Գրքեր

Ավ. ըստ Հովհաննեսի 13.31-14.13

13.31 Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրանով, 32 քանի որ եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կփառաւորի իրենով. եւ իսկոյն կփառաւորի նրան: 33 Որդեակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտրէք, եւ ինչպէս ասացի հրեաներին՝ «ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ», այժմ այդ ձեզ էլ եմ ասում: 34 Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք: 35 Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»: 36 Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ո՞ւր ես գնում»: Յիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ յետեւից չես կարող գալ, բայց յետոյ կգաս իմ յետեւից»: 37 Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող քո յետեւից գալ. այժմուանից իսկ իմ կեանքը քեզ համար կտամ»: 38 Յիսուս պատասխանեց. «Ինձ համար կեա՞նքդ կտաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու երեք անգամ ինձ ուրացած կլինես»:

14.1 Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ: 2 Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. 3 եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կգամ եւ ձեզ կվերցնեմ ինձ մօտ, որպէսզի ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք: 4 Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք եւ ճանապարհը»: 5 Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»: 6 Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը: Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձնով: 7 Եթէ ինձ ճանաչէիք, ապա կճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»: 8 Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»: 9 Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր: 10 Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ: Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա է անում գործերը: 11 Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի համար հաւատացէք ինձ: 12 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ով հաւատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից աւելի մեծերը կանի, որովհետեւ ես գնում եմ Հօր մօտ: 13 Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կանեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․