Գրքեր

Աստված մեր ապավենն է

«Աստված մեր ապավենն է» (Սաղմ. 61.7-8)

Եթե տխուր հոգեվիճակով ենք ապրում, նշանակում է ամբողջովին մեզ Աստծո կամքին չենք հանձնել: Ով ապրում է Աստծո կամքով, նա չի անհանգստանում, տագնապում, վհատվում և հուսահատվում, որովհետև հասկանում է, որ յուրաքանչյուր պարագա, իրողություն իր կյանքում` թե՛ լավ, թե՛ վատ, կատարվում է հանուն իր հոգու փրկության, որպեսզի կարողանա պատրաստ լինել մտնելու հավիտենական կյանք: Եթե ինչ-որ բանի կարիք ունի, նա իրեն հանձնում է Աստծու կամքին ու ամբողջությամբ վստահում Երկնավոր Հորը: Եթե նույնիսկ այդ խնդրանքը չի իրագործվում՝ չի տխրում, այլ խաղաղությամբ մնում է այն ներդաշնակ հոգեվիճակում, կարծես թե արդեն ստացել է իր խնդրանքը, որովհետև այդպիսի անձնավորության համար կարևորն Աստծո հետ լինելն է, Նրա ներկայության մեջ մնալը: Այն անձը, ով իրեն հանձնել է Տիրոջ կամքին, որևէ բանից չի վախենում և չի ընկրկում որևէ սպառնալիքից: Ինչ պատահում է, նա ասում է` ուրեմն այդպես էր անհրաժեշտ, այդպես է Աստծո կամքը, նշանակում է այդ ամենի մեջ որևէ հոգեշահ իմաստ գոյություն ունի, որը կարող ենք ներկայումս չընկալել, բայց ժամանակի ընթացքում տեսնել դրա հոգևոր պտուղները: Եթե հիվանդության առջև է կանգնել, նա մտածում է, թե Աստված ինձ հիվանդություն է տվել ինչ-որ հոգևոր նպատակի համար, հակառակ դեպքում դա չէր պատահի: Այդպես իր հոգում և մարմնում պահպանում է խաղաղությունը և հոգևոր խնդությունը, որոնք մարդուն հաղորդում են ուժ, զորություն, կարողություն՝ կյանքը շարունակելու, ապրելու, հուսալու, պայքարելու և աստվածային լույսի մեջ լինելու ու այդ լույսով փայլատակելու համար, սակայն մեզ ծանրաբեռնում ենք մեր հոգսերով, տկարություններով: Մերձավորները նույնպես մեզ հետ կիսվում են իրենց խնդիրներով: Քանի որ կրում ենք Աստծո պատկերը, չենք կարող անտարբեր լինել մերձավորների խնդիրների հանդեպ: Եթե մեր հոգում աստվածադրոշմ նույնիսկ փոքր սեր է առկայծում, ապա ուշադիր լսում ենք նրանց, և թեկուզ մտածումներով մասնակից լինում այդ խնդիրներին, կարեկցում, հոգով ցավ ենք ապրում նրանց տառապանքների համար, և այդ ամենը համակում է մեր հոգին: Այնուամենայնիվ, պետք է ազատվել մեր ուժերից վեր բեռներ կրելուց, որովհետև միայն Տերն է ունակ տանել այդ ծանրությունները: Նա մեզ ասում է. «Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. 11․28): Անհրաժեշտ է շարունակաբար աղոթական կյանքով ապրել և մշտապես հաղորդակից լինել Երկնային Նախախնամությանը: Այդ ժամանակ կզգանք հոգու թեթևություն և Աստծո օգնությունը: Մենք պետք է աղոթենք մեր մերձավորների համար, որպեսզի Աստված նրանց օգնի, այլ ոչ թե մերձավորների հոգսերի և խնդիրների բեռը վերցնենք մեզ վրա, քանի որ կարող ենք այդ ծանրությանը չդիմանալ, սպառվել ու չկարողանալ ներդաշնակ կյանք ապրել` մյուս կողմից էլ զարմանալով, թե ինչու է այդպես պատահում: Ամեն ինչ պետք է հանձնենք ամենակարող Երկնավոր Հորը: Երբ ամբողջ սրտով աղոթում ենք Աստծուն, մեր ամբողջ անհանգստությունը և մերձավորների դժվարությունները հանձնում ենք Նրա կամքին, և այդժամ ազատվում ենք հոգու ծանրությունից: Եվ զգում ենք, որ իսկապես ազատ ենք, որովհետև մեզ հանձնել ենք Տիրոջ կամքին, որպեսզի Նա ամեն ինչ կարգավորի: Եվ եթե այդպես ապրել չսովորենք, օրեցօր կմխրճվենք հոգսերի մեջ և կգա մի պահ, երբ նույնիսկ չենք կարողանա խոսել մեր մերձավորների հետ, չենք կարողանա դիմակայել մարտահրավերներին, ինչպես նաև մերձավորներին անկարող կլինենք օգնել, ինչքան էլ ուզենանք: Եվ այդ անկարողության պատճառով սրտով ավելի կտառապենք: Դրա համար անհրաժեշտ է մի կողմ թողնել այդ ծանրոցները և անմիջապես դիմել Աստծուն, ամբողջովին վստահել Նրան: Եվ մեր ու մերձավորների խնդիրները հանձնել Արարչին, որպեսզի դրանց լուծում տրվի: Ի՞նչ կարող ենք անել