21 Դեկտեմբեր, Շբ
Գիտենք, որ մեղքի պատճառով մարդկային բնությունը խաթարվել է, և հոգու ուժերը կորցրել են իրենց ճշմարիտ գործառույթը, աղավաղվել և շեղվել կենսալույս զարգացման ուղուց, որի արդյունքում ծնվել են մեղավոր կրքերը: Դրանցից մեկը բացահայտվում է բարկության ձևով: Այն բազում պատճառներով է ծնվում հոգում, ինչպես օրինակ` սնափառությունից, ամբարտավանությունից, ինքնասիրությունից, արծաթասիրությունից, որկրամոլությունից և երբեմն էլ՝ բղջախոհության կրքից: Սուրբ հայրերը, խոսելով բարկության մասին, նշում են, որ այն հոգու ցասմնական ուժի արտահայտություն է: Այն սկզբնապես տրվել է մարդուն, որպեսզի դիմակայի չարին, ինչպես օրինակ՝ երբ կրկնակի ուժով հոգևոր հարձակում է լինում, անհրաժեշտություն է լինում ավելի մեծ ուժով դիմակայել, այսինքն` այս դեպքում հոգու բարի բարկության ուժն ի զորու է ետ մղել և մերժել, չընդունել դեպի մեր բանական դաշտ չարի շարունակաբար ուղարկած մտքերը: Բայց անկման պատճառով բարկությունը դրական ուժից մարդկանց մեջ վերածվել է մեղավոր կրքի, որը երբեք Տիրոջ ճշմարտությունը չի կատարում (Հակ. 1:20): Հետևաբար, հոգու ցասմնական ուժը կարող է երևան գալ բարի կամ չար կերպով՝ կախված դրա նպատակից և ուղղվածությունից: Բարի բարկությունը արթնացնում է միտքը, մինչդեռ չար բարկությունը՝ աղավաղում: Պողոս առաքյալը հորդորում է. «Թե բարկանաք էլ, մեղք մի՛ գործեք. արեգակը ձեր բարկության վրա թող մայր չմտնի» (Եփ. 4:26): Այստեղ էական է, որ մարդու միտքը միշտ արթուն լինի և վերահսկի իրավիճակը: Ինչպես արեգակի մայր մտնելուց հետո խավար է տիրում և առանց լույսի մարդու տեսողությունը տկարանում և դժվարությամբ է տեսնում իր քայլերը, այդպես էլ բարկության ժամանակ մարդը կարող է կորցնել իր հոգու աչքի տեսողությունը` միտքը (Մատթ. 6:22-23) և չտիրապետել իրավիճակին` գործելով անփույթ և անհարկի, կատարելով անողջախոհ քայլեր: Հետևաբար, մարդու միտքը արեգակի պես պիտի լուսավորի, վերահսկի բարկությունը, որպեսզի այն միայն բարին գործի: Առանց բարի բարկության բավականին դժվար է սանձահարել կրքերը: Ինչպես ասում են՝ արդար բարկությունը խրատի մայրն է, մինչդեռ անմիտ համբերությունը մոլորություն է ծնում, ծուլություն է սնում և ոչ միայն չարը չի կանխում, այլև բարին ուղղում է դեպի չարը, քանզի, եթե չարը չհանդիմանվի՝ չի ուղղվի, և եթե բարին չպահպանվի՝ կկորչի: Արդ, երբ բարկությունը բնորոշում են, այն նկարագրում են որպես հոգու հզոր գրգրռված վիճակ` զայրույթ, վրդովմունք, որը կարող է լինել մեղավոր կամ անմեղ` հիմնվելով իր դրդապատճառի և նպատակի վրա: Բարեպաշտ մարդկանց բարկությունը նշանակում է նրանց խիստ մերժումն ու զայրույթը մեղքի հանդեպ: Այս տեսանկյունից՝ արդարները կարող են զայրանալ, բայց մեղք չգործել: Հովհան Դամասկոսցին գրում է բարկության երեք տեսակների մասին` ջղայնություն, զայրույթ և վրեժխնդրություն: Ջղայնություն է անվանում այն բարկությունը, որը սկսվում է և գրգռվում: Զայրույթը երկարատև բարկություն է կամ էլ՝ հիշաչարություն: Վրեժխնդրությունը բարկություն է, որ սպասում է հարմար առիթի, որպեսզի վրեժխնդիր լինի: Աբբա Սերապիոնը երեք տեսակի բարկության մասին է խոսում: Առաջինը բոցավառվում է մարդու ներսում, որին անվանում է զայրույթ, երկրորդը` դառնում է խոսք և գործ և անվանում է բարկություն, որոնց մասին խոսում է Պողոս առաքյալը (Կողոս. 3:8): Երրորդը` ծնվում է ոչ թե կարճ ժամանակով, այլ պահպանվում է մի քանի օր կամ երկար ժամանակ, որին անվանում է հիշաչարություն: Հետաքրքրական է, թե Եփեսացիներին ուղղված նամակում սբ. Պողոս առաքյալն ինչպես է բնորոշում հոգու ցասմնական ուժի աղավաղված դրսևորումը կամ այդ մեղավոր կրքի աստիճանական զարգացումը. «Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզնից՝ իրենց չարությամբ հանդերձ» (Եփես. 4:31)։ Այստեղ նկատելի է հինգ աստիճանական զարգացում: Սուրբ հայրերն ասում են, որ յուրաքանչյուր անախորժություն, որ մեզ պատճառում է մերձավորը, պետք է խաղաղությամբ և խոնարհությամբ ընդունել` հիշելով, որ ոչինչ չի կատարվում առանց Աստծո կամքի: Աստված միշտ և ամեն ինչ մեր կյանքում կարգավորում է հանուն մեր փրկության: Եթե կարծում ենք, որ մեր բարկության մեջ մերձավորն է մեղավոր, ապա արժե հիշել այս պատմությունը` մի եղբայր, որ ապրում էր վանքում և հաճախ էր բարկությունից պարտվում, ինքն իրեն ասում է. «Գնամ անապատ, քանի որ ոչ ոք այնտեղ չկա, չեմ վիճաբանի որևէ մեկի հետ և կհանդարտվեմ այդ կրքից»: Դուրս է գալիս վանքից և բնակություն հաստատում մի անապատում: Մի անգամ ջրով լցնում է կավե ամանը և դնում գետնին: Ամանը շուռ է գալիս և ջուրը՝ թափվում: Վանականը նորից է լցնում ամանը ու դնում գետնին, որը կրկին շուռ է գալիս: Եղբայրը կրկնում է գործողությունը, սակայն այն կրկին շուռ է գալիս: Նա զայրանում է, վերցնում ամանը և հարվածում գետնին: Ամանը կոտրվում է: Վանականը ուշքի է գալիս, խորհում պատահածի մասին և հասկանում, որ կրկին պարտվել է բարկության կրքից, թեև ինքը մենակ է և չկա որևէ մեկը, որի պատճառով վիճաբանության բռնվեր: Եվ որոշում է վերադառնալ վանք: Ակնհայտ է, որ ամենուր անհրաժեշտ է ինքդ քեզ հետ պայքարել, համբերություն և հատկապես` Աստծո օգնությունն ունենալ: Սրբակյաց հայր Իոսիֆ Վատոպեդացին այսպես է բնորոշում բարկությունը. «Ինչո՞ւ է բարկություն ծնվում: Որովհետև եսասիրության ճանապարհին խոչընդոտներ են առաջանում»: Սբ. Թեոփան Մենակյացը նշում է, որ բարկությունն ու նեղացկոտությունը ինքնագնահատականից են ծնվում, երբ գիտակցաբար կամ ենթագիտակցաբար ինքդ քեզ այնքան բարձր ես արժևորում, որ ինչ-որ մեկի անսպասելի խոսքը կարող է բարկության առիթ հանդիսանալ քեզ համար: Սբ. Հովհաննես Սինայեցին գրում է. «Ինչպես ջերմը մարմնում, ինքնին մեկը լինելով, ունի ոչ թե մեկ, այլ բորբոքման շատ պատճառներ, այդպես էլ բարկության և այլ կրքերի բռնկումը, շարժումը առաջանում են շատ և տարբեր պատճառներով: Այդտեղից էլ` դրանց դեմ չի կարելի նշանակել մեկ դեղամիջոց: Այլ՝ այսպիսի խորհուրդ եմ տալիս, որպեսզի տկարացողներից յուրաքանչյուրը ջանասիրաբար թող փնտրի պատշաճ միջոց` իրեն բժշկելու համար: Այդ բժշկման մեջ առաջին գործը թող լինի հիվանդության պատճառը ճանաչելը, որպեսզի այն գտնելուց հետո Աստծո Նախախնամությունից և հոգևոր բժիշկներից ստանա նաև պատշաճ դեղամիջոց իր հիվանդության համար»: Եվագր Պոնտացին ասում է, որ սաղմոսերգությունը սանձում է բարկությունը և մեծահոգաբար քշում վախը: Սուրբ հայրերը ասում են, որ բարկության կիրքը հենց սկզբից պետք է մարել, ինչպես կրակը ջրով մարում ես, երբ այն սկսում է բոցկլտալ, հակառակ դեպքում բռնկվում և տարածվում է ամենուր: Այդպես էլ բարկությունը պետք է մարել հեզությամբ, աղոթքով, համբերատարությամբ, լռությամբ, ինքնաքննադատությամբ, խոնարհությամբ, սիրով: Առաքյալը հորդորում է. «Միմյանց հետ եղե՛ք քաղցր, գթած՝ ներելով միմյանց, ինչպես որ Աստված ներեց մեզ Քրիստոսով» (Եփես. 4:32):
Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը