- Հա՛յր, ես դեռևս աշխարհում եմ ապրում և, եթե կարելի է, ասացեք, թե ինչպես կարող եմ հեռու մնալ աշխարհիկ զվարճություններից:
- Դրա մասին կարող ես հայր Իսահակի մոտ գտնել: Ուշադիր կարդա առաջին գլխի չորս առաջին տողերը և խորհիր կարդացածիդ մասին: Սուրբն ասում է. «Աստծու երկյուղը առաքինության սկիզբն է: Ինչպես ասում են՝ ադպիսի երկյուղը ծնվում է հավատից և սերմանվում մարդու սրտում, երբ նրա միտքը, հրաժեշտ տալով աշխարհիկ զվարճությանը, ժողովում է այս ու այն կողմ թափառող իր խորհուրդները, և տրվում այն ուսմանը, թե ինչ է ապագայում սպասվում հոգուն»: Ճիշտ է, նման հոգևոր աշխատանքի համար որոշակի նախադրյալներ են անհրաժեշտ, որոնք դու դեռևս չունես: Սակայն նման մի բան կարող ես այժմ էլ անել՝ աշխարհում գտնվելով: Իսկ հատկապես, երբ միտքդ պարապ է և զբաղված չէ աղոթքով, կամ երբ ուզում ես մի քիչ հանգստանալ դրանից, որովհետև աղոթքը սկզբում մի փոքր հոգնեցնում է, քանի որ ներսում դեռևս կրքեր են ապրում, ձգտիր աշխատանք տալ մտքիդ, որպեսզի բանսարկուն հնարավորություն չունենա իրենը ցանելու: Աշխատանքի տեսակներից մեկը, որ մարդ կարող է տալ իր մտքին այն հավաքելու համար, մահվան մասին հիշողությունն է: Սակայն քանի որ դուք՝ կանայքդ, հուսահատվելու, տրտնջալու և բախտից դժգոհելու առիթ եք փնտրում, ապա ավելի լավ է մշտապես մտքում ունենալ և անընդհատ մտածել Նոր Կտակարանի իրադարձություննի մասին: Սկսիր Ավետումից և ավարտիր Խաչելությամբ, և միտքդ թող մշտապես դրանց շուրջը պտտվի: Երբ միտքդ հասնի նրան, որ միայն այդ սրբազան իրադարձությունների շուրջը պտտվի, այնժամ ներքին փոփոխություն տեղի կունենա, և դա կլինի քո հարությունը:
- Հա՛յր, ինձ շատ են դուր գալիս շարականի հետևյալ տողերը. «Քո խոցված կողից, Կյանքի պարգևատու, կյանք ու փրկություն բխեցրիր բոլորի համար»:
- Մի՞թե դրանք կարող են դուր չգալ: Երբ միտքդ Խաչին է հայում, Քրիստոսի «խոցված կողին», գամերին, քացախին և ընդհանրապես այն ամենին, ինչ Քրիստոսի չարչարանքներին է առնչվում, որ Նա կրեց հանուն մեզ, զարմանքից քար է կտրում և չի շեղվում ուրիշ ոչնչով: Այնժամ հոգին առանց ցրվելու աղոթում է խաչյալ Քրիստոսին իր համար, մյուս բոլոր հոգիների՝ ողջ և հանգուցյալ, որպեսզի Քրիստոս, որ խոցվեց բոլորիս փոխարեն, ողորմի իրենց: Միտքն ասես անհնազանդ, անդադրում, անմեղսագիտակ երեխա լինի, որ ուզում է անվերջ այս ու այն կողմ թափառել ու չարաճճիություն անել: Սակայն մեր կյանքն ու փրկությունը նրանից են կախված: Եթե կարողանանք այն հնազանդեցնել, դաստիարակել, ապա այն կհանդարտվի ու կդառնա լավն ու հլու-հնազանդ: Ուստի, հնարավորինս թույլ մի՛ տվեք, որպեսզի միտքը պարապ թրև գա: Մարզե՛ք այն հոգևորապես, սովորեցրե՛ք լինել տանը՝ դրախտում, իր Հոր և Աստծու կողքին:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը