19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Վարք Սրբոց

 Ովքե՞ր են սրբերը և ինչպե՞ս են արժանացել սրբության

 

Ոմանց համար սրբերը երկնքի հետ կապ ունեցող արտասովոր, գերբնական էակներ են լուսապսակներով: Ոմանց համար պատմության հետաքրքիր էջեր, երբեմն նաև անհավանական թվացող: Ոմանց համար սրբերը եկեղեցում փակցված սրբանկարներից այն կողմ ոչ մի նշանակություն չունեն, իսկ ոմանց համար էլ կենդանի հավատքի լավագույն օրինակներն են:

 

Սրբության գաղափարը մեծ տեղ է գրավում քրիստոնեության մեջ և այդ գաղափարին դեռևս հանդիպում ենք Հին Ուխտում: Թերթելով Հին Կտակարանը՝ հանդիպում ենք սրբությամբ ապրող բազմաթիվ կերպարների, ովքեր աստվածային ներշնչմամբ ուղղորդում էին մարդկանց դեպի սրբության ուղի:

«Սուրբ, սրբություն և սրբել» բառերը ավելի քան 1200 անգամ է գործածված Աստվածաշնչում: Հին Կտակարանի Ղևտական գրքում բազմիցս ենք հանդիպում աստվածային այս պատգամին. «Սուրբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը սուրբ եմ» (Ղևտական 11:44; 19:2; 20:7; 21:8):

Սուրբ նշանակում է մաքուր:

«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլևս այն չէ, ինչ որ նախապես էր, որովհետև նա ամբողջությամբ նորոգվեց» (Բ Կորնթացիներ 5:17): Սրբերը Քրիստոսի հետ միացած նոր կյանք ունեցան: Նրանք, ապրելով այս աշխարհում և մարդկանց մեջ, այս աշխարհից չէին, ինչպես Քրիստոս (Հովհաննես 17:14):

 

Սրբերին սկսել են հիշատակել

 

Ե՞րբ և ի՞նչ պայմաններում են մարդիկ սկսել հիշատակել սրբերի տոնակատարությունը:

Սրբերից շատերը նահատակվել են, նրանք ոչ միայն խոսքով, կյանքով, այլ նաև իրենց մահով էին քարոզում Քրիստոսին: Նրանք մեծ ուրախությամբ էին գնում չարչարանքի և նահատակության՝ իրենց համարելով Քրիստոսի չարչարանքների և նաև Նրա փառքի մասնակիցը: Չարչարանքներն ու մահը նրանք ընդունում էին՝ որպես հաղթանակ ընդդեմ մահվան և նրա դեմ վախի:

Քրիստոնեական եկեղեցին շատ բնականորեն է սկսել հարգել և հիշել նրանց: Սրբերի հիշատակությունն սկսվել է նրանց մարտիրոսական մահվան տարեդարձային հիշատակությամբ: Եկեղեցին գրի էր առնում մարտիրոսների չարչարանքները և շրջաբերական նամակների ձևով ուղարկում էր շրջակա եկեղեցիները՝ ընդարձակելով նրանց հարգանքի շրջանակը՝ որպես օրինակ և քաջալերություն շատերի: Ժամանակի ընթացքում մարտիրոսներին միացան «խոստովանողները», այսինքն՝ այն քաջարի քրիստոնյաները, որ հանուն Քրիստոսի չարչարվելով՝ ողջ են մնացել: Եկեղեցին նրանց վկայարանների կամ գերեզմանների վրա տարեկան հոգևոր հանդիսությամբ հարգում է նրանց հետմահու հիշատակությունը:

«Խոստովանողներ»-ին միացան կույսերը, ճգնավորները: Կույսերը՝ այր և կին, կամավորապես հրաժարվում էին ամուսնական, աշխարհիկ կյանքից և կուսակրոնի կյանքով ապրում էին սրբությամբ: Նրանց ժուժկալությունն եկեղեցին հավասար է նկատել մարտիրոսությանը: Իսկ ճգնավորները, թողնելով աշխարհի բոլոր ապականությունները, ցանկություններն ու խաբկանքները, ապրում էին ամայի վայրերում Աստծո ներկայության և շնորհների մեջ: Արդարև, բոլոր նրանք, որ հերոսական առաքինությամբ և բացառիկ նվիրումով ծառայեցին եկեղեցուն, արժանացան բացառիկ հիշատակության թե՛ հասարակ ժողովրդի փափագով, թե՛ եկեղեցական իշխանության հավանությամբ և հաստատումով: Դարերի ընթացքում եկեղեցին, ժողովրդի կամ տեղական հոգևոր իշխանության խնդրանքը քննության ենթարկելով, մարտիրոսի կամ որևէ առաքինի անձի սուրբ է հռչակել՝ տարեկան տոնախմբության արժանացնելով: Մեր տոնացույցի վերջին բարեկարգիչը Սիմեոն կաթողիկոսն (1780 թ.) է եղել, ում նախաձեռնությամբ տոնացույցում ավելացել են վերջին սրբերը՝ մեծ վարդապետները՝ Սբ. Հովհաննես Որոտնեցին (1315-1386 թթ.) և Սբ. Մովսես Տաթևացին (1578-1632 թթ.): Դարերի դադարից հետո, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին 2015թ-ի ապրիլի 23-ին հատուկ արարողակարգով սրբերի շարքին դասեց «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակության պսակն ընդունածներին՝ Եղեռնի զոհերին, ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության նահատակ սրբերի հիշատակի օր:

 

Սրբերը մաս են կազմում

 

Ըստ եկեղեցու վարդապետության՝ սրբերը մաս են կազմում երկնքի Անդրանկաց ժողովի (եկեղեցու), ուր դարձյալ աղոթում են մարդկանց համար, որպեսզի նրանք էլ, մեղքի և չարի դեմ հաղթանակ տանելով, արժանանան Երկնքի Արքայությանը:

Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, նրա գլուխը Քրիստոսն է, իսկ մարմնի անդամները հավատացյալներն են (Ա Կորնթացիներ 12:27-28, Եփեսացիներ 1:22; 5:29-30): Եկեղեցին երկու մասի է բաժանվում՝ Զինվորյալ և Հաղթական: Զինվորյալ եկեղեցի կազմում են աշխարհի վրա ապրող քրիստոնյաները, ովքեր շարունակ պատերազմի մեջ են չարի և մեղքի դեմ (Եփեսացիներ 6:10-20): Զինվորյալ եկեղեցին կոչվում է նաև Մարտնչող եկեղեցի: Իսկ աշխարհից մեկնած սրբերը հանդերձյալ կյանքում կազմում են Հաղթական եկեղեցին, որ կոչվում է նաև Անդրանկաց ժողով (Եբրայեցիներ 12:22-24): Եկեղեցին ոչ միայն երկրի վրա ապրող քրիստոնյաների միասնությունն է, այլ նաև ամբողջությունը նրանց, որ չարի դեմ հաղթանակելով՝ արդարացած հոգով կազմել են Հաղթական եկեղեցին:

 

Սրբերը բարեխոսում են

 

Սրբերը ոչ միայն կենդանի և գործող հավատքի օրինակներ են, այլ Աստծո մոտ մեզ համար բարեխոսներ են: Իսկ սրբերի բարեխոսություն խնդրել չի նշանակում աղոթել նրանց: Մենք խնդրում ենք, որ նրանք մեզ համար բարեխոսական աղոթք ուղղեն առ Աստված և օգնեն մեզ: Օրինակ, եթե մենք դիմում ենք Աստվածամորը, որպեսզի նա բարեխոսի Քրիստոսի մոտ մեզ համար, չի նշանակում, որ աղոթում ենք նրան:

Աստվածաշնչից այս օրինակները վկայում են սրբերի բարեխոսության մասին. Աստված պահանջեց, որ Հոբի ընկերները խնդրեն Հոբին իրենց համար աղոթել, որպեսզի Նա չվարվի նրանց հետ` ըստ իրենց հիմարության (Հոբ 42:8), կամ՝ Աստված թույլ տվեց, որ Աբրահամը միջնորդի Սոդոմի համար (Ծննդոց 18):

Բողոքականները կտրականապես մերժում են ցանկացած բարեխոսություն, լինի դա Սուրբ Կույսի, թե հրեշտակների կամ սրբի բարեխոսություն: Իրենց տեսակետը հիմնավորում են Սուրբ Հովհաննես առաքյալի խոսքերով. «…բարեխոս (միջնորդ) ունենք Հոր մոտ՝ Հիսուս Քրիստոս Արդարին» (Ա Հովհաննես 2:1): Ինչպես նաև Սուրբ Պողոս առաքյալի խոսքերով. «Որովհետև մեկ Աստված կա և մեկ Միջնորդ՝ Աստծո և մարդկանց միջև. Հիսուս Քրիստոս Մարդը» (Ա Տիմոթեոս 2:5): Իրականում սկզբունքային մեծ տարբերություն կա Քրիստոսի միջնորդության և սրբերի բարեխոսության միջև. Քրիստոսի Միջնորդությունը քավչարար է: Տեր Հիսուս Քրիստոսը բարեխոսում է մեր մեղքերի թողության համար. Նա՝ Անձամբ, լինելով Քավությունը, մեր փոխարեն վճարեց մեղքի վարձքը: Իսկ սրբերի բարեխոսությունը ոչ մի ընդհանուր բան չունի Փրկագնման, ինչպես նաև Քավության հետ: Սրբերի բարեխոսությունը աղոթք է մեզ համար:

 

Սրբերի հանդեպ հարգանքը

 

«Հարգել սրբին նշանակում է նմանվել նրան»,- ասել է Սբ. Հովհան Ոսկեբերանը:

Սրբերի աշխարհը դա այն մարդկանց աշխարհն է, ովքեր ողջ սրտով, մտքով և հոգով սիրել են Աստծուն և իրենց նմանին՝ ջանալով անաղարտ պահել Աստծո պատկերը, որով և ստեղծվել են:

Սրբերի հանդեպ հարգանքն արտահայտվել է նրանով, որ նրանց անունով բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել և կառուցվում են: Առաջին դարերում եկեղեցիներ կառուցելիս նրանց նահատակության վայրերում և եկեղեցու հիմքում դնում էին սրբերի մասունքներից, ինչով և պայմանավորվեց հետագայում մասունքների բաժանումը: Սրբերի հիշատակությունը նշվում է Սուրբ Պատարագով, ուխտագնացություններով՝ հոգևոր ուրախություն պատճառելով մասնակիցներին: Սրբի անունը կրող եկեղեցու համար սրբի տոնն անվանակոչության օր է կամ՝ այդ եկեղեցու տոն: Այդ օրը անվանակոչության օր է համարվում նաև տվյալ սրբի անունը կրող մարդկանց համար:

Ամեն օր կամ պարբերաբար սրբերի վարքի ընթերցումով քրիստոնյան ավելի է ամրացնում իր կապը փրկության ուղեցույցի՝ Աստվածաշնչի հետ, որտեղից և ծանոթանում է առաջին և մեծագույն սրբերին, ապա՝ համայն քրիստոնեության հետ, որի անբաժան մասն է եկեղեցին: Սրբերը կյանքի բոլոր ասպարեզներից են եղել՝ կաթողիկոսներ, թագավորներ, պետական պաշտոնավորներ: Նրանց մեջ կային թե՛ տղամարդիկ և կանայք, թե՛ մանուկ, երիտասարդ և ծեր, թե՛ աղքատ և հարուստ, թե՛ մտավորականներ և գեղջուկ մարդիկ: Հետևաբար նրանց կյանքը օրինակելի է բոլորի համար անխտիր:

Սբ. Հովհան Ոսկեբերանը սրբերի հիշատակության հետ կապված ասել է. «Մարտիրոսների հիշատակությունը տոն է և հոգևոր ուրախություն: Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք, նրանք հերոսություն են գործել, մենք ուրախանում ենք, նրանց պսակը փառքն է բոլորի, ավելի շուտ փառքը ողջ եկեղեցու»: Ապա սուրբը մարտիրոսական քաջագործությունը համեմատել է Օլիմպիական խաղերի հաղթանակի հետ. «Հաղթում է մեկը, ուրախանում են բոլորը: Սրբերը եկեղեցու գանձերն են լի թանկարժեք մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում է, հագուստը մաշվում է, տները քանդվում են, իսկ հոգևոր հարստությունն այլ է, սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»:

Բոլոր տոնելի սրբերի հիշատակության օրերն իմանում ենք «Տոնացույց»-ից, բայց այստեղ էլ շատ սրբերի անուններ դուրս են մնացել և նրանց անունները հայտնի են միայն Աստծուն: Հայ եկեղեցին տարվա մեջ մեկ օր նշում է հին և նոր, հայտնի և անհայտ սրբերի հիշատակությունը: Տոնացույցում 130 օրեր նվիրված են 415 անուն սրբերի և սրբերի խմբերի հիշատակություններին:

Այսպիսով, քրիստոնյայի համար սրբերն ոչ միայն իրենց և Աստծո միջև միջնորդներն են, այլ իրական քրիստոնեության կենդանի կրողները, որոնց կյանքն առ այսօր բարոյականության մեծագույն օրինակ է հանդիսանում:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Վկայաբանություն սուրբ Սարգիս Զորավարի և նրա որդու՝ Մարտիրոսի
Քրիստոսի մեծ վկա սուրբ Սարգիսը Գամիրքից էր, ազգությամբ՝ հռոմեացի: Նա իր քաջասիրտ արիության համար մեծն Կոստանդիանոս կայսեր կողմից Կապադովկիայի փառավոր իշխան ու կառավարիչ էր կարգվել: Սուրբ Սարգիսը, որ աչքի էր ընկնում իր քրիստոնեական բարեպաշտությամբ, կործանում էր չաստվածների մեհյաններն ու եկեղեցիներ էր կառուցում, խորտակում էր կուռքերի զոհարաններն ու տերունական Խաչն էր կանգնեցնում: Նա առավել բազմաքանակ էր դարձնում քահանաների ու Քրիստոսին .....
Սուրբ Ղևոնդյան քահանաների վկայաբանություն
Հայոց սուրբ հայրապետ Սահակ Մեծի վախճանից հետո Լուսավորչի սուրբ Աթոռի տեղապահությունը ստանձնում է Մեսրոպ վարդապետը: Սակայն միևնույն տարում վախճանվում է նաև Մեսրոպը և կաթողիկոսական իշխանությունը տրվում է մեծն Հովսեփին, որը Վայոց Ձոր աշխարհից էր, Հողոցմանց կոչվող գյուղից: Հովսեփը բանիմաց ու սուրբ մարդ էր՝ լի աստվածային հանճարով ու իմաստությամբ: Եվ մինչդեռ նրան կամենում էին կաթողիկոս ձեռնադրել, պարսից Հազկերտ արքան մեծ նեղությունների .....
Մեր լուսավորիչ սուրբ Գրիգորի՝ [մորից] հղացման, ծննդյան, կյանքի որպիսության և նշխարների պատմությունը
Պատմագիրների երկերում բազում ու զանազան պատմություններ և հրաշազան խոսքեր կան մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին։ Մեզ են փոխանցվել նաև սխրալի ու սքանչելապատում ավանդություններ, որոնցից մեկը, մեր սուրբ հոր ու մեր հոգիների լուսավորչի բուսածին հղացման մասին ավանդությունը, մի երջանիկ պատմագիր գրի է առել իր շարադրանքում։ Անակը, Պարսից աշխարհից Հայաստան գալով, օթևանում է սուրբ Թադեոս առաքյալի դամբարանին մերձ գտնվող մի վայրում։ Եվ, համաձայն .....
Սուրբ Թեոդորոս զորավարի վկայաբանությունը
Քրիստոսի քաջամարտիկ զորական ու հաղթող վկա սուրբ Թեոդորոսը ապրել է Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս ամբարիշտ թագավորների ու Մաքսիմոս դատավորի ժամանակներում: Թեոդորոսը Ամասիա քաղաքից էր, հավատքով՝ քրիստոնյա, և զավակն էր բարեպաշտ ծնողների: Երբ ինքը դեռ մանուկ՝ նրա մայրը մահանում է, մանկան մասին հոգ է տանում հայրը՝ կերակրելով որդուն խաշած ցորենի հատիկներով: Ու երբ սուրբ Թեոդորոսն արդեն պատանեկան տարիքին է հասնում, միևնույն է, շարունակում է սնվել .....
Սուրբ Վարդանանց նահատակությունը
Հայոց թագավորության անկումից և սուրբ Սահակ Պարթևի վախճանից հետո Հայոց երկրի ղեկն իրենց ձեռքը վերցրին պարսիկները: Իրենց տիրապետության տակ առնելով հայերին՝ նրանք հալածանքներ հարուցեցին քրիստոնյաների նկատմամբ: Այդ ժամանակներում Թեոդորոս Կրտսեր կայսեր կողմից հայոց զորավար ու կառավարիչ էր կարգված սուրբ Վարդանը, որը Մամիկոնյան նախարարական տնից էր և թոռն էր մեծն Սահակ Պարթևի: Վարդանը երկու եղբայր ուներ՝ Հմայակն ու Համազասպը: Այդ ժամանակներում .....
Սուրբ եպիսկոպոս Աբդայի, Որմզդանի, Սաինի և Բենիամին սարկավագի վկայաբանությունը
Հոռոմոց Թեոդոս Փոքրի թագավորության և Պարսից ամբարիշտ Հազկերտ արքայի բռնակալության ժամանակ, անօրեն թագավորի միջոցով սատանան պատերազմ հրահրեց Աստծո եկեղեցու դեմ: Եվ Պարսից Աբդայ եպիսկոպոսը լսեց և լցված աստվածային նախանձախնդրությամբ, հրով այրեց Պարսից ատրուշանը, որ անվանում էին հրո տաճար և ուր կրակապաշտները բորբոքում էին հուրը: Այդ լսելով` պարսից մոգերը պատմեցին արքային, և նա կանչեց սուրբ եպիսկոպոսին ու նախ հանդարտությամբ մեղադրում էր .....
Սուրբ Աբդլմսեհի վկայաբանությունը
Սկսենք նահատակության պատմությունը սուրբ Աբդլմսեհի, որ թարգմանվում է Քրիստոսի ծառա: Նաև` սքանչելի զորությունների և բուժումների մասին, որ Աստված նրա անունով կատարում էր Իրեն ապավինողներին: Քանի որ Աստված արդարև սքանչելի է սրբերի մեջ, և փառավորված է նրանց մահը` նրա առջև: Եվ մշտապես ականջալուր է նրանց աղոթքին, նրանց բարեխոսությամբ փրկում է իր ժողովրդին, և նրանց նահատակությամբ ամոթահար է անում դևերի բանակները, և խափանելով խորտակում է վիշապի .....
Սուրբ Ադրիանոսի և նրա կնոջ՝ Անիտոլի վկայաբանությունը
Մաքսիմիանոս թագավորը երկրորդ անգամ Նիկոմիդիա քաղաք գալու ժամանակ սպանեց բոլորին, որ տարբեր տեղերից հավաքված էին Քրիստոսով: Գնալով տաճար` երկրպագեց աստվածներին և հրամայեց նախ իր զոհերը մատուցել, իսկ հետո քաղաքինը: Այնուհետև բոլորը լսելով գալիս [զոհ] էին մատուցում, ոմանք ցուլ, ոմանք արջառներ, ոմանք գառներ, խոյ և հավ, քանի որ քաղաքը կռապաշտ էր: Զոհում էին բոլոր հրապարակներում ու փողոցներում, տներում, այնքան որ ամբողջ քաղաքը բուրում էր զոհերի .....
Սուրբ Աթանագինես եպիսկոպոսի վկայաբանությունը
Այս սուրբ Աթանագինեսը քրիստոնյա էր, քրիստոնյա ծնողներից, եպիկացոց գավառից, այսպես կոչված Փիլաքթովե գյուղից, որ ասվում է նաև Սագրուպինե: Սրա գյուղը հարկատու էր սեբաստացիներին: Երբ հասունացավ` ամուսնացավ. դա նաև իր ծնողների կամքով էր: Ունեցավ որդի, նրան անվանեց Պատրոփիլոս: Բարեպաշտ կյանք էր վարում, և Սեբաստիայի եպիսկոպոսը նրան քահանա օծեց: Վերադառնալով հիշյալ գավառը` քորեպիսկոպոս կարգվեց: Եվ քորեպիսկոպոսություն արեց պատվիրանի համաձայն: Այնուհետև, .....
Սուրբ Ակակիոսի վկայաբանությունը
Ամբարիշտ Մաքսիմիանոսը ստանձնելով Հռոմի թագավորական իշխանությունը` օր-օրի բորբոքվելով չարասեր բանսարկուից, ահագին որոտով ու դժնդակ սպառնալիքներով հոխորտալով հալածանք էր հարուցում Աստծու եկեղեցու դեմ. մտադրվեց կորստյան մատնել և մեջտեղից վերացնել Նրա անվան բոլոր հավատացյալներին: Չարությունը նաև իր համախոհներից էր, և ավելանում էր աստվածամարտությունը: Բոլոր քաղաքներն ու գավառները սրանց հարուցած ծովածուփ մրրիկով բռնված` ընկղմվում ու .....
Սուրբ Ակիփսիմայի, Այիթալայի և Հովսեփի վկայաբանությունը
«Աստված սքանչելի է իր սրբերի համար» (Սաղմ. ԿԷ. 36),-այսպես է բարբառում աստվածահայր մարգարե ու Հոգու նվագարան Դավիթ արքան: Ու դարձյալ` «Կպանծան սրբերը փառքով և կցնծան իրենց հանգստի մեջ» (Սաղմ. ՃԽԹ. 5-6): Եվ ես հետևելով նրա խոսքերին` նվաստ մտքով [սուզվելով] նրա անբավ իմաստներով ծովացած խորքերը` նրբաձայն լեզվով կբարբառեմ: Եվ այսպես աղաղակելով կասեմ, որ «Սքանչելի է Աստված իր սրբերի համար»: Ինչպիսի՞ն է այս խոսքը. թե` Աստված սքանչելի .....
Անդրե զորավարի և նրա զորքի՝ երկու հազար ութ հարյուրի վկայաբանությունը
Աստվածային անճառելի և անիմանալի խորհուրդը, անհասանելի և անպարագրելի սքանչելիքը, անհասանելի և անպատմելի բարերարությունը, Նրա անբավ մարդասիրության ողորմությունը, սքանչելի և առատաբաշխ պարգևները, ո՞վ ի վիճակի կլինի պատմելու կամ իմանալու, որը մեր մտքին անտեսանելի է և գիտանքին անիմանալի, որ ո՛չ լեզվով է պատմվում, ո՛չ մարդու հանճարով է իմացվում, ո՛չ բերանով է ճառվում, ո՛չ աչքի տեսողությամբ է բացահայտվում. մեծահրաշ և սքանչելի բարիքը` պատրաստված .....
Սուրբ Անթիմոս եպիսկոպոսի վկայաբանությունը
Նիկոմիդիա մայրաքաղաքի սուրբ եկեղեցու աճելով և Քրիստոսի հոտի բազմանալով` բարիքն ատեցող բանսարկուն և արդարության թշնամին, մարդկանց հոգիների ապականիչը, չար գազանը, ոչխարի մորթով ծածկված մտավ Քրիստոսի հոտը` Նրա ներելու պատճառով: Քանի որ այն ժամանակ արբանյակներ ու գործակիցներ գտավ իր չարության` ամբարիշտ և անօրեն թագավոր Մաքսիմիանոսին Դեոկղետիանոսի հետ. խավարային վայրենամիտներ, ապերասան, խայտառակված մտքով և սովորությամբ խաբեբաներ: Նա [Մաքսիմիանոս] .....
Սուրբ Անտիոք Անարծաթ բժշկի վկայաբանությունը
Քրիստոսի մեծ վկա սուրբ Անտիոքոսը բժիշկ էր, բարեպաշտ հավատով ի Քրիստոս, Սեբաստիա քաղաքից, շրջում էր բոլոր գավառներում և ձրի բուժում բոլոր հիվանդներին` ոչ միայն դեղով ու արմատներով, այլև մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ և վարձի փոխարեն, որ պիտի ստանար նրանցից, ում բուժում էր, պարգևում էր նրանց հավատի սուրբ ավազանի աստվածային լույսը, որ ի Քրիստոս, լուսավորելով` բոլորին դարձի էր բերում սնոտի կուռքերի մոլորությունից: Եվ ելավ սրբի բարեգործության .....
Սուրբ Ապողոնիոս ճգնավորի վկայաբանությունը
Ովքեր խորհում են բարին և ունեն հաստատուն հավատ առ Աստված, անեն ինչ տվող Քրիստոսը նրանց պատրաստում է արդարության պսակ, քանի որ Աստծու ընտրյալները կանչվում են այս արդարությանը, որպեսզի բարի պատերազմ մղելով համբերությամբ հասնեն խոստմանը, որ անսուտն Աստված խոստացավ իր սիրելիներին և ամբողջ հոգով Նրան հավատացողներին: Սրանցից մեկն է երանելի վկա և Քրիստոսի առաքինի նահատակ Ապողոնիոսը: Մեծ Հռոմում ճգնելով բարվոք ճգնությամբ փութացել էր վերին .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․