Ֆիլմերի քննարկում, որ երիտասարդների առջև բաց արեց մնայուն երջանկության բանաձևը

Հունիսի 8-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Հոգեգալստյան տոնը: Սուրբ Երրորդության երրորդ անձը՝ Սուրբ Հոգին, Իր շնորհներն է բաշխում քրիստոնյաներին  մկրտությունից ի վեր: Տոնի հիշեցումներից է՝ աստվածային շնորհները գործածել ի փառս Աստծու: Այս պատգամին հետևողները կյանքի բոլոր՝ այդ թվում նաև արվեստի բնագավառում, բարի պտուղներ են տալիս և աստվածահաճո գործեր արարում:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հերթական՝ հունիսի 8-ի բանախոսության թեման կինորավեստն էր: Սուրբ Պատարագի ավարտին երիցատան դահլիճում երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր դերասանուհի, «Արև երեխաներ» ՀԿ-ի «Արևի» թատրոնի  գեղավեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արևիկ Յայլոյանին: Հանդիպումը, երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: 

«Մենք արվեստում, արվեստը մեր մեջ. կինոարվեստ» խորագիրը կրող բանախոսությանը երիտասարդները նախապատրաստվել էին՝ դիտելով բանախոսի առաջարկած «Թրումանի շոուն» (The Truman Show, 1998 թ.), «12 զայրացած տղամարդ» (12 Angry Me, 1956 թ. ) և «Հեկտորը և երջանկության որոնումները» (Hector and the Search for Happiness, 2014 թ.) ֆիլմերը:

Արևիկ Յայլոյանը նախ խոսեց, թե ինչ նշանակություն ունի արվեստը մարդու կյանքում՝ անկախ իր ընտրած մասնագիտությունից՝ ընդգծելով արվեստի կարևորագույն կոչերից մեկը. «Արվեստը խոսում է մարդ-Աստված, մարդ-մարդ և մարդ-ինքը հարաբերությունների մասին, կյանքի սրընթաց հոսքի մեջ կոչ անելով կանգ առնել և ինքդ քեզ վերլուծել՝ ինքդ քեզանից և կյանքից չվրիպելու համար»: Ապա  անդրադարձ կատարեց արվեստի ճյուղերից կինոարվեստին՝ նշելով, որ արվեստի այս ճյուղից կարելի է ոչ միայն գեղարվեստական հաճույք ստանալ, այլ այն օգտագործել որպես ինքնազարգացման, տարբեր խնդիրների քննարկման, ինչպես նաև սոցիալական, փիլիսոփայական և գոյաբանական  մի շարք  խնդիրների վեր բարձրացման միջոց:

Իր ելույթում բանախոսն անդրադարձավ երեք ֆիլմերի իմաստային կապին՝ ընդգծելով հետևյալը. ««Թրումանի շոուն»  ֆիլմը վեր է հանում ազատության խնդիրը և նրա էթիկական ու բարոյական սահմանները մարդկային փոխհարաբերություններում: Երկրորդ ֆիլմը՝ «12 զայրացած տղամարդ», պատասխանատվության վերաբերյալ է՝ մարդու պատասխանատվությունն իր և դիմացինի կյանքի նկատմամբ: Վերջին «Հեկտորը և երջանկության որոնումները» ֆիլմի քննարկման թեման երջանկության գաղափարն էր, որը լրացնելով նախորդ ֆիլմերի իմաստային կապը՝ հանգեցնում է երջանկության հետևյալ բանաձևին՝ ազատություն+պատասխանատվություն=իմաստ=երջանկություն, այսինքն՝  ազատությունը պատասխանատվության հետ միասին ձևավորում են իմաստ, որի առկայության դեպքում կարելի է լիարժեք երջանկանալ, ինչի մասին Սուրբ Գիրքը մեզ բազում հորդորներ է հղում. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով» (Փիլիպ. 4:4),  «Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցեք: Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թեսաղ. 5:16-18)»:

Ֆիլմերի իմաստային կողմը բացահայտելու համար՝ Արևիկը երիտասարդների ուշադրությունը նաև հրավիրեց ֆիլմերի գրական հիմքի և վիզուալ շարադրանքի գործիքակազմի վրա՝ իր բոլոր բաղադրիչներով՝ օպերատրական աշխատանք, մոնտաժային լուծումներ, գործածված կոստյումներ, գրիմներ, տեսախցիկի ռակուրս: «Այս ամենն են կինոն սինթետիկ արվեստ դարձնում և որոնց նկատելն ու հասկանալը մեզ օգնում են ավելի խորը, ընդլայնված ու համափարպակ բացահայտել ֆիլմի ասելիքը և դրանով դառնալ համահեղինակ հեղինակի հետ»,- շեշտեց իր խոսքում բանախոսը:

Հանդիպումը ընթանում էր հետաքրքիր հարց ու պատասխաններով, իսկ ֆիլմերի հոգևոր ենթատեքստերի մասին Արևիկ Յայլոյանն ասաց. «Այս ֆիլմերը ուղիղ ձևով չեն խոսում քրիստոնեական արժեքների մասին և Աստվածաշնչին որևէ հղում չեն անում, բայց ֆիլմերն ուղիղ  ձևով կապված են քրիստոնեական կյանքի ու արժեքների հետ և այն ամենի հետ, ինչ Տերը մեզ ավանդել է ու ինչն ակնկալում է մեզանից, որ որպես ազատ մարդ իրագործենք մեր կյանքում: Այս ֆիլմերը կոչ են անում մեզ գիտակցաբար ապրելու քրիստոնեական կյանքը»:

Բանախոսության ավարտին Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց Արևիկ Յայլոյանին հետաքրքրաշարժ ու բովանդակային բանախոսության համար, ինչը երիտասարդների առջև բաց արեց կինոարվեստի նոր և հոգևոր բացահայտումներն ու երջանկության բանաձևը:

 

Կարինե Սուգիկյան

 

11.06.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․