Գրքեր

Գաղատացիներ 4.19-5.1

4.19 որդեակնե՛րս, դո՛ւք, որոնց համար վերստին երկունքի մէջ եմ, մինչեւ որ Քրիստոս կերպարանուի ձեր մէջ: 20 Կուզենայի այժմ լինել ձեզ մօտ եւ փոխել իմ խօսելու ձեւը, որովհետեւ տարակոյսի մէջ եմ ձեզ համար: 21 Ասացէ՛ք ինձ, դուք, որ ուզում էք լինել օրէնքի տակ, օրէնքը չէ՞ք կարդացել. 22 որովհետեւ գրուած է, թէ՝ «Աբրահամը երկու որդի ունէր, մէկը՝ ծնուած աղախնից, եւ մէկը՝ ազատ կնոջից»: 23 Բայց նա, որ աղախնից էր, մարմնական ծնունդ էր, իսկ նա, որ ազատ կնոջից էր, ծնուել էր խոստման համաձայն: 24 Սա այլաբանութիւն է, որովհետեւ սրանք երկու կտակարաններն են. մէկը՝ Սինա լեռից՝ ծնուած ծառայութեան համար. դա Հագարն է. 25 քանզի Հագարը Սինա լեռն է Արաբիայում եւ համապատասխանում է ներկայ Երուսաղէմին, որ իր որդիներով հանդերձ ծառայ է: 26 Իսկ Վերին Երուսաղէմը, որը մեր բոլորի մայրն է, ազատ է. 27 որովհետեւ գրուած է. «Ուրա՛խ եղիր, ամո՛ւլ, դո՛ւ, որ չէիր ծնում. գոչի՛ր եւ աղաղակի՛ր, դո՛ւ, որ երկունքի ցաւ չէիր քաշել. որովհետեւ լքուածիդ զաւակներն աւելի են, քան ամուսին ունեցող կնոջ զաւակները»: 28 Արդ, մենք, եղբայրնե՛ր, խոստման որդիներ ենք՝ Իսահակի նման: 29 Եւ ինչպէս այն ժամանակ նա, որ մարմնական ծնունդ էր, հալածում էր նրան, որ ըստ հոգու էր ծնուել, այդպէս է եւ այժմ: 30 Եւ ի՞նչ է ասում Գիրքը. «Հեռո՛ւ վանիր այդ աղախնին եւ դրա որդուն, որպէսզի այդ աղախնի որդին ազատի որդուն ժառանգակից չլինի»: 31 Դրա համար, եղբայրնե՛ր, աղախնի որդիներ չենք, այլ ազատի՝ այն ազատութեամբ, որով Քրիստոս մեզ ազատ դարձրեց:

5.1 Ուրեմն, պի՛նդ կացէք եւ վերստին ծառայութեան լծի տակ մի՛ մտէք:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․