19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Աղոթքներ

Սուրբ Գրքով Աստված խոսում է մեզ հետ, հայտնում մեզ Իր սուրբ կամքը, հրավիրում մեզ կատարելու Իր պատվիրանները, մեր փրկությունը որոնելու Իր հետ ճշմարիտ հաղորդակցությամբ: Մեր հաղորդակցությունը լիակատար չի լինի Աստծո հետ, եթե մենք հանապազ չխոսենք Նրա հետ, մեր սիրտը չբանանք Նրա առաջ, մեր աղաչանքը, օրհնությունը, գոհությունը, փառաբանությունը չհայտնենք Նրան, որն է աղոթքը՝ «խոսք ընդ Աստված»:

Աղոթք բառը Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը աղ-ն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ: Իսկ ոթք-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը»:

Աղոթքները լինում են երկու տեսակ՝ առանձնական և ընդհանրական:

Առանձնական աղոթքը կարող է կատարվել ամենուր, ցանկացած պահի, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցե՛ք. ամեն ինչում գոհություն մատուցեք, որովհետև այդ է Աստծո կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:16): Քրիստոսի այն խոսքը, թե՝ «Միշտ պետք է աղոթել», առանձին կամ անհատական աղոթքի համար է ասված, որի համար ժամանակ կամ տեղ գոյություն չունի:

 

Իսկ ընդհանրական աղոթքը հատուկ սահմանված վայրում է կատարվում, այսինքն՝ եկեղեցում, որը խորհրդանշում է աղոթողների միաբանությունը և միակամությունը: Սուրբ եկեղեցին ընդհանրական աղոթքի վայրն է՝ ըստ հետևյալ խոսքի. «Իմ Տունը աղոթքի Տուն պիտի կոչվի» (Եսայի 56:7): Հատուկ ժամի աղոթքը եկեղեցու ժամերգություններն են կամ «Հասարակաց» աղոթքը, որ և՛ առավոտյան, և՛ երեկոյան քահանաներն ու ժողովուրդը միասին աղոթում են, որովհետև այս աղոթքը պետք է միաբանությամբ լինի, դրա համար էլ հավաքվում են եկեղեցում:

«Հրապարակային կամ հասարակական աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը, … երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք» (Սիմեոն Երևանցի):

Ըստ բնույթի աղոթքները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության, դավանական, բարեխոսական: Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խնդրվածքներ», «օրհնություններ» և «գոհություններ»: Եկեղեցու հայրերից Սբ. Հակոբ Մծբնեցին հակիրճ տվել է դրանց բնութագրերը. «խնդրվածքներ»-ն այն աղոթքներն են, երբ գործած մեղքերի համար գթություն և ողորմություն են խնդրում Աստծուց, իսկ «օրհնություններ»-ն ու «գոհություններ»-ը նրանք են, երբ խնդությամբ գոհանում են երկնային Հորից և օրհնում Նրան Իր բոլոր գործերի համար:

Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու աղոթքի սրբությունները երեքն են՝ սրտի սրբություն, լեզվի և ձեռքերի, քանզի աղոթքը երեք բանով է կատարվում՝ սրտով, լեզվով և ձեռքերով: Ձեռքերի սրբությունն այն է, որ ասում է Պողոս առաքյալը. «Կամենում եմ, որ մարդիկ աղոթեն բոլոր տեղերում, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմոթեոս 2:8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահել ագահությունից, զրկանքներից, արյունից և այլն: Իսկ լեզվի սրբությունն՝ ինչպես Տերն աղոթեց. «Հա՛յր, ների՛ր դրանց, քանզի չգիտեն՝ ինչ են անում» (Ղուկաս 23:34), այսինքն՝ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով բարկությունից խոսքերի և գործերի մեջ: Եվ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է: Ի՛ր հանդեպ՝ որ մաքուր լինիմեղքերից. և այս դեպքում Աստված կլսի, քանզի մարգարեն ասում է. «Եթե մեղք տեսնեի իմ սրտում, մի՞թե Տերն ինձ կլսեր» (Սաղմոս 65:18): Եվ սրբությունն ընկերոջ հանդեպ՝ որ նենգություն և խեթ չունենա իր ընկերոջ նկատմամբ. այնժամ Աստված կլսի: Իսկ Աստծո հանդեպ՝ որ սրտի զգաստությամբ պետք է այսպես աղոթել իբրև թագավորի, տիրոջ, դատավորի և բարեկամի. այսպես աղոթելու դեպքում Աստված կատարում է ամեն ցանկություն: Որպես թագավորի աղոթում ենք, քանզի հավատում ենք, թե ամենակարող է, ինչ էլ խնդրում ենք Նրանից, կարողանում է տալ: Որպես Տիրոջ՝ «քանի որ ծառայի աչքն իր տիրոջ ձեռքին է» (Սաղմոս 122:2), պետք է սրտով աղոթել: Որպես դատավորի և գործեր քննողի՝ քանզի մենք դատվում ենք Նրա առջև և խնդրում, որ չդատապարտի: Եվ որպես բարեկամի ենք աղոթում, որպեսզի ամեն բան, ինչ խնդրում ենք, կամենա տալ մեզ, ինչպես բարեկամը, որ աղերսագին խնդրեց և ստացավ:

Աղոթքի հիմքը պետք է լինի հավատքը. մարդու ամբողջ էությունը պետք է միանա Աստծո կամքին, որ նրա սրտից ճշմարիտ աղոթք բխի: Աղոթքը լինի փառաբանություն թե՛ խնդրվածք, բարեխոսություն թե՛ գոհաբանություն, միշտ պետք է Աստծո կամքի հետ միացած սրտից բխի, և այն ժամանակ այդ աղոթքը հրաշքներ կգործի, ինչպես ասում է Քրիստոս. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի՝ ե՛լ և ծովն ընկի՛ր, և իր սրտում չերկմտի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, ինչ էլ ասի, կկատարվի նրա համար: Ուստի ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթքով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:22-24):

Աղոթողի կատարելատիպը Քրիստոսն է, որ աղոթում էր ամեն գործի սկզբում և վերջում (Ղուկաս 5:15; 6:12), Իր մկրտության ժամանակ աղոթեց և Նրա վրա իջավ Սուրբ Հոգին (Ղուկաս 3:21), աղոթեց և պայծառակերպվեց (Ղուկաս 9:28), ընդ որում, աղոթքը պայծառացնում է ոչ միայն մարդու արտաքինը, այլև ներքինը (Ելք 34:29): Քրիստոս պատվիրեց Իր աշակերտներին արթուն մնալ և աղոթել, որ չընկնեն փորձության մեջ, նրանք ննջեցին ու չաղոթեցին, ուստի և փորձության մեջ ընկան: Նա աղոթեց և խաչի վրա՝ մինչև անգամ Իրեն խաչողների համար: Նրա ճշմարիտ աղոթքից մարդկության համար մեծ օրինակ է «Տերունական աղոթք»-ը՝ «Հայր մեր»-ը: Այս աղոթքը խտացած պարունակում է քրիստոնեության հիմնական սկզբունքները: Այն արտահայտում է ակնածանք, խոնարհություն, հույս, հավատ, սեր, միություն, զղջում: Պատահական չէ, որ «Տերունական աղոթք»-ը հնում անվանվել է «համառոտ Ավետարան»:

Աղոթելիս շրջվում ենք դեմքով դեպի արևելք, որը մեր մեջ արթնացնում է խորը հոգևոր խորհրդածություններ. լույսը տարածվում է արևելքից, արեգակի ծագելը խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա լույսը, Եդեմի պարտեզը Աստված տնկեց արևելքում, որտեղ բնակվեցին առաջին մարդիկ, Հիսուս Քրիստոս ծնվեց արևելքում, փրկությունը իրագործվել է արևելքում, Տերն արևելքում խաչվեց և Նրա արյունը հեղվեց, որպեսզի աշխարհի մեղքերին թողություն շնորհվի, արևելքում է սկզբնավորվել քրիստոնեությունը և եկեղեցին, Տիրոջ երկրորդ գալուստը նույնպես արևելքից է լինելու:

«Հարաժամ աղոթքի փութալը տերունական պատվեր է, միշտ և անդադար պետք է աղոթել Նրան: Քանզի, թեպետ այլ առաքինությունների համար չափ և սահման ունենք, այսինքն՝ պահոց պնդությունն ու մարմնի ճնշումը ըստ կարողության են, իսկ ողորմությունը՝ ըստ ունեցվածքի և ժամանակի պատշաճության, սակայն աղոթքի պտուղը Աստված պահանջում է ամեն ժամ և ամեն տարիքում ու դիպվածում» (Խոսրով Անձևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Ննջեցյալները մեր աղոթքի կարիքն ունեն
Երբ մահանում է մարդը, շատ կարևոր է, որ նրա հարազատները հարկ եղածի հետ միասին չմոռանան նաև ամենակարևորը: Իսկ ո՞րն է այդ կարևորը, ի՞նչ պետք է անեն նրանք մահացածին օգնելու համար: Ըստ եկեղեցու ուղղափառ և բազմադարյան վարդապետության՝ անհրաժեշտ օգնությունը մահացածի համար, նրա համար աղոթելն է: Եվ տարվա մեջ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ անգամ, հինգ տաղավար տոների հաջորդ օրը՝ մեռելոցին, հիշեցնում է յուրաքանչյուրին, թե որքան կարևոր .....
Հարատև աղոթք
Աղոթքը քրիստոնյայի կյանքի շնչառությունն է և հավատքի մեջ առաջադիմելու գրավականներից մեծագույնը: Որքան շատ է քրիստոնյայի կյանքում աղոթքը, այնքան նա ավելի մոտ և հարազատ է Աստծուն՝ կյանքի աղբյուրին և, հետևաբար, առավել լիարժեք և բարի կյանքով է ապրում: Ոմանք մոլորվում են՝ կարծելով, թե հարատև աղոթքն անիմաստ է և հաճելի չէ Աստծուն: Քրիստոս մեզ պատվիրում է փորձության մեջ չընկնելու համար ամեն ժամ աղոթել (Մատթեոս 26:41), և Ինքն էլ բազում անգամներ .....
Հիվանդների համար աղոթքը
- Հա՛յր, այժմ, երբ հիվանդ եմ, ի՞նչ կանոնի հետևեմ: - Եթե կարող ես, ապա կամացուկ շարականներ երգիր կամ աղոթիր՝ Աստծուց առողջություն խնդրելով քեզ և այլոց համար, որոնց դու, որպես հիվանդությունների հակված մարդ, կարող ես ավելի լավ զգալ: Այժմ քեզ տրվում են աղոթքի համար բոլոր պայմանները, և նույնիսկ տառապանքը, որ հիվանդների համար աղոթելու շատ կարևոր նախադրյալ է, որպեսզի աղոթքը սրտից բխի: Ըստ էության հենց դա է վանականի գլխավոր գործը: Եթե դու դա հասկանաս, .....
Խրատներ ժամակարգության համար: Ընդհանրական և առանձնական աղոթքների և ծնրադրությունների մասին
Աստվածասերները, նախ և առաջ, պետք է ուղղադավան հավատք ունենան՝ ըստ Սուրբ Գրքում սուրբ հայրերի կողմից գրի առնված խրատների, քանի որ բոլոր հոգևոր բարիքների հիմքը ճշմարիտ Աստծու և Քրիստոսի տնօրինության դավանությունն է, որի միջոցով փրկվեցինք մենք՝ ամենքս: Իսկ դրանից հետո միայն անհրաժեշտ է «հոգ տանել» աղոթքների մասին: Մենք էլ պարտավորված ենք, ձեր մեծափափագ խնդրանքին ի պատասխան, սուրբ և հոգեկիր մարդկանց սահմանած ճշմարտությունները ձեզ ներկայացնելու, .....
Թող որ ուրիշի ցավը քոնը դառնա
