Գրքեր

Եվ ընդհանրապես, ես խոստովանությունից եմ ուշանում…

Մենաստաններից մեկը գնացի՝ գիշերային հսկմանն ու խոստովանությանը մասնակցելու: Հասա հենց սկզբին, սակայն ուտել էի ուզում: Իսկ այնտեղ, մուտքից քիչ հեռու, մենաստանի կրպակն է, որտեղ թխվածք, թեյ-սուրճ և այլ համեղ բաներ են վաճառում: Հերթ կանգնեցի և երբ հերթն ինձ հասավ, մի տղամարդ ինձնից առաջ խցկվեց: «Ես արդեն կանգնած էի, հենց նոր գնեցի, այնպես որ բարի եղեք և այլն»: Զզվելի անտաշ: Սափրագլուխ, որ ուզում է աչքի ընկնել: Դրամապանակն իմ պայուսակից հաստ է, որտեղ բացարձակապես ամեն ինչ տեղավորվում է: Օծանելիքի բույրը… «Երկու սուրճ»,- ասում է: «Լուծվո՞ղ»,- հարցնում է վաճառողուհին: «Սև սուրճ և ամենալավը»,- իրեն երևակայում է անտաշը: Նաև ինչ-որ փքաբլիթներ, կարկանդակներ և էլի ինչ-որ բան գնեց… «Ինչ է, կինը չի՞ կարող թխել, կամ սիրուհին,- մտածում եմ ես:- Եվ ընդհանրապես, ես խոստովանությունից ուշանում եմ»: Եվ այնպիսի հայացքով եմ նրան նայում, որ պետք է ուղղակի մոխրացներ նրան: Սակայն նա ինձ վրա ընդհանրապես ուշադրություն չի դարձնում՝ իր դիրքի մարդ չեմ: Նա վերջապես վերցրեց այն ամենն, ինչ ուզում էր և դուրս եկավ: Թեյ եմ խմում ու պատուհանից դուրս նայում: Եվ տեսնում եմ, թե այդ անտաշն ինչպես է իր «ամենալավ սև սուրճը» անտուններին տալիս: Նրանք քիչ հեռվում են տեղավորվել: Իր փքաբլիթներն ու կարկանդակներն էլ է տալիս: Ես նույնիսկ սկսեցի շնչահեղձ հազալ: Չհամբերեցի ու դուրս գալով մոտեցա նրանց: «Այս ամենը նրանց համար գնեցի՞ք»: «Այո՛: Այսօր իմ ծննդյան օրն է: Հյուրասիրում եմ»: Նայում եմ՝ կարծես սթափ է: «Շնորհավորում եմ,- ասում եմ:- Կարելի՞ է այստեղ ձեզ հետ կանգնել (հետաքրքիր է, չէ՞)»: «Իհա՛րկե, կանգնեք»: Ականջներս սրած կանգնել եմ, իսկ նա անտուններին է հարցաքննում՝ ինչ է նրանց պատահել և այլն: Եկեղեցասեր երկու տատիկ միացան մեր «խմբին»: Նույնպես մենաստան էին գնում: Եվ սկսեցին անտուններին ասել, որ այդպես ապրել չի կարելի, պետք է աշխատել: Դե, ես էլ համաձայնվում եմ նրանց հետ… Իսկ այն անտաշը, մինչ մենք քարոզում էինք, բարձրացրեց անտուններից մեկի տաբատի փողքը, իսկ նրա ոտքն ամբողջովին թարախակալած և գարշահոտ էր: Շոշափում է այն, զննում: Առանց ձեռնոցների: Ես չդիմացա. «Չե՞ք վախենում»: «Ես բժիշկ եմ»,- ասում է: Զննեց, դեղատոմս գրեց և գումարի հետ տվեց այդ անտուն մարդուն: Նայում եմ այդ քեռուն՝ նորմալ մարդ է: Բարի աչքեր ունի: Իսկ ես ինչ ասես մտածեցի նրա մասին: Իսկ անտունները գոհ են: Սուրճի հետ փքաբլիթ են ուտում… Իսկ ես ոտքերս քարշ տվեցի իմ խոստովանությանը: Իսկ ի՞նչ օգուտ…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

15.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․