Գրքեր

Ավ. ըստ Մատթեոսի 17.21-18.9

17.21 Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդո Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, 22 ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Եւ նրանք շատ տխրեցին: 23 Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամեան տուրքը պահանջողները մօտեցան Պետրոսին եւ ասացին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ տալիս»: Եւ Պետրոսն ասաց՝ այո՛: 24 Եւ երբ տուն մտան, Յիսուս կանխեց նրան ու ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ումի՞ց են առնում՝ իրենց որդիների՞ց, թէ՞ օտարներից»: 25 Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեմն որդիներն ազատ են: 26 Բայց որպէսզի նրանց չգայթակղենք, գնա՛ ծով ու կարթ գցիր, եւ առաջին ձուկը, որ դուրս կելնի, վերցրու ու բա՛ց նրա բերանը եւ մի արծաթ դրամ կգտնես. այն ա՛ռ եւ իմ ու քո տեղ նրանց կտաս»:

18.1 Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ»: 2 Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ 3 ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի: 4 Արդ, ով իր անձը խոնարհեցնում է, ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա է մեծ: 5 Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունի, ի՛նձ կընդունի: 6 Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղի, նրա համար լաւ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը: 7 Վա՜յ աշխարհին գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է, որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգայ գայթակղութիւնը: 8 Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես: 9 Եւ եթէ քո աչքն է գայթակղում քեզ, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միաչքանի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս եւ ընկնես գեհենի կրակը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․