Գրքեր

Արև երեխաներ. ճանաչիր ինձ իմ կարողությամբ

Մարտի 21-ին ողջ աշխարհը նշում է Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրը: Այս առիթով Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը,  «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ն և «Լուսե» վերականգնողական կենտրոնը համատեղ իրականացրին հանրային միջոցառում, որը Դաունի համախտանիշով մարդկանց կարողությունները վեր հանելու և նրանց մասին իրազեկման նպատակ ուներ: Ողջ միջոցառման ընթացքում «Լուսե» և «Արև-երեխաներ» կենտրոններ հաճախող Դաունի համախտանիշով երեխաները խորհրդանշական թխվածքաբլիթներ և ծաղիկներ էին բաժանում անցորդներին, ծանոթանում և զրուցում նրանց հետ՝ մեծ ուրախություն պատճառելով նրանց: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում արևային եղանակն առավել ջերմ էր դարձել՝ արև երեխաների ներկայությամբ, նրանք իրենց արևային ժպիտներով արևային տրամադրություն էին պարգևում անցորդներին: Արև երեխաներից որոշներն էլ վագոն-կրպակում և «Moscafe» սրճարանում սուրճ և թարմ հյութեր էին պատրաստում և հյուրասիրում: «Moscafe» սրճարանն էլ իր հերթին արև երեխաներին և նրանց ծնողներին հյութով հյուրասիրեց:

«Հանրային միջոցառումը հանրությանը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց մասին իրազեկման նպատակ ուներ: Արևն այնքան մեծ է, որ բոլորս տեղ ունենք այդ արևի տակ՝ անկախ նրանից ինչքանով ենք արտաքնապես կամ մտավոր իրար նման ու տարբեր»,- ասաց «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախագահ Ռուզան Թամրազյանը:

Արև Սարգսի (12 տ.) մայրը՝ Մարոն ասաց, որ տպավորված է միջոցառմամբ, քանի որ իր երեխան ողջ միջոցառման ժամանակ իրեն կարևորված զգաց:

Իսկ «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան ներկայացուցչության շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիչյանը նշեց, որ «Այո, երեխաները կարող են» հանրային արշավի շրջանակում կազմակերպված հանրային միջոցառումը նպատակ ուներ հանրայնացնել Դաունի համախատանիշ ունեցող երեխաների կարողությունները և փոխել հասարակության վերաբերմունքը նրանց հանդեպ՝ ունենալով հետևյալ ուղերձը՝ ճանաչիր ինձ իմ կարողությամբ:

Դաունի համախտանիշ ունեցող արևային, բարի, կենսուրախ և լավատես երեխաները պատրաստակամ են հաղորդակցվելու, հարկավոր է միայն, որ հասարակությունն էլ իր հերթին ժպիտ և ուրախություն, ուշադրություն և աջակցություն պարգևի նրանց՝ նպաստելով հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրմանը:

 

Կարինե Սուգիկյան

21.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․