Գրքեր

Ադամն ու Եվան պատկերների համակարգում

Պատկերագրության համակարգում դրախտը պատկերվում է եդեմական թռչուններով ու բույսերով, վառ, պայծառ գույներով: Հանդիպում ենք նաև դրախտի պատկերման այլ տարբերակի. ծառերով ու ծաղիկներով լի պարտեզը վերացված է, մնում են միայն կենդանիները, ինչպես հնադարյան մի շարք փղոսկրաքանդակների վրա: 10-րդ դարում կառուցված Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հարթաքանդակից սկսած դրախտի կենտրոնում իմացության ծառի աջ և ձախ կողմերում Ադամն ու Եվան են, նրանց հետ պատկերվում է և օձը իր նենգ ժպիտով, որով գայթակղեց և խաբեց նախաստեղծներին՝ պատճառ դառնալով նրանց դրախտից վտարվելուն:

Ընդունված պատկերագրական տիպարներից ավելի հետաքրքիր մի շեղում երևում է Եվայի և օձի կոմպոզիցիայում, որն իր զուգահեռը չունի քրիստոնեական արվեստում: Օձունի տաճարի տաղանդավոր արվեստագետի նման, որը միայն երկու դար հետո փորագրեց Եվայի դիմաքանդակը (գետնին պառկած և, հավանաբար, օձին լսելու դիրքում), Աղթամարի քանդակագործը ստեղծել է յուրահատուկ մի կոմպոզիցիա, որը շատ ավելի տպավորիչ է, քան ծառի կողքին կանգնած Եվայի սովորական տիպարը: Եվայի փորձությունը լուսաբանելիս, արվեստագետները դեմ էին առնում օձի ներկայացման խնդրին, պետք էր տալ այնպես, որ նա և՛ ուղիղ կանգնած լիներ, և՛ նման՝ իր բնական արտաքինին: Ընդունված սովորական լուծմամբ՝ օձը փաթաթվում է ծառի կոճղին: Բյուզանդական օկտատևկը (ութնամատյան) ցույց է տալիս ուղտի նման սապատով, օձաձև մի տարօրինակ կենդանի, որը, անկասկած, վերցված է հրեական առասպելից: Աղթամարի քանդակը օձին պատկերում է չորս ոտքի վրա, բայց քանի որ այդ ոտքերը շատ կարճ են, ուստի սողունի բնական կերպարանքը չի ձևախեղվում:

Պատկերագրության մեջ ներկայացվում են տեսարաններ, որոնք արտահայտում են Հին և Նոր կտակարանների զուգահեռությունը: Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու քանդակապատկերներից մեկում գահին նստած Քրիստոսը և Սուրբ Կույսը հարավային ճակատում զբաղեցնում են համարյա միևնույն տեղը, ինչ Ադամն ու Եվան՝ հյուսիսային ճակատում: Այսպիսով, փրկությունը հակադրվում է անկմանը, որովհետև Քրիստոսը «նոր Ադամն է», իսկ Մարիամը՝ մարմնացման միջոցը, «երկրորդ Եվան է»: Քրիստոսի կյանքից տեսարանները հիշեցնում են, որ կորուսյալ դրախտը հնարավոր է ձեռք բերել Քրիստոսի մարմնացման և զոհողության շնորհիվ: Եդեմական պարտեզի ակնարկումը մեզ հիշեցնում է, որ ինքը՝ եկեղեցին, Դրախտի պատկերն է: VIII դարին վերագրվող մի տեքստում կարդում ենք. «Եկեղեցին Աստծո կողմից պատրաստված դրախտ է, որտեղ չարը չի կարող մտնել, որովհետև դրախտից մենք վտարվեցինք օձի նենգության պատճառով, բայց եկեղեցի ենք մտնում Քրիստոսի շնորհիվ…»:

Աղթամարի եկեղեցու արևելյան ճակատի վրա երևում է Ադամի կիսանդրին, այսինքն՝ Հին կտակարանի այլաբանական բացատրության համաձայն, Քրիստոսի առաջին դիմանկարը. ըստ որում, մարդկության հոր դիմային տիպարը նպատակադրված կերպով ձևավորված է Քրիստոսի դեմքի նմանությամբ:

Մարդը գերադասն է և իշխանը ողջ կենդանական աշխարհի: Զաքարիա Ավանցու 1595թ-ին նկարազարդած Ավետարանում Ադամի՝ իբրև գերադաս էակի, ստեղծումը պատկերի վերևում է, իսկ ներքևում կենդանական աշխարհն է՝ ողջ բազմազանությամբ:

Քրիստոնեական արվեստում Ադամի կողից Եվայի ստեղծումը ներկայացվում է հետևյալ կերպերով. Աստված թմրություն է իջեցրել Ադամի վրա և նրա բացված կողից Աստվածային Աջով ստեղծվում, վեր է ելնում Եվան: Կամ էլ Արարիչը թեքվել է առաջ և դիպչում է Եվայի աջ ձեռքին: Եվան նկարված է դիմահայաց և ձեռքերը վեր բարձրացրած: Նա ստեղծվում է Ադամի կողից, որը գլխիվայր պառկել է գետնին: Հաճախ էլ Արարիչը ներկայանում է մարդկային կերպարանքով. Ադամի կողից պոկվում է Եվայի ամբողջական մարմինը: Ոչ խորհրդաբանական և առավել պարզ կառուցվածք ունեցող մանրանկարներում Աստված ուղղակիորեն ձեռքերով՝ որպես քանդակագործ և կավագործ, հողից ծեփում է մարդու մարմինը: Երբ Արարիչը մարդկային կերպարանքով չի երևում, Նրա ներկայությունը թելադրվում է պարզապես աստվածային ձեռքի շնորհիվ և այն ճաճանչներից, որոնք իջնում են երկնքից:

Անանուն Սյունեցին իր նկարազարդ Ավետարանում Ադամին ու Եվային պատկերել է դրախտի համապատկերում՝ հրեշտակների փառաբանության ներքո, իսկ կենտրոնում կենաց ծառն է՝ դրախտի կախարդական թռչուններով: Այս Ավետարանում Անանուն Սյունեցին ներկայացրել է դրախտի եռամաս կառուցվածք ունեցող պատկերաշար: Առաջինը Եվայի ստեղծումն է, երկրորդը՝ մեղսագործությունը, երրորդը՝ իմացության պտղի ճաշակումից հետո Ադամի ու Եվայի երկնչելն ու Աստծուց թաքնվելը: Այս երեք մանրանկարներում էլ Տեր Աստված պատկերված է Քրիստոսի նմանությամբ: Քանի որ մինչև 16-ից 17-րդ դարերը Սուրբ Հոգին և Հայր Աստված առանձին կերպավորում չէին ստանում:

Արցախի մանրանկարչության դպրոցի № 316 ձեռագրի «Մեղսագործության» տեսարանում Ադամն ու Եվան պատկերված են լուսապսակով, որը սակավադեպ է լինում: Իսկ նախածնողների՝ հագուստով պատկերված լինելը ցույց է տալիս, որ նրանք արդեն համտեսել են արգելված պտուղը:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

02.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․