- Հա՛յր, մի անգամ ասացիք, որ «աղոթական բրիգադ» ենք կազմելու: Այդ ե՞րբ է լինելու: - Ձեզնից է կախված… Հաջորդ անգամ կտեսնենք ձեր աստիճանն ու ըստ այդմ… հոգևոր «աղոթական բրիգադ» կկազմենք: Եթե աղոթքը կարեկցանքով արվի, գիտե՞ք, թե ինչպիսի զորություն կունենա: Դուք կաղոթեք աշխարհի կարիքների համար, և այն մարդիկ, որ այդ պահին Աստծուց օգնություն կխնդրեն և ձեզ հետ նույն հաճախության վրա կգտնվեն, Նրանից օգնություն կստանան: Ես զգում եմ .....
Աղոթք աշխարհի համար՝ սեփական մեղավորության գիտակցությամբ
- Հա՛յր, երբեմն, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են տառապում, չեմ կարողանում ինձ համար աղոթել: - Ինքներս մեզ համար աղոթելիս միայն մեզ համար չէ, որ աղոթում ենք. մեզ համար աղոթքն անհրաժեշտ է որպես նախապատրաստություն՝ Աստծու առջև պատշաճ հանդերձանքով ներկայանալու համար: Այլոց ցավը տեսնել ու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդն ինքը որոշակի առումով լավ վիճակում լինի: Եվ երբ ինքդ քեզ համար աղոթում ես սեփական մեղավորության խորունկ գիտակցությամբ, .....
Աղոթք հիվանդության ժամանակ
- Հա՛յր, վերջերս սրտի հետ կապված խնդիրներ ունեմ և վախենում եմ, որ ինչ-որ բան պատահի: - Մի՛ վախեցիր: Յուրաքանչյուր ոք որևէ բանի հետ կապված խնդիր պե՛տք է ունենա, որովհետև երբ խնդիրներ կան, մենք Քրիստոսի ոտքերի մոտ ենք նստում ու Նրա օգնությունն աղերսում: - Հա՛յր, աղոթեցեք , որպեսզի ապաքինվեմ: - Քո շահերից չի բխում, որպեսզի ես այդպես աղոթեմ: Եթե Աստծուն հավատալով՝ համբերես, ապա Երկնային ապահովագրական հիմնադրամից թոշակ կստանաս, որն ավելի մեծ .....
Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին
- Հա՛յր, թեպետև հասկանում եմ, թե աղոթքը որքան օգտակար է, սակայն չեմ կարողանում մշտապես աղոթել: - Երբ դժվարանում ես աղոթել, կամացուկ սաղմոսերգիր: Դա նույնպես աղոթք է: Սաղմոսերգությունը մեղմում է սիրտը, քաղցրացնում ու ջերմացնում իր հոգևոր էներգիայով: Եվ այդկերպ լավագույն պայամաններն է ստեղծում, որպեսզի մարդը ախորժի աղոթքը: Մի քիչ ընթերցանությունը, ջերմեռանդ աղոթքը, երկրպագությունները, սաղմոսերգությունը ինձ համար լծակ են հոգևոր կյանքում: - .....
Հոգևոր ընթերցանություն աղոթքից առաջ
- Հա՛յր, սիրտս չի ուրախանում աղոթելու մտքից: Երբ տեսնում եմ, որ ժամանակն անցնում է, իսկ ես ոչինչ չեմ անում, սկսում եմ թախծել ու վհատվել: - Ընթերցո՞ւմ ես աղոթքից առաջ: - Սովորաբար ոչ: - Ինչո՞ւ: Մի՞թե չենք խոսել այն մասին, որ նախքան աղոթքը պետք է կարդալ, որպեսզի սիրտը քաղցրանա: Հոգևոր սնունդ չես ստանում, դրա համար էլ բերկրանք չես զգում: Աղոթքից առաջ Սուրբ Գրքից կամ «Հայսմավուրքից» մի փոքր ընթերցելը՝ անգամ երկու-երեք տող, ջերմացնում .....
Տերողորմյան գործիք է սատանայի դեմ
- Հա՛յր, տերողորմյայի նշանակությունը ո՞րն է: - Տերողորմյան ժառանգություն է, օրհնություն, որ մեզ են ավանդել սուրբ հայրերը: Հենց միայն դրա համար դրանք մեծ նշանակություն ունեն: Պատահում է, որ պապը թոռանն ինչ-որ չնչին բան է ժառանգություն թողնում, սակայն դա նրա համար թալիսմանի պես մի բան է: Էլ ի՞նչ ասես տերողորմյայի մասին, որ մեր սուրբ հայերից ենք ժառանգել: Առաջ, երբ դեռ ժամացույց չկար, վանականներն աղոթքի ժամը տերողորմյայով էին հաշվում, բայց .....
