէ՞ չտանք»: 15 Յիսուս իմացաւ նրանց կեղծաւորութիւնը եւ ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր. ինձ մի դահեկա՛ն բերէք, որ տեսնեմ»: 16 Եւ նրանք բերեցին: Եւ նրանց ասաց. «Ո՞ւմն է այս պատկերը կամ գիրը»: Եւ նրանք ասացին նրան՝ կայսրինը: 17 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Գնացէք տուէ՛ք կայսրինը կայսերը եւ Աստծունը՝ Աստծուն»: Եւ զարմացան նրա վրայ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․