Գրքեր

Աշխարհամատրան կիրակիի քարոզ

«Քեզ գրում եմ այս բանը, որովհետև հույս ունեմ, որ շուտով կգամ: Իսկ եթե ուշանամ, դու կիմանաս, թե ինչպես պետք է վարվես Աստծո տան մեջ, որ կենդանի Աստծու եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության: Եվ հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը, որ հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացավ փառքով» (Ա Տիմ. 3:14-16):

 

Ի Քրիստոս միավորված եղբայրներ և քույրեր,

Բացառապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, որ Հարության տոնին հաջորդող այս երկրորդ կիրակին նշում է Աշխարհամատրան կամ ըստ ժողովրդական ավանդույթի՝ Կանաչ կիրակի անվան ներքո, որը նվիրված է Քրիստոսահիմն առաջին եկեղեցու հաստատմանը: Այսօր հիշատակվում է նաև իրավամբ բոլոր եկեղեցիների մայր կոչվող Տիրոջ Սուրբ Հարության Տաճարի նավակատիքը, որ մեծ հանդիսավորությամբ նշվել է դրա բացման առիթով և շարունակում է հիշատակվել մեր եկեղեցու կողմից:

«Աշխարհամատրան» բառը, որ կազմվել է «աշխարհ» և «մատուռ» բառերից, արդեն իսկ հուշում է, որ խոսքն աշխարհի քրիստոնյաների առաջին մատուռի կամ եկեղեցու մասին է, որ Վերնատանը հիմնադրվեց Եկեղեցու գլխի՝ Հիսուս Քրիստոսի կողմից: Այստեղ էր, որ առաջին անգամ, հենց Իր՝ Տիրոջ կողմից հաստատվեց Սուրբ Հաղորդության խորհուրդը, առանց որի չկա փրկություն և չկա քրիստոնեություն: Այստեղ էր, որ Իր հարությունից հետո Քրիստոս երևաց Իր աշակերտներին՝ հարության կենարար լույսով մխիթարելով նրանց վշտացած սրտերը: Այստեղ էր, որ Քրիստոսի աշակերտներն իրենց մեջ ընդունեցին Սուրբ Հոգին և այստեղ էին հավաքվում Երուսաղեմի առաջին քրիստոնյաները՝ միասնական աղոթքի կանգնելու, Քրիստոսի ավանդած ուսուցումները լսելու, սովորելու և գործի դնելու, Սուրբ Հաղորդության, Մկրտության խորհուրդներին և եկեղեցական կյանքին մասնակցելու, մի խոսքով այն ամենի համար, ինչ մինչ օրս շարունակում է կատարել Հայ Եկեղեցին, որ հիմնվեց Քրիստոսի առաքյալների կողմից: «Ինձ տրված է ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. Ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մտթ. 28:18-20),- այսպես պատվիրեց հարուցյալ Քրիստոս Իր աշակերտներին, որն էլ հիմք հանդիսացավ քրիստոնեական եկեղեցիների հիմնադրմանն ամբողջ աշխարհում:

Քրիստոսի առաքյալներն ու աշակերտներն իրենց վրա վերցրեցին մարդկության Փրկչի աշխարհ գալու և մահվանից նրանց փրկագնելու մասին բարի լուրը ողջ աշխարհին հայտնելու սրբազան առաքելությունը, և նրանց կողմից հիմնադրված եկեղեցիներն եղան այդ սքանչելի, կենարար, հույս պարգևող լույսի վսեմ կրողներն աշխարհի մեղավոր ու հեթանոս խավարում: Եկեղեցու շինությունը դարձավ կենդանի եկեղեցու անդամների հանդիպման վայրը, որտեղ բնակվեց Քրիստոս՝ Իր Սուրբ Հոգով և շարունակվեց պատարագվել յուրաքանչյուր մեղավորի փրկության համար: Եկեղեցին դարձավ այն վայրը, որտեղ մկրտության սուրբ ավազանից հոգով կրկին ծնունդ առան Աստծո որդեգիրները՝ սրբվելով ադամական մահացու մեղքից և ժառանգելով հավիտենական կյանքի անմար հույսը: Եկեղեցին դարձավ մեղքի հիվանդությունից տառապող հիվանդի և Երկնային Բժշկի հանդիպման վայրը, Որի սուրբ անվամբ բժշկվում են հոգու և մարմնի ախտերը, հալածվում դևերը, սպիանում մեղքերի թունավոր վերքերը: Եկեղեցին ապահով ապաստան դարձավ հոգով տկարացածների, փորձությունների մեջ մոլորվածների ու վշտերից դառնացածների համար: Հայ Եկեղեցու մայրական ծոցից ծնվեցին հայոց գրերն ստեղծողները և հենց այդ Եկեղեցին է, որ դարեր ի վեր, սեփական հողում, թե օտար ափերում պահպանում է հայոց լեզուն, հայ մշակույթն ու հայի ինքնությունը: Աստվածային սիրո վրա հիմնված և Քրիստոսի հարսը անվանվող Եկեղեցին է, որ հոգատար մոր պես անդադար աղոթում է համայն մարդկության փրկության համար և իր գիրկն է առնում դեպի իր սիրելի Փեսան դարձող հավատացյալ զավակներին, խնամում ու հոգ է տանում նրանց անմահ հոգիների առողջության ու փրկության մասին, և հավատարիմ ուղեկից դառնում մինչ նրանց երկրային կյանքի վերջնագիծը: Եվ անգամ նրանց մահվանից հետո չի դադարում աղերսել Ամենակալին նրանց հոգիներին ողորմելու և արդարացնելու համար:

Սակայն, ինչպես արդեն նշեցի և ամենքդ էլ գիտեք, սիրելի՛ հավատացյալներ, որ եկեղեցի կոչվածը լոկ շինությունը չէ, որտեղ հավաքվում ենք Քրիստոսի անունով ու Նրա սուրբ խաչի նշանի ներքո, այլ կենդանի անդամները՝ հոգևորականներն ու հավատացյալները, որ գործում են Եկեղեցու գլխի՝ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ: Արդ, պիտի հասկանանք, որ երբ խոսում ենք եկեղեցու, նրա պարտականությունների, գործունեության և առաքելության մասին, միայն շինության և դրա սպասավորների մասին չենք խոսում, այլ ձեզանից յուրաքանչյուրի, ով իրեն Քրիստոսի հետևորդ է համարում: Այսինքն, յուրաքանչյուր քրիստոնյա, որ եկեղեցին կազմող անդամներից մեկն է, չի կարող բավարարվել միայն եկեղեցի հաճախելով, պատարագներին կամ ժամերգություններին մասնակցելով և իր «հավատը» եկեղեցու պատերից ներս թողնելով՝ համարի, որ քրիստոնյայի իր առաքելությունն ավարտված է և շարունակի աշխարհիկ մարդկանց պես, և նույնիսկ նրանցից առավել, աշխարհիկ կյանքով ապրել: Ո՛չ, սիրելինե՛ր: Եկեղեցին ոչ միայն այս սրբազան պատերն են, այլև դուք ամենքդ: Ուր էլ գնաք, ինչ էլ անեք, միշտ պիտի գիտակցեք, որ դուք Աստծո եկեղեցու անբաժան մասն եք, որ քրիստոնյայի ձեր կյանքն այս պատերից ներս չի սկսվում ու ավարտվում, որ դրա զարկերակը ձեր սրտերի միջով է անցնում ու բաբախում, ուստի այս պատերից ներս լսածն ու սովորածը, որպես կենարար բալասան, կենսատու ջուր ու անմար կանթեղ ձեզ հետ աշխարհ պիտի տանեք ու կյանքի կոչեք՝ ի փառս Տեր Հիսուս Քրիստոսի:

Թող Տիրոջ հեզ ու խոնարհ, բայց միևնույն ժամանակ Աստծո սուրբ կամքը կատարելու մեջ հաստատակամ կերպարը, և Իր առաքյալների կազմած առաջին եկեղեցու միասնականությունը, անվեհերությունն ու նվիրվածությունը հրաշալի օրինակ հանդիսանան ձեզանից յուրաքանչյուրի համար, սիրելի՛ հավատացյալներ: Թող Սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսությամբ աստվածային անմար սերը ծլարձակի ձեր հոգիներում և բարի պտուղներ բերի ձեր քրիստոնեավայել ապրած կյանքերում: Քրիստոսի ուսուցումները թող որպես հոգնեցուցիչ ու ստիպողական խրատներ չհնչեն ձեր շուրթերից, այլ ձեր բարի վարքն ու առաքինի ընթացքը թող վկայեն եկեղեցուց ներս ունեցած ձեր հոգևոր ուրախության ու խաղաղության մասին: Ճշմարիտ քրիստոնյայի սքանչելի օրինակ եղեք ձեզ շրջապատողների համար, սիրելի՛ հավատավոր զավակներ, որպեսզի ձեր ունեցած սերը, ուրախությունն ու բարեպաշտությունը տեսնելով՝ մարդիկ ցանկանան եկեղեցի գալ և իրենք էլ հաղորդակից լինեն Աստծո օրհնությանն ու շնորհներին, որ Սուրբ Հոգու միջոցով առատապես բաշխվում է սրտով մաքուրներին ու հեզերին:

Արդ, միասնաբար աղոթենք և օրհնություն բարձրացնենք Ամենակալին, որ Իր անսպառ գթառատությամբ ողորմել է մեզ և մեր քայլերն ուղղել դեպի փրկության տապան՝ Սուրբ Եկեղեցի, և այժմ սրտի գոհությամբ միասին փառավորում ենք Ամենասուրբ Երրորդությանը, Որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

 

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

30.04.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․