19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Ա Թեսաղոնիկեցիներ 2.1-12

1 Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտէք, որ իզուր չեղաւ մեր մուտքը ձեր մէջ, 2 այլ նախապէս չարչարուելով եւ անարգուելով Փիլիպէում, ինչպէս որ դուք էլ գիտէք, մեր Աստծով համարձակուեցինք պատմել ձեզ Աստծոյ աւետարանը՝ մեծ ընդդիմութեան հանդիպելով. 3 որովհետեւ մեր յորդորը ո՛չ մոլորութիւնից է, ո՛չ պղծութիւնից եւ ո՛չ էլ նենգամտութիւնից: 4 Այլ ինչպէս ընտրուեցինք Աստծուց՝ հաւատարիմ լինելու աւետարանին, այնպէս էլ խօսում ենք հաճելի լինելու համար ոչ թէ մարդկանց, այլ Աստծուն, որ քննում է մեր սրտերը. 5 շողոքորթութեան խօսքեր երբեք չգործածեցինք ձեզ մօտ, ինչպէս որ դուք էլ գիտէք. եւ ոչ էլ եղանք ձեր մէջ ագահութիւնից մղուած, ինչպէս որ Աստուած էլ վկայ է. 6 եւ փառք չփնտրեցինք մարդկանցից՝ ո՛չ ձեզնից եւ ո՛չ էլ ուրիշներից: 7 Կարող էինք, որպէս Քրիստոսի առաքեալներ, ծանրութիւն դառնալ ձեզ, բայց համեստ եղանք ձեր մէջ, ինչպէս մի դայեակ, որ մանուկներ է խնամում: 8 Նոյն ձեւով մենք էլ գթացինք ձեզ. յօժար էինք ձեզ տալ ոչ միայն Աստծոյ աւետարանը, այլեւ մեր անձը, քանի որ մեր սիրելիներն էիք եղել: 9 Եղբայրնե՛ր, յիշեցէ՛ք մեր վաստակը եւ ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք ձեզնից որեւէ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. եւ ձեզ քարոզում էինք Աստծոյ աւետարանը: 10 Վկայ էք դուք ինքներդ, վկայ է նաեւ Աստուած, թէ ինչպէս սրբութեամբ, արդարութեամբ եւ անբասիր կերպով վարուեցինք ձեզ՝ հաւատացեալներիդ հետ. 11 ինչպէս գիտէք էլ, ձեզնից իւրաքանչիւրին, ինչպէս հայրը՝ որդիներին, 12 մխիթարում էինք եւ սփոփում ու վկայութիւն էինք տալիս, որ դուք ընթանաք Աստծուն արժանի կերպով, որը կանչեց ձեզ իր արքայութեանը եւ փառքին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․