Գրքեր

Բ Օրենք 10.1-15

1 Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. “Երկու քարէ տախտակ կոփի՛ր նախկինների նման ու բարձրացի՛ր լեռը: Փայտից տապանակ պատրաստի՛ր քեզ համար, 2 եւ ես այդ տախտակների վրայ կգրեմ այն նոյն պատգամները, որ գրուած էին քո ջարդած առաջին տախտակների վրայ: Դրանք կդնես տապանակի մէջ”: 3 Ես կարծր փայտից տապանակ պատրաստեցի, առաջինների պէս երկու քարէ տախտակներ կոփեցի եւ բարձրացայ լեռը: Երկու տախտակներն իմ ձեռքին էին: 4 Նա նախկինում գրածի նման երկու տախտակների վրայ գրեց այն տասը պատուիրանները, որ Տէրը ձեզ հաղորդել էր լեռան վրայ, կրակի միջից, եւ Տէրը դրանք տուեց ինձ: 5 Ես նորից իջայ լեռից ու տախտակները դրեցի տապանակի մէջ. եւ դրանք այնտեղ են մնում, ինչպէս պատուիրել էր ինձ Տէրը: 6 Իսրայէլացիները Յակիմի որդիների Բերոթ բնակավայրից չուեցին դէպի Սադայի: Ահարոնը մեռաւ այնտեղ ու այնտեղ թաղուեց: Նրա որդի Եղիազարը քահանայ դարձաւ նրա փոխարէն: 7 Այնտեղից չուեցին դէպի Գադգադ, Գադգադից՝ դէպի Ետակա՝ ջրի վտակների երկիրը: 8 Այդ ժամանակ Տէրը Ղեւիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջեւ, ծառայեն նրան ու նրա անունով աղօթք անեն, ինչպէս որ լինում է մինչեւ այսօր: 9 Այդ իսկ պատճառով ղեւտացիներն իրենց եղբայրների մէջ բաժին ու ժառանգութիւն չունեն, քանի որ Տէրն ինքն է նրանց բաժինն ու ժառանգութիւնը, ինչպէս որ ասաց նրանց: 10 Քառասուն օր, քառասուն գիշեր ես մնացի լեռան վրայ, եւ Տէրն ինձ լսեց այս անգամ էլ ու չուզեց կոտորել ձեզ: 11 Տէրն ինձ ասաց. “Գնա՛, քայլի՛ր քո այդ ժողովրդի առջեւից, որպէսզի նրանք մտնեն ու ժառանգեն այն երկիրը, որ երդումով խոստացայ տալ նրանց հայրերին”: 12 Արդ, Իսրայէ՛լ, ի՞նչ է պահանջում քեզնից քո Տէր Աստուածը. միայն այն, որ երկնչես քո Տէր Աստծուց, ընթանաս նրա ցոյց տուած ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էութեամբ, 13 պահես քո Տէր Աստծոյ պատուիրաններն ու նրա օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպէսզի քեզ համար լաւ լինի: 14 Երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մէջ գտնուող ամէն ինչ պատկանում են քո Տէր Աստծուն: 15 Տէրը, սակայն, բարեհաճ գտնուեց ու սիրեց ձեր հայրերին եւ նրանցից յետոյ ընտրեց ձեզ՝ նրանց յետնորդներին, բոլոր ազգերի միջից, ինչպէս որ տեսնում էք մինչեւ այսօր:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․