Սրբապատկերներն օգնում են աղոթքի ժամանակ
- Հա՛յր, ինչպե՞ս մխիթարվեմ, երբ թախիծ է պատում ինձ: - Փրկությունն աղոթքի մեջ փնտրիր: Նույնիսկ, եթե ուղղակի գլուխդ դիպցնես սրբապատկերին, թեթևություն կզգաս: Թող խուցդ փոքրիկ եկեղեցու նմանվի, որում քո սիրած սրբապատկերներն են, և կտեսնես, որ այնտեղ միշտ մխիթարություն կգտնես:  - Հա՛յր, աղոթելիս երբեմն սրբապատկերները համբուրում եմ: Դա ճի՞շտ է: - Ճիշտ է: Իրականում հենց այդպես է պետք սրբապատկերներն ակնածանքով համբուրել: Որպեսզի սիրտդ Քրիստոսի, .....
Բանսարկուն խոչընդոտում է մարդու աղոթքին
- Հա՛յր, երբ պատրաստվում եմ խցումս հսկում կատարել և ինչ-որ խոչընդոտ է առաջանում, պատճառը ո՞րն է: - Եթե Աստված թույլ է տալիս, որ խոչընդոտ առաջանա, ուրեմն մի լավ բան դուրս կգա դրանից: - Իսկ եթե դա մշտապես է տեղի ունենո՞ւմ: - Նշանակում է՝ հպարտություն կա: - Հա՛յր, չեմ հասկանում, թե ինչ է նշանակում հպարտություն կա: - Կախված է նրանից, թե ինչին ես առաջնահերթություն տալիս: Եթե առաջին տեղում գործերն ես դնում, իսկ հետո աղոթքը, նշանակում է, որ փորձությանն .....
Պետք չէ դևի հետ զրույցի բռնվել
- Հա՛յր, թեպետ Աստծու հետ հաղորդակցվելու կարիք եմ զգում, սակայն չեմ կարողանում աղոթել: - Եթե Աստծու հետ հաղորդակցվելու կարիք ես զգում, ապա չեմ հասկանում, թե ինչու չես կարողանում աղոթել: Հավանաբար փորձություն է: Այն միշտ փորձում է մարդուն խանգարել աղոթել: - Աղոթքի ժամանակ զանազան գործերի մասին մտքեր են հայտնվում, Հա՛յր: - Ասա՛. «Դրա մասին հետո կմտածեմ…»,- և շարունակիր աղոթել: - Հա՛յր, ցավալին այն է, որ այդ բոլոր մտքերն անլուրջ բաների .....
Քունն ուղարկեք նրանց, ովքեր չեն կարողանում քնել
- Հա՛յր, աղոթելիս ինչո՞ւ է հաճախ քունս տանում: - Սառն ես ապրում: Թուլացել ես և այժմ պետք է հավաքվես: Մի՞թե կարող ես հանգիստ քնել, երբ հուզված ես և անհանգստանում ես որևէ բանի մասին: Ի նշան երախտագիտության մարդը կարող է գիշերը չքնել և աղոթել իր բարերարի համար: Իսկ այնուհետև նա պետք է մտածի. «Ինձ բարիք գործած մարդու համար գիշերը չքնեցի, իսկ մի՞թե Աստծու համար, Ով հանուն ինձ խաչվեց, արթուն չեմ մնա»: - Հա՛յր, իսկ քնկոտությունը կարո՞ղ է ֆիզիկական .....
Աղոթքի ընթացքում ուշադրության շեղումը
- Հա՛յր, երբ իմ խցում աղոթում եմ, անհանգստանում եմ, որ հանկարծ քույրերից մեկը դուռը չբացի, և դա ինձ շեղում է: - Եթե ես աղոթում եմ, և որևէ մեկը դուռը բացում է, ապա ավելի լավ է կացնով գլխիս խփի, քան ինձ տեսնի աղոթելիս: Ասես թռիչքի ժամանակ թևերդ կոտրեն: Դուք դեռևս հոգևոր վիճակներ չեք վերապրել աղոթքի ժամանակ, որպեսզի հասկանաք, թե ինչ է նշանակում մարդուն անհանգստացնել, երբ նա աղոթում է: Չեք զգացել Աստծու հետ այդ հաղորդակցությունը, երբ մարդն ասես վերանում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․