Գրքեր

Ավ. ըստ Ղուկասի 21.5-38

5 Եւ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թէ գեղեցիկ քարերով եւ աշտարակներով է զարդարուած, նա ասաց. 6 «Այդ բոլորը, որ տեսնում էք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնուի քար քարի վրայ, որ չքանդուի»: 7 Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, ե՞րբ կլինի այդ, եւ ի՞նչ կլինի նշանը, երբ այդ պատահելու լինի»: 8 Եւ նա ասաց. «Զգո՛յշ կացէք, չխաբուէք. որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն, թէ՝ “Ես եմ Քրիստոսը”, եւ թէ՝ “Ժամանակը մօտեցաւ”. նրանց յետեւից չգնա՛ք: 9 Եւ երբ լսէք պատերազմների եւ խռովութիւնների մասին, չզարհուրէ՛ք. որովհետեւ պէտք է, որ նախ այդ բաները պատահեն. բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»: 10 Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ. 11 եւ մեծ երկրաշարժեր եւ տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհաւիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից: 12 Բայց այս բոլորից առաջ ձեզ վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար: 13 Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան: 14 Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15 որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակուել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները: 16 Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն: 17 Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար: 18 Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: 19 Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները: 20 Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է: 21 Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմում են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն, 22 որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարուեն բոլոր գրուածները: 23 Բայց այն օրերին վայ է յղիներին եւ ստնտուներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ, եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ: 24 Նրանք սրի պիտի քաշուեն, գերի պիտի տարուեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները: 25 Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ: Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով, 26 աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն: 27 Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով: 28 Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»: 29 Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի. 30 երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը: 31 Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարուած, իմացէ՛ք, որ Աստծոյ արքայութիւնը մօտ է»: 32 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 33 Երկինքը եւ երկիրը կանցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի: 34 Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով, եւ յանկարծակի հասնի ձեզ վրայ այն օրը. 35 որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամէնքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին: 36 Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամէնից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»: 37 Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարում, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լեռան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց: 38 Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ տաճարում նրան լսելու համար:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․