Գրքեր

Պատկերագրություն

Մեր հոգևոր ժառանգության կարևոր մաս է կազմում և քրիստոնեական եկեղեցու աստվածպաշտական համակարգում կարևոր դեր կատարում եկեղեցական կերպարվեստը: Ամենայն բարին ու լուսավորը, ազնիվն ու սքանչելին, որ արարվում և ներգոյանում են հոգևոր անձանց մեջ` աստվածահաճ կյանք վարելու ընթացքում, իրենց բազմաբնույթ արտահայտությունն են ստանում եկեղեցական արվեստում՝ դառնալով նրա հարստությունն ու զարդը: Եկեղեցական կերպարվեստի կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պատկերին:

 

Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիներից ի վեր կառուցվել են բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Եկեղեցու ծեսին և պաշտամունքին զուգահեռ զարգացել է նաև հոգևոր արվեստը, մասնավորապես՝ նկարչությունը:

Քրիստոնեական պաշտամունքի խորհրդաբանության համաձայն նորաբաց եկեղեցիները հարդարվում էին պատկերներով:

Քրիստոնեության առաջին տարիներից սկսած Հայ եկեղեցին ընդունել է սրբապատկերը՝ որպես ծիսակարգի անհրաժեշտ գործոն:

Եկեղեցու հայրերը ժամանակին տեսականորեն հիմնավորել են պատկերների գոյության անհրաժեշտությունը: Քրիստոնեական թեմաներով պատկերները հոգևոր ներգործության դեր ունեն, որոնք օգնում են «զգայականի միջոցով դեպի հոգևորը բարձրանալուն» (Դիոնիսիոս Արիսպագացի), միաժամանակ ունեն պատմողական, տեղեկատվական նշանակություն: Ինչպես նշում է Հովհաննես Դամասկացին. «Պատկերն անգրագետի համար նույնն է, ինչ որ գիրքը՝ գրագետի համար»:

Վրթանես Քերթողը «Յաղագս պատկերամարտից» երկում ընդգծում է պատկերների կարևորությունը՝ շեշտելով պատկերների կատարած և՛ ճանաչողական ու զգայական, և՛ հոգևոր՝ աստվածպաշտական դերը: Հեղինակը գրում է. «Աստծո եկեղեցիներում նկարված ենք տեսնում Քրիստոսի կատարած բոլոր սքանչելագործությունները, ինչպես Գրքերում է գրված… ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և երկինք համբառնալը: Եկեղեցիներում նկարում են այս բոլորը, ինչ որ Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերից միայն ականջներն են լսում, իսկ պատկերները աչքերով տեսնում են, ականջներով լսում և սրտով հավատում»:

Կրոնական արվեստը, ըստ իր պաշտամունքային նշանակության, ենթադրում է արվեստագետի պատասխանատու և երկյուղած խորհրդազգացություն: Անհնար է առանց ներքին հոգևոր կյանք ունենալու ստեղծել ճշմարիտ կրոնական արվեստ և մնայուն հոգևոր արժեքներ, որոնք ոչ միայն արտաքնապես ծառայեն իրենց առարկայական-ծիսական նպատակին, այլև հաղորդակցության միջոց հանդիսանան իմանալի աշխարհի խորհուրդների հետ՝ որպես գործուն նշանակներ և խորհրդակիր պատկերներ: Բոլոր կրոնական պատկերներն ու ծիսական պարագաներն, անմիջականորեն առնչվելով Աստծո խոսքի հետ, պետք է ամբողջապես համահունչ լինեն նրան, ուստի և՝ ամենից առաջ կրեն այդ խոսքի ներգործությունը՝ նրա արդյունքն ու արգասիքը դառնալով: Կրոնական պատկերները եկեղեցու կյանքում սրբագործված սրտի բարի գանձերից բխած կերպավորված խոսքն են՝ տրված ընտիր անոթների միջոցով: Դրանք կրոնական միջավայրում անհրաժեշտ կրթողական ազդակներ են, որոնք օգնում են նիւթական կերպարանօք համբառնալ առ աննիւթն («Լուծմունք Դիոնեսիոսի ի Դաւթէ եւ Յակոբայ», ՄՄ, ձեռ. 55)

Հայ իրականության մեջ ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը և ընդհանրապես կերպարվեստի խնդիրներն արծարծվել են դեռևս 8-12-րդ դարերում ստեղծված մեր եկեղեցու հայրերի երկասիրությունների մեջ:

Քրիստոնեական արվեստի պատկերագրության ձևավորման շրջանի առանձնահատկությունները և զարգացման ընթացքը յուրահատուկ ձևով արտահայտվում են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Միջնադարում առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, սակավադեպ՝ պատմագրքերն ու մյուս ձեռագրերը: Միջնադարյան արվեստագետի համար պատկերը ոչ թե նպատակ էր, այլ՝ միջոց, որով պետք է վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում: Ձեռագրերը հարդարվում էին ոչ միայն Տերունական պատկերներով, այլև ըստ ամենայնի զարդանկարվում, որպեսզի ընթերցողին հրավիրեն դեպի «քառավտակ, ծաղկավետ ու բերկրալի երկիր», այն է՝ Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Միջնադարյան նկարիչներն ու ծաղկողները մեծ մասամբ վանականներ էին, որոնք լիովին տիրապետում էին ոչ միայն պատկերազարդման արվեստին, այլև քաջատեղյակ էին Հին և Նոր կտակարաններին, Հայ եկեղեցու դավանաբանությանն ու սրբազան ավանդությանը:

Հայկական սրբանկարչության առանձնահատկությունները քննելով՝ պարզաբանվում են այն էական հատկանիշները, որոնք կապված են մեր եկեղեցու դավանաբանության, վարդապետության, ավանդության և հայ քրիստոնեական արվեստի զարգացման օրինաչափությունների հետ, ներկայացվում են գեղարվեստական տարբեր դպրոցների և ոճական ուղղությունների, առանձին վարպետների ստեղծագործական անհատականության հետ կապված հարցերը:

Քրիստոնեական արվեստի պատկերները ներառում են ինչպես աստվածաշնչյան թեմաներով տեսարաններ, այնպես էլ սիմվոլիկ, այլաբանական բովանդակության իրերի, առարկաների, բույսերի, կենդանիների պատկերներ:

Պատկերագրության բաժնի նպատակն է ներկայացնել քրիստոնեական պատկերներ՝ ընդհանուր պատկերացում տալով դրանց պատկերագրության և խորհրդաբանության մասին: Խորհրդաբանական վերլուծության համար հիմք են ծառայել մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները: Յուրաքանչյուր թեմայի պատկերագրական զարգացումն ավելի ամբողջական ներակայացվելու համար օգտագործված են հայ և համաքրիստոնեական կերպարվեստի այլ նմուշներ:

Օգտագործված գրականության ցանկ՝

  1. Քնարիկ Ավետիսյան, «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում», Երևան, 2015թ.
  2. Հրավարդ Հակոբյան, «Հայոց Տերունական սրբապատկերները», Երևան, 2003թ.
  3. Տիգրան Խաչատրյան, «Հոգևոր պատկերըմբռնողությունը և կանոնի նշանակությունը եկեղեցական կերպարվեստում»
  4. «Ավետարանական պատկերներ», Երևան, 1993թ.:
«Համբարձման» պատկերագրությունն ու խորհրդաբանությունը
Հիսուս Քրիստոսի դեպի երկինք համբարձվելը նշանավորեց Նրա երկրային առաքելության փառավոր ավարտը: Չարչարվելով, խաչվելով և թաղվելով, ապա որպես հաղթության պսակ հարություն առնելով՝ Աստծո Որդին համբարձվեց, տեղափոխվեց աստվածային երկինք և նստեց Հայր Աստծո Քերովբեական Գահի աջ կողմում, ինչպես և խոստացել էր Իր աշակերտներին: Քրիստոնեական արվեստում համբարձման տեսարանի հնագույն նմուշները հայտնի են 4-5-րդ դարերից: Հայկական արվեստում վաղագույն պատկերները .....
Սուրբ Հարության խորհրդապատկերը
Հիսուս Քրիստոսի հարության հրաշափառ և անքննելի խորհրդավոր իրողության պատմությանը մանրամասնորեն անդրադառնում են բոլոր չորս ավետարանները, սակայն նրանցից ոչ մեկն ուղղակիորեն չի նշում, թե ինչպես և երբ տեղի ունեցավ հարությունը: Ավետարաններում նկարագրված չէ Հիսուս Քրիստոսի հարության տեսանելի կերպը, քանի որ այն վեր է մարդկային զգայական ընկալումից, սակայն ուշ շրջանի լատինական պատկերագրության մեջ ընդունված էր պատկերել Հիսուսի գերեզմանից .....
Խաչելության պատկերի խորհրդավոր արտահայտությունը
Տերունական մանրանկարների շարքում «Խաչելություն» թեման ամենատարողունակն ու ընդգրկունն է: Քրիստոսի տնօրինական գործունեությունն ավարտվում է խաչով: Խաչափայտին գամված Քրիստոսով հաստատվում է կյանքի հաղթանակը մահվան վրա: Խաչելությունը նկարագրված է բոլոր չորս ավետարաններում (Մատթեոս 27:32-44; Մարկոս 15:21-32; Ղուկաս 23:26-43; Հովհաննես 19:17-27): Քրիստոնեական արվեստում «Խաչելության» թեմայի պատկերագրական կերպը մինչև իր լիարժեք և վերջնական ձևավորումն .....
Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը
Խաչելությունից առաջ Հիսուս Քրիստոսի վերջին զատկական ընթրիքը կոչվում է Խորհրդավոր: Այն անվանվում է նաև Վերջին ընթրիք: Հրեական բաղարջակերաց տոնի օրը Հիսուս Քրիստոս Իր տասներկու առաքյալների հետ սեղան է նստում Վերնատանը: Չորս ավետարանները, միմյանց լրացնելով, պատմում են Խորհրդավոր ընթրիքի մասին (Մատթեոս 26:17-30; Մարկոս 14: 12-25; Ղուկաս 22:7-23; Հովհաննես 13:21-30): Այս մասին հիշատակում է նաև Պողոս առաքյալը (Ա Կորնթացիներ 11:17-34): Հրեական Զատիկը հիշատակումն .....
Ոտնլվայի պատկերագրական խորհուրդը
Հովհաննես ավետարանիչը մանրամասն պատմում է ոտնլվայի խորհրդավոր իրողությունը, թե ինչպես Հիսուս, Խորհրդավոր ընթրիքի ժամանակ, վեր կենալով սեղանից, մի կողմ դրեց հանդերձները, մեջքին սրբիչ կապեց, վերցրեց ջրով լի կոնքը և սկսեց հերթով լվանալ առաքյալների ոտքերը: Ավետարանիչը հանդիսավոր առաջաբանով է բացում ոտնլվայի պատմությունը. «Զատկի տոնի նախօրյակին Հիսուսն իմանալով, որ հասել է ժամը, երբ Ինքն այս աշխարհից պիտի գնա Իր Հոր մոտ, սիրեց նրանց, ովքեր .....
Տասը կույսերի առակի պատկերագրությունն ու խորհուրդը
Ծաղկազարդին Երուսաղեմ հաղթական մուտքով սկսվում է Հիսուս Քրիստոսի կյանքի վերջին՝ Չարչարանաց շաբաթը, որն անվանվում է Ավագ շաբաթ: Ավագ երեքշաբթի ընթերցվում է տասը կույսերի առակը, որին էլ նվիրված է այդ օրվա խորհուրդը: Առակում ասվում է, որ հարսանյաց օր էր, և տասը կույսեր, լապտերներ առած, ելան դիմավորելու փեսային: Կույսերից հինգն իմաստուն էին, իսկ մյուս հինգը՝ հիմար: Իմաստունները լապտերների հետ ամաններով ձեթ վերցրեցին, իսկ հիմարները՝ ոչ: Փեսան .....
Ծաղկազարդ. «Մուտք Երուսաղեմ» պատկերի խորհուրդը
Ավետարանական պատկերները պատմում են Հիսուսի երկրային կյանքի դրվագները, ներկայացնում անհասանելին ու անտեսանելին: Նկարները օգնում են հավատացյալին ըմբռնելու աստվածայինը և տեսանելի կերպով հետևելու Հիսուս Քրիստոսի կյանքի պատմությանը: Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության գլխավոր և վերջին իրադարձությունները ծավալվում են Երուսաղեմում: Խաչելությունից առաջ Քրիստոսի վերջին անգամ Երուսաղեմ գալն անվանվում է Մուտք Երուսաղեմ: Երանելի ավետարանիչները, .....
Ավետման պատկերի խորհուրդը
Հիսուսի հրաշափառ ծննդյան ավետման մասին պատմվում է Ղուկասի ավետարանում, որը ավետմանը նվիրված միջնադարյան մանրանկարների գլխավոր սկզբնաղբյուրն է: Ավետման տեսարանը ներկայացնում է Հիսուսի մարդեղության՝ երկրային առաքելության սկզբնավորումը: Մանրանկարիչների համար սկզբնաղբյուր են ծառայել նաև պարականոն երկերը, որոնք են՝ Հակոբ Տեառնեղբոր ավետարանը, Հիսուսի մանկության ավետարանը և այլն: Ղուկաս ավետարանիչն ասում է, որ հրեշտակի խոսքերից .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․