ինքներս, երբ մեր հոգում չենք կարողանում պահպանել խաղաղությունն ու ներդաշնակությունը ու չենք կարողանում ինքներս մեզ կարգավորել: Տերը մեզ ասում է, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որպեսզի մեր սիրտը չծանրաբեռնենք սննդի, հագուստի և հոգսերի, այս աշխարհի խնդիրներով (Մատթ. 6.25-34): Բայց մենք շարունակ այդ ծանրությամբ քայլում ենք և դեռ ավելին` ամբողջովին ապագայի հոգսով ապրում: Մեր Տերն անսահման և անպատմելի սեր է: Առաքյալն Աստծո սիրո մեծության մասին մեր հանդեպ նշում է. «Տեսեք ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ» (Ա Հովհ. 3:1): Պետք է անկեղծ լինենք Երկնավոր Հոր հանդեպ: Նա տեսնում է մեր սրտի իրական դիտավորությունները (Սաղմ. 7.10): Անհրաժեշտ է Աստծո հետ լինել մշտապես, որովհետև Նա շարունակ մեզ հետ է: Աստված կատարյալ է և իր կատարյալ սիրով մեզ գրկում է և պահպանում: Մեզ միշտ թվում է, թե Աստծո սերը մեզանից հեռու է, թե Աստված հեռու-հեռու մի վայրում է: Բայց իրականում այդպես մտածելով ինքներս ենք հեռանում Նրանից: Նա չէ, որ հեռանում է մեզանից, այլ մենք ինքներս ենք այդպես վարվում: Եթե ունենայինք ամուր հավատք առ Աստված, նրան անկեղծորեն որպես բարեկամ կմոտենայինք (Հովհ. 15.14-15): Բայց Նրան այդպես չենք մոտենում, այլ կողմնակի կերպով, պաշտոնական և երբ աղոթում ենք և փորձում ենք ինչ-որ դրական, բարի գործ կատարել, կարծես թե ինչ-որ ծառայություն, պարտավորություն ենք մատուցում և դրա համար հոգու խորքում Աստծուց սպասում որևէ ակնկալիք, նույնիսկ որևէ պահանջ ենք ներկայացնում: Իսկ Նա մեզանից սպասում է հայր-որդի փոխհարաբերություն և պարզ քայլեր: Աստված ինչպես մեզ ստեղծել է, այդպես պետք է մոտենալ Նրան, այսինքն` մոտենալ որպես որդիներ: Աստծուն հաճելի են մեր բոլոր բարի գործերը, բայց առաքյալն ասում է. «Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ» (Ա Կորնթ. 13.2): Արդ, ամենից հաճելին Տիրոջ առջև մեր հոգում աստվածային սիրո ծաղկուն պտուղն ունենալն է: Եվ յուրաքանչյուր անձ կարող է ունենալ այդ սերն իր սրտում: Դա ամենից սպասելի ակնկալիքն է, որ Աստված ակնկալում է, որ ունենանք ու Ավետարանում պատգամում է. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք» (Հովհ. 13.34)։ Նա միշտ անդրադառնում էր այդ թեմային և ասում մեզ այն մասին, թե ինչպես մոտենալ Ծնողին ամբողջ սրտով, հոգով, զորությամբ և մտքով (Ղուկ. 10.27-28): Բայց մեր ներսում շատ աղտ ու անմաքրություն է առկա: Սակայն Նա ուշադրություն չի դարձնում դրանց վրա, երբ մոտենում ենք սրտի կանչով, միանգամից ընդունում է մեզ, ինչպես հայրը դիմավորեց իր անառակ որդուն (Ղուկ.15.11-32): Երբ ինչ-որ բանի մեջ մեղք ենք գործում ծնողի առջև, ապաշխարության միջոցով միևնույն ժամանակ կարողանում ենք վերադառնալ դեպի Նա: Քանի որ մենք չունենք համապատասխան ուժերը, պետք է դիմենք Նրան, ինչպես մաքուր սրտով ու բարի մտքով երեխաներն են դիմում իրենց ծնողին: Մեր աղոթքներում պետք է խնդրենք Աստծուն մեզ սովորեցնել սիրել այնպես, ինչպես սբ. Աստվածածինն ու հրեշտակներն են սիրում և հավատում Նրան: Թեև կարդում ենք, լսում, բայց չենք հասկանում, քանի որ քրիստոնյա չպետք է լինել ձևի մեջ` կրելով չար մտքեր, բարկություն, ագահություն և այլ մեղքեր: Մենք նման ենք կոտրված հայելու, որտեղ հոգևոր պատվիրանները մասնատված և կցկտուր են արտացոլվում: Յուրաքանչյուրը ստանում է այնքան, որքանով այդ կոտրված հայելին բացահայտում է և արտացոլում: Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոս եկավ այս աշխարհ, որպեսզի այդ կոտրված հայելին կրկին ամբողջանա և մարդու ներսում ամբողջապես Աստծուն արտացոլի ու մեզ հավիտենական ուրախություն պարգևի:

 

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

15.01.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․