Աշխարհիկ ուրախությունները նյութական ուրախություններ են

- Հա՛յր սուրբ, աշխարհիկ մարդիկ հաճախ են ասում, որ բոլոր բարիքներն ունենալով՝ դատարկություն են զգում:

- Իրական, մաքուր ուրախությունը Քրիստոսի մոտ ես ձեռք բերում: Աղոթքի ժամանակ Նրա հետ միավորվելով՝ հոգիդ լիանում է: Այս աշխարհի մարդիկ հաճույքների մեջ են ուրախություն փնտրում: Որոշ հոգևոր մարդիկ ուրախություն են փնտրում աստվածաբանական բանավեճերի, զրույցների և այլնի մեջ: Բայց երբ նրանց աստվածաբանական խոսակցություններն ավարտվում են, նրանք ունայնության մեջ են մնում ու հարց է ծագում, թե հետո ինչ անեն: Ինչով էլ, որ նրանք զբաղվելիս լինեն՝ մեղավոր, թե չեզոք ինչ-որ բանով, միևնույն է, արդյունքը նույնն է լինում: Ավելի լավ է քնելու գնային, որպեսզի առավոտյան թարմ ուղեղով աշխատանքի գնան:

Հոգևոր ուրախությունը չի այցելում այն մարդուն, ով իր սրտի աշխարհիկ ցանկություններն է կատարում: Այդպիսի մարդուն անհանգստությունն է այցելում: Հոգևոր մարդիկ անհանգստություն են զգում աշխարհիկ ուրախությունից: Աշխարհիկ ուրախությունը մշտական ու ճշմարիտ չէ: Դա ժամանակավոր, անցողիկ ուրախություն է, նյութական, այլ ոչ թե հոգևոր: Աշխարհիկ ուրախությունները մարդկային հոգին չեն «լիցքավորում», այլ միայն աղտոտում են: Հոգևոր ուրախություն զգալով՝ նյութականն այլևս չենք ցանկանա: «Կհագենամ՝ տեսնելով փառքը քո» (Սաղմ. 16:15): Աշխարհիկ ուրախությունը հոգևոր մարդու ուժերն է խլում, այլ ոչ թե վերականգնում է դրանք: Եթե հոգևոր մարդուն մի աշխարհիկ շքեղ բնակարանում բնակեցնես, նա այնտեղ չի հանգստանա: Աշխարհիկ մարդուն էլ միայն կթվա, թե հանգստանում է, բայց իրականում կտանջվի: Արտաքինից կուրախանա, բայց ներքին բավարարվածություն չի ունենա ու կտառապի:

- Դժվար է շնչել աշխարհիկ կարգերի մեջ:

- Այո, մարդիկ խեղդվում են, բայց հենց իրենք են այդ նեղությունն ուզում՝ ինչպես գորտն է ցատկում օձի բերանը: Օձը դարանակալում է ջրավազանի մոտ ու անթարթ նայում գորտին: Հափշտակությամբ օձին նայելով և ինքնատիրապետումը կորցնելով՝ գորտը հմայվածի պես ցատկում է նրա բերանը: Օձը թունավորում է նրան իր թույնով, որպեսզի չդիմադրի: Գորտն սկսում է ծղրտալ, սակայն եթե անգամ նրան օգնության գնաս և օձին մի կողմ քշես, միևնույն է, գորտը կսատկի, քանի որ արդեն թունավորված է:

- Հա՛յր, մարդիկ ինչո՞ւ են ուրախանում աշխարհիկ բաներով:

- Այժմյան մարդիկ հավիտենության մասին չեն մտածում: Անձնասիրությունն օգնում է նրանց մոռանալ, որ ամեն ինչ կորցնելու են: Նրանք կյանքի իմաստը դեռ չեն գիտակցել, չեն զգացել այլ, երկնային ուրախություններ: Այդ մարդկանց սիրտն ուրախությամբ չի ձգտում դեպի վեր: Օրինակ՝ մարդուն դդում ես տալիս: «Ի՜նչ հրաշալի դդում է»,- ասում է նա: Դու նրան արքայախնձոր ես տալիս: «Ի՜նչ սարսափելի թեփուկներ ունեն այս արքայախնձորները»,- ասում է ու մի կողմ նետում արքայախնձորը, քանի որ այն երբեք չի համտեսել: Կամ խլուրդին ասա. «Արեգակն ի՜նչ հիասքանչ է», նա կրկին հողի մեջ կմտնի: Նրանք, ովքեր բավարարվում են նյութական աշխարհով, թռչնի անխելք ձագուկների են նմանվում, որ անաղմուկ նստած են ձվի մեջ, չեն փորձում կճեպը կոտրել, դուրս գալ և ուրախանալ արեգակով՝ դեպի դրախտային կյանք երկնային թռիչքով, այլ անշարժ նստած մեռնում են ձվի կճեպի մեջ:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացի 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

25.02.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․