Ապաշխարության կոչը երբեք չի դադարում հնչել | Apashkharutyan Kochy Erbeq Chi Dadarum Hnchel



Գրքեր

Ապաշխարության կոչը երբեք չի դադարում հնչել

«Աստծու հրեշտակների առաջ այսպես ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որն ապաշխարում է» (Ղուկաս 15:10):

Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Այսօր մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարության շրջանի՝ Հինունքի վեցերորդ կիրակին է: Մենք շարունակում ենք միմյանց ավետել՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Սակայն ուշագրավ է, որ այսօրվա ավետարանական ընթերցվածքները կրկին կորած դրամի, կորած ոչխարի և կորած, այն է՝ անառակ որդու մասին են: Ինչո՞ւ: Որովհետև քանի կա այս աշխարհը, մեր Երկնավոր Հայրը միշտ շարունակում է սպասել Իր կորած որդիներին, ապաշխարության կոչը երբեք չի դադարում հնչել Աստծուց երես դարձրածների և Աստծու Արքայությունից դուրս արքայություն փնտրողների համար: Երբեմն մարդիկ արթնանում են և քրիստոնեության մասին հիշում են Մեծ Պահքի ժամանակ միայն՝ փորձելով հավատի կյանքն ապրել սննդային կամ նույնիսկ նաև հոգևոր պահքը պահելով: Սակայն ողջ տարվա ընթացքում մոռանում են Ավետարան ընթերցել, հեռու մնալ մեղքերից և ավետարանական պատվիրանները կյանքի կոչել, որը ինքնին սխալ է: Եվ առավել ևս քրիստոնյաները պետք է հասկանան, որ եթե ավարտվեց Մեծի Պահոց ապաշխարության շրջանը, դա չի նշանակում, որ կարելի է թուլանալ՝ կորցնելով զգոնությունը, զգաստությունը, և այն, ինչ թույլ չեն տվել իրենք իրենց Մեծ Պահքի ընթացքում, կարող են թույլ տալ հիմա՝ Հարության տոնի ժամանակ: Եթե պահքը մեզ բոլորիս զգոնության, աչալրջության, զգաստության, մեղքերից սթափվելու, մաքրվելու կոչ էր անում, և մենք ջանքեր չէինք խնայում այն բանի համար, որպեսզի մեղքի մեջ չընկնենք, ապա այժմ առավել ևս, երբ հաղորդվում ենք, զորանում ենք մեր Աստծով, պիտի առաքինությունների մեջ հարատևենք, աճենք և ոչ թե կորցնենք այն շնորհները, որ ձեռք ենք բերել ապաշխարելով և պահք պահելով: Եթե պահքի շրջանում մենք խուսափում էինք զանազան մեղքերից, ինչպես օրինակ՝ բամբասանքից, չարախոսելուց, տարբեր բնույթի կռիվներից ու վեճերից, ընտանեկան խժդժություններից, փորձում էինք համբերատար լինել, զիջողության գնալ ընկերական հարաբերություններում ևս, ապա այժմ ևս մենք պետք է մեր առաքինությունները գործադրենք՝ չմոռանալով, որ պիտի ճառագենք Քրիստոսի լույսն ու սերը, ինչը որ Նա մեզ պատվիրեց: Դրանով պիտի իմանան, որ մենք Քրիստոսի աշակերտներն ենք ու հետևորդները, եթե ապրենք Նրա պատվիրանների համաձայն, եթե ապրենք Ավետարանի սկզբունքներով: Հակառակ պարագայում չի երևա մեր քրիստոնյա լինելը, չի երևա մեր սերն առ Աստված, որովհետև Աստված ասում է. «Ով Իմ պատվիրաններն ընդունում և դրանք պահում է, նա՛ է, որ Ինձ սիրում է» (Հովհաննես 14:21): Չէ՞ որ մենք ուզում ենք հաճելի լինել Աստծուն, մոտենալ Նրան մաքուր խղճով, մաքուր սրտով ու հոգով, հետևաբար պետք է կարողանանք հավատարիմ լինել Նրա պատվիրաններին, սիրել Նրան՝ սիրելով մարդկանց: Կարևորը Աստծուց չհեռանալն է և Նրանից ուսանելը: Պահոց շրջանում և առհասարակ հավատի կյանքում ձեռք բերած շնորհներն ու տաղանդները, առաքինությունները կորցնելը շատ հեշտ է, դեպի երկինք տանող սանդուղքից վայր գլորվելը նույնպես վայրկյանների հարց կարող է լինել, ինչպես Սուրբ Պետրոս առաքյալն է ասում. «Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա: Դիմադրեցե՛ք նրան՝ հաստատուն լինելով հավատի մեջ» (Պետրոս Ա 5:8, 9): Հոգևոր կյանքը, սիրելինե՛ր, զգոնություն է պահանջում: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասում է. «Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» (Մատթեոս 26:41): Քրիստոնյայի կյանքում կարևոր է և մեծագույն արժեք է սիրո դրսևորումը, սակայն պակաս կարևոր չէ նաև իմաստությունը: Ահա թե ինչու հետպահեցողության շրջանում շատ կարևոր է իմաստուն վարվել՝ չկորցնելու համար պահքի ընթացքում ձեռք բերած շնորհները: Մենք միշտ ձգտում ենք մեզ շրջապատող մարդկանց դարձի բերել, փրկել, ապաշխարության կոչ անել, որը լավ է, անկասկած, սակայն ուշադիր չենք լինում ինքներս մեր նկատմամբ, արդյո՞ք հետընթաց չենք ապրել մեր հոգևոր կյանքում: Տերն ասում է. «Ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5:15,16): Ունայն է կյանքի ընթացքը, եթե մարդ չի դառնում դեպի իր Տերը: Մարդը Տիրոջ մասին չպետք է հիշի նաև ժամանակ առ ժամանակ, այլ ամեն վայրկյան պիտի ապրի իբրև ճշմարիտ քրիստոնյա: Եկեք ուշադրություն դարձնենք «ապաշխարություն» ասվածին, քանի որ ապաշխարությունն է, որ մղում է մեզ հեռանալ այս աշխարհի մեղքերից և փրկություն փնտրել Աստծո մոտ, ապաշխարությունն է մաքրության ճանապարհի սկիզբը, Աստծո հետ հանդիպման պայմանը: Առանց ապաշխարության՝ Քրիստոսի խոստացած Երկնային Արքայությունը մեր մեջ չի հաստատվի: Իհարկե, մարդը սխալական է, և մեղանչական է նրա բնույթը, սակայն ամեն մեղքից հետո Աստված սպասում է անառակ որդու Հոր պես՝ գրկաբաց, ներման և սիրո խոսքերը պատրաստ մեզ բոլորիս համար: Միայն մենք պետք է որոշում կայացնենք վերադառնալու մեր Ծնողի մոտ՝ ասելով. «Մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ» (Ղուկաս 15:21): Սիրելինե՛ր, մեր կյանքի ամբողջ ընթացքը ընկնել և բարձրանալ է: Ապաշխարությունը անառակ որդու ճիշտ որոշումն էր՝ գնալ ներկայանալ հորը և ներում խնդրել:

Չկա՞ր այլ ճանապարհ, իհարկե կար, նա կարող էր համառելով կամ ամաչելով չներկայանալ հորը, մշտապես մնալ նույն աղքատության և զրկանքների մեջ, հորից հեռու, շատ կարճ ժամանակում այդպես ավարտել իր կյանքը, բայց նա ընտրեց լավագույնը, ամոթը հաղթահարելով գնաց ծնկեց հոր առաջ, ներում հայցեց հորից և վերստացավ իր նախկին կարգավիճակը, որի մասին են վկայում պատմուճանը, մատանին ու կոշիկները: Ուստի բոլորիս մաղթում եմ ապաշխարության արդյունավետ հարատև ընթացք, քանի որ քաղցրահամ են դրա պտուղները, քանի որ այն մաքրում է ապաշխարողի հոգին, պարգևում հոգևոր կյանքի մեջ առաջադիմելու շնորհներ, նպաստում է միմիայն հոգու խաղաղությանն ու լուսավորությանը: Ապաշխարությունը երբեք վնասաբեր լինել չի կարող մարդու համար, քանի որ դեպի Աստված տանող երջանկաբեր ճանապարհ է:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

06.05.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․