19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

 

Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից մեկն է։ Այն բազմիցս վերակառուցումների է ենթարկվել: Ըստ արձանագրության և մատենագիտական աղբյուրների` եկեղեցին սկզբնապես կոչվել է Սուրբ Աստվածածին, իսկ Զորավոր անունը ստացել է ավելի ուշ: Զորավոր բառի երկու բացատրություն կա:

Այս անվանումը կապված է Սուրբ Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարների հետ: Զորավոր կոչվելու պատճառներից է նաև, որ եկեղեցում ժամանակին պահվել է հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը (13-րդ դար): Այսօր այս Ավետարանը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և կրում է 4060 համարը: Այն այնքան մեծ զորություն է ունեցել, որ նրա հետ կապված բազում հրաշքներ են պատմվում:

Եկեղեցին գտնվում է հին Երևանի Շահար թաղամասում, Կոնդի փեշերին մոտ գտնվող հարթ տարածքում, որն անցյալում ծածկված էր համատարած այգիներով: Այժմ եկեղեցին գտնվում է Թումանյան փողոցի 2-րդ փակուղի հասցեում:

Զորավոր եկեղեցին հնում մի փոքրիկ ու վայելուչ մատուռ է եղել, որը կառուցվել է Անանիա առաքյալի գերեզմանի վրա: Նրա նշխարները այստեղ են բերվել և ամփոփվել դարեր առաջ «վաղնջական ժամանակներից» (Առաքել Դավրիժեցի):

Ըստ պատմական աղբյուրների, խուսափելով Մելքիսեթ կաթողիկոսի հալածանքներից, Մովսես Սյունեցի վարդապետը Կարին մեկնելու համար Էջմիածնից Երևան փոխադրվելով, մնում է այնտեղ ու մտադրվում վանք հիմնադրել: Քրիստոնյա երևանցիների և վաճառականների միջոցներով ու օգնությամբ Մովսես Սյունեցի վարդապետը վանք է հիմնում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ-դամբարանի տեղում: Կառուցվում է եկեղեցի, մատուռ, շուրջանակի պարիսպ, միաբանական խուցեր, առաջնորդարան: Վերջացնելով բոլոր շինվածքները՝ վարդապետն իր միաբաններով բնակվում է այնտեղ և հիմնում անապատ ու վանական դպրոց: Ծաղկուն ու լայն գործունեություն ծավալող վանքի համբավն այդ տարիներին հայտնի էր անգամ Հայաստանի սահմաններից դուրս: 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայությամբ վարդապետի ուսմունքի և բարի կենցաղավարության համբավը տարածվեց Հունաստանում, Քուրդիստանում, Վրաստանում, Պարսկաստանում, որովհետև բոլոր երկրներից վաճառականներ էին գալիս այնտեղ, տեսնում էին ու համբավը տանում: Բացի Սբ. Անանիայի քարակերտ մատուռից, Մովսես Սյունեցու կառուցածները փայտակերտ էին, որի պատճառով էլ 1635-1636թթ. թուրք-պարսկական պատերազմի ժամանակ այրվեցին ու ոչնչացան:

Վանքի վերաշինությունը կատարվել է Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1632-1635թթ.), և ըստ դեպքերի ականատես Առաքել Դավրիժեցու` այս անգամ ոչ թե փայտից, այլ քարից: Սակայն նորակառույց վանքին նույնպես վիճակված չէր երկար գոյատևել: Երևանը, որ հաճախակի պատահող տարերային աղետների կենտրոն էր, 1679թ, հունիսի 4-ին վերապրեց սարսափելի և ավերիչ երկրաշարժ: Այն ավերակների վերածեց վանքն ու կից բոլոր կառույցները։

Ներկայիս եկեղեցին՝ զանգակատնով, կառուցվել է երկրաշարժից հետո նույն տեղում, 1693թ. Երևանի մեծահարուստ, հայտնի հայ վաճառական Խոջա Փանոսի նվիրատվությամբ ու բարեգործական միջոցներով:

Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում տեղադրված պատկերազարդ խաչքարի վրա հիշատակվում է Գեղամյան տոհմի Մեծ Յուզբաշու երրորդ որդի Գաբրիել հարյուրապետի անունը` որպես տոհմի արժանի ժառանգ։ Արձանագրության (1793 թ.) մեջ նշված է, որ Սբ. Զորավոր եկեղեցին նորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից` Ղուկաս կաթողիկոսի օրոք, որ ի հիշատակ իր տոհմի`վերանորոգել է տվել տաճարի խախտված տանիքը։

Սուրբ Զորավոր եկեղեցին պատկանում է եռանավ բազիլիկների տիպին, անգմբեթ է: Աղոթասրահի արևելյան կողմում ավագ խորանն է ավանդատներով՝ հարավային և հյուսիսային անկյուններում: Եկեղեցու ներքին և արտաքին ճարտարապետությանը բնորոշ է խիստ պարզությունը: Որոշ չափով այն աշխուժացված է շնորհիվ արևմտյան կողմի եռակամար նախասրահի՝ այն պսակող սյունազարդ կաթողիկեով հանդերձ: Արտաքին պատերի առանձին հարթություններում ագուցված են XVII դարով թվագրված գեղաքանդակ խաչքարեր:

Խոջա Փանոսի կենդանության տարիներին Անանիա առաքյալի գետնափոր դամբարանի մուտքը եկեղեցու միջից է եղել։ 1889թ. դամբարանը զատվել է եկեղեցուց, վրան առանձին գմբեթավոր մի փոքրիկ շինություն է կառուցվել, դրսից առանձին մուտք է բացվել, որի մասին վկայում է դամբարանի ճակատի պատի մեջ հագցրած մարմարյա տախտակին փորագրված արձանագրությունը։

Նույն թվականին են բացվել նաև հարավային դուռը և լուսամուտները, կառուցվել է նոր խաչկալ, վերնատուն, վերանորոգվել են տանիքն ու պարիսպները և արձանագրությունը փորագրվել է նորաբաց դռան վերին հատվածում։

Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու եզակի գանձերից է նաև նկարիչ Նաղաշ Հովնաթանյանի որմնանկարը, որը պատկերում է Մարիամ Աստվածածնի` մանուկ Հիսուսին խաչին զոհաբերելու տեսարանը:

Խորհրդային տարիներին տարբեր նպատակների ծառայեցվելուց հետո, Սբ. Զորավոր եկեղեցին վերադարձվեց հավատացյալներին, դարձավ գործող: 1961թ. Վազգեն Ա-ի ջանքերով սկսվեցին Սբ. Զորավոր եկեղեցու վերականգնման աշխատանքները, իսկ 1970-ական թվականներին, Մայր Աթոռի հովանու ներքո, հիմնովին նորոգվեց: Նորոգվեցին պատերի խարխլված հատվածները, կտուրի ծածկասալերը, երգչախմբի համար ավելացվեց վերնատուն, կառուցվեց երիցատան նոր շենք: Նորոգման ենթարկվեց նաև Սբ. Անանիայի մատուռը՝ կոնաձև վեղարով հանդերձ: Շրջապատը մաքրվեց կիսավեր դարձած շենքերից, իսկ հարավ և արևմտյան կողմի հարթակները սալարկվեցին քարով: Եկեղեցու հիմնական վերանորոգումն ու շրջապատի բարեկարգումը կատարվեց Մայր Աթոռի բարերար, ֆրանսահայ Սարգիս Պետրոսյանի նվիրատվությամբ:

Այսօր էլ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին և նրա շրջակայքը շարունակվում են բարենորոգվել բազմաթիվ հավատավոր բարերարների նվիրատվություններով:

 

No results found.

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․