Գրքեր
Հարց քահանային

ճշմարտություն փնտրող միտքը շատ անգամներ կարող է հայտնվել բազում հարցերի առջև: Եվ այս դեպքում ամեն մի հարցի ճշմարիտ պատասխանը կարող է նոր ճանապարհ հարթել դեպի Ճշմարտությունը՝ դեպի Աստված. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Երբ մարդու սրտում թափանցում է Աստծո լույսը, և նա փորձում է իրապես ճանաչել իր Արարչին, ապա այդ ճանապարհին նրա սեղանի գիրքն է դառնում Սուրբ Գիրքը, կիրակին սրբացվում է Սբ. Պատարագի արարողության մասնակցությամբ, բարի գործերով, անհատական աղոթքին միանում է նաև ընդհանրական աղոթքը՝ ժամերգությունը, ամեն մի ուխտագնացություն դառնում է հավատքը նորոգելու հիանալի մի առիթ, աստվածային լույսի ներքո այլ են դառնում նաև մարդկային փոխհարաբերությունները: Եվ ամեն անգամ անքննելի Աստծո հետ հանդիպումը կարող է ի հայտ բերել բազում հարցեր:

Իսկ այս դեպքում կարևոր է այդ հարցերի պատասխանները ճիշտ աղբյուրից գտնել: Քանի որ պետք է զգուշանալ կամայական և քմահաճ մեկնություններից, որոնք դեպի հավիտենական կորուստ են առաջնորդում: Սբ. Պետրոս առաքյալն իր ընդհանրական երկրորդ նամակում Սբ. Պողոս առաքյալի նամակների և Սուրբ Գրքի հետ կապված գրում է. «Նա իր բոլոր նամակներում էլ խոսել էր այս բաների մասին: Այդ նամակներում կան մի շարք դժվարհասկանալի մասեր, որոնց իմաստը չարափոխում են տգետ և փոփոխամիտ մարդիկ: Նրանք չարափոխում են նաև մյուս Սուրբ Գրքերը՝ իրենց սեփական կորուստը պատրաստելով» (Բ Պետրոս 3:16):

Անչափ կարևորվում է, երբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու զավակը անտարբեր չէ և հետաքրքվում է, ուսումնասիրում թե՛ գրքերի գիրքը՝ Աստվածաշունչը, թե՛ մեր եկեղեցու դավանանքը, ծեսերն ու ավանդությունները:

Կայքի «Հարցեր քահանային» բաժինը նպատակ ունի հոգևորականի օգնությամբ առաջադրված հարցերի սպառիչ պատասխանները տալ՝ աղբյուր ունենալով Սբ. Գիրքը, եկեղեցու Սրբազան Ավանդությունը և եկեղեցու հայրերի աստվածաշնչային մեկնությունները:

«Հարցեր քահանային» բաժինը իր ենթաբաժիններով՝ ծիսական, աստվածաբանական խնդիրներ և հրեշտակներ, եկեղեցական իրողություններ, մեկնություն պահանջող աստվածաշնչային հարցեր, բարոյական առարկություններ անվանումներով, արդեն իսկ պատասխանել է մի շարք հարցերի կապված Աստծո բնության, Նրա անփոփոխ լինելու, Սբ. Երրորդության անձերից յուրաքանչյուրի, դժոխքի, մեղքի, անարդարությունների, նախախնամության և ճակատագրի, Սբ. Պատարագի, յոթ խորհուրդների, սրբերի, նրանց մասունքների և բարեխոսության, օրենքի, երդման, անեծքի, հայհոյանքի և այլնի վերաբերյալ:

Յուրաքանչյուր հարցի պատասխանը, հիմք ունենալով Սուրբ Գիրքը և մեր եկեղեցու հարուստ ժառանգությունը, հավատքի մեջ ամրապնդում և լուսավորում է մարդուն. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմոս 118:105):

 

Կարինե Սուգիկյան

*-ով դաշտերը պարտադիր են

Խնդրում ենք հարցը գրել հայերեն տառերով։ Ձեր նշած անունը, էլեկտրոնային հասցեն չեն հրապարակվի։